«Արմատ մեդիա»-ում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն․ ՄԻՊ

«Արմատ մեդիա» լրատվամիջոցում հունիսի 5-ին իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։

«Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագրությունում իրականացրել են խուզարկություն՝ ներկայացնելով դատարանի համապատասխան որոշումը։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ դատարանի որոշումների իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալը Պաշտպանի լիազորությունների շրջանակից դուրս է։

Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագիր Աղավնի Սուքիասյանի հետ։

Ստացված տեղեկությունների ամփոփմամբ` իրականացված գործողությունների իրավական հիմքերի և դրանց ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմնիններից։

Ստացված տեղեկությունների և իրավասու մարմինների տրամադրած պարզաբանումների հիման վրա հարցը կդիտարկվի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր։

Նկատի ունենալով խոսքի և լրատվական գործունեության ազատության կարևորությունը ժողովրդավարական պետության ամրապնդման տեսանկյունից` հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։

Հանրային նշանակություն ունեցող նոր տեղեկությունների առկայության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930