Արևմուտքին անհետաքրքիր դարձան առևտրի ընդհանուր կանոնները, երբ սկսեց պարտվել. Պուտին

Եվրոպական էլիտաները քաոս են հրահրում` փորձելով դրա մեջ ներքաշել նորանոր երկրների։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում։

«Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ցնցումներ են ապրում էներգետիկ շուկաները, ինչպես է լարվածություն հրահրվում առանձին տարածաշրջաններում` նախևառաջ Մերձավոր Արևելքում, ինչպես է իրականացվում եվրոպական վարչարարների անհեռատես քաղաքականությունը, որն ուղեկցվում է ագրեսիվ հռետորաբանությամբ և հանգեցնում է համաշխարհային տնտեսությունում Եվրոպայի դիրքերի հետագա կորստին։ Բացի այդ, խաթարվում է տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը», – ասել է Պուտինը։

Նրա դիտարկմամբ` երբ արևմտյան երկրներին ձեռնտու էր՝ նրանք բոլորին կանչում էին Առևտրի համաշխարհային կազմակերպություն, իսկ երբ Արևմուտքը սկսեց պարտվել, գործի դրվեցին միակողմանի կանոններն ու պատժամիջոցները։

Արևմտյան պատժամիջոցները փաստացի արժեզրկեցին ԱՀԿ ինստիտուտը, խարխլեցին նրա նկատմամբ վստահությունը։ Ռուսաստանի միջազգային պահուստների գողությունը բացասաբար է ազդել դոլարի և եվրոյի վրա։

Պուտինի խոսքով՝ բոլոր երկրները, ինչպես և Ռուսաստանը, կարող են զրկվել դոլարով և եվրոյով իրենց օրինական ակտիվների հասանելիությունից:

Ռուսաստանի նախագահը փաստել է՝ այժմ աշխարհն ապրում է ամենամեծ կառուցվածքային վերափոխումը: ՌԴ-ն դիտարկվող գլոբալ խնդիրները գնահատում է ոչ միայն որպես սպառնալիք, այլ նաև որպես վիթխարի հնարավորություններ։

«Ռուսաստանը լիովին զգում է այդ փոփոխությունները. մեր երկրի նկատմամբ ճնշումները պահպանվում են, բայց դրա հետ մեկտեղ մանևրելու համար ավելի լայն տարածություն և նոր գործընկերություններ ունենք, յուրացնում ենք նոր ֆինանսական ու տեխնոլոգիական լուծումներ և ավելի հեռանկարային շուկաներ։ Այսպիսով, Ռուսաստանը գլոբալ փոփոխությունները գնահատում է ոչ միայն որպես սպառնալիք, այլև որպես վիթխարի հնարավորություններ», – ասել է նա։

Ռուսաստանի նախագահի տվյալներով` վերջին հինգ տարում գլոբալ ՀՆԱ-ի տարեկան աճի գրեթե կեսն ապահովել են ԲՐԻԿՍ–ի երկրները։

«Եթե դիտարկենք վերջին հինգ տարվա համաշխարհային ՀՆԱ–ի դինամիկան, ապա դրա տարեկան աճի գրեթե կեսը՝ 49 %-ը, ապահովել են ԲՐԻԿՍ-ի պետությունները, այն դեպքում, երբ այսպես կոչված «Մեծ յոթնյակի» ներդրումը գնահատվում է 18 %», – ասել Է Պուտինը:

Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ 2021-2025 թվականներին համաշխարհային տնտեսության աճի պայմաններում (տարեկան միջինը 4,1 % – ով), 2 %-ն ապահովվել է ԲՐԻԿՍ–ի երկրների կողմից։

Նրա կարծիքով՝ համաշխարհային տնտեսությունում ԲՐԻԿՍ-ի առաջնորդությունն աճել է և կշարունակի աճել։

Պուտինի տեսանկյունից աշխարհն ավելի արդար է դառնում, երբ տնտեսական աճն ընդգրկում է ավելի մեծ թվով երկրներ։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը բաց է նրանց համար, ովքեր հետաքրքրված են այդ երկրի հետ աշխատելով։

«Մենք միշտ բաց ենք նրանց համար, ովքեր հետաքրքրված են մեր երկրի հետ աշխատելով, պատրաստ են հավասար փոխշահավետ համագործակցության։ Համոզված ենք, որ միմյանց լսելու, յուրաքանչյուր կողմի շահերը հասկանալու, ընդհանուր լուծումներ գտնելու շնորհիվ կա զարգացման ներդաշնակ ճանապարհ», – ասել է Պուտինը նիստի ընթացքում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կամրապնդի սեփական կրիտիկական ենթակառուցվածքը և կոոպերացիայի մեջ կմտնի միայն այն գործընկերների հետ, որոնք հարգում են պարտավորությունները։ Օրինակ` Չինաստանի հետ:

ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին դրան անդամակցել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը: 2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են ևս մի շարք երկրներ։ Միավորման կազմում այժմ ընդգրկված են 10 երկրներ՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Ինդոնեզիան և Եթովպիան:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 3-6-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930