Սրանք մեր հայրենիքի, մեր երեխաների կյանքի գողերն են, և եթե վերընտրվեն, Հայաստանն էլ գոյություն չի ունենա․ Աննա Մկրտչյան

Անկասկած, ինչպես 2021-ին, հիմա էլ գոյության պայքար է։ Կլինե՞նք մենք՝ որպես պետություն, Հայաստանը կլինի՞ քարտեզի վրա, կմնա՞, թե՞ չի մնա՝ հունիսի 7-ին այդ հարցն է որոշվելու։ 44-օրյա պատերազմից հետո վերընտրվեցին նրանք, ովքեր մեղավոր էին մեր այս ամբողջ ողբերգության համար։ Մենք ամեն օր ավելի ու ավելի ենք մոտենում վերջնակետին։ Ամեն օր թվում է, թե մենք արդեն իջել ենք հատակը, էլ տեղ չունենք, բայց արի ու տես, որ ամեն օր հատակի տակից մեկը թակում է, ու մենք նորից ենք իջնում ներքև։ Մենք մեծ արագությամբ գլորվում ենք անդունդը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը:

«Սա վերջին հնարավորությունն է, որովհետև եթե վերընտրվեն երրորդ անգամ, միգուցե Հայաստանն էլ գոյություն չունենա։ Հունիսի 7-ին որոշվելու է երիտասարդների ճակատագիրը, ապագան, նրանք պիտի տեր կանգնեն դրան, եթե ուզում են հայ մնալ, պահել իրենց ինքնությունը։ Հինգ-վեց տարի առաջ հենց նրանց հասակակիցները զոհվեցին այս հողի համար։ Որևէ տարբերություն չկա՝ Արցախի՞, թե՞ Հայաստանի բնակիչ ես։ Ընտրելը երիտասարդության պարտքն է, որովհետև մենք բոլորս գոյություն ունենք և դեռ Հայաստանում ենք հենց կռված ու զոհված տղաների շնորհիվ»,- ասաց հերոսածին մայրը:

«Ցավոք սրտի, զոհերի մոլորյալ ծնողներ կան։ Ամո՛թ այն ծնողին, որն այսքանից հետո կարող է գնալ ու երրորդ անգամ քվեարկել ներկա իշխանությունների օգտին։ Ոմանք ասում են՝ ներել են, կամ խեղճ մարդու գրպանն են գցել։ Խեղճ մարդն իրավունք չունի երկրի գլխին կանգնելու։ Եթե ինքն այդքան խեղճ է, ի՞նչ է անում այդտեղ։ Դա անընդունելի մեկնաբանություն և արդարացում է։ Չպիտի՛ լիներ այդ պատերազմը։ Այս ամենն անհնար է նրանց ներել։ Երբ սա ասաց, որ կունենայինք նույն արդյունքը՝ առանց զոհերի, դրանից հետո փողոցներում պիտի ոտք դնելու տեղ չլիներ»,- նշեց Մկրտչյանը:

Կարդացեք նաև

Հերոսածին մոր պնդմամբ՝ Փաշինյանը վերջերս ասաց՝ մենք գնացել ենք գիտակցված զոհաբերության, բայց իրեն հարցրե՞լ է, որ իր որդուն տարել է զոհաբերության սեղան.

«Քեզնից, քո տղայից սկսեիր։ Դուք ձեզանով օրինակ ծառայեիք, մյուսներս էլ կմտածեինք, կտեսնեինք՝ մենք էլ գնա՞նք այդ գիտակցված զոհաբերությանը։ Ո՞վ եք դուք, որ ձեզ իրավունք եք վերապահում որոշելու մեր երեխաների ճակատագիրը։ Սրանք մեր հայրենիքի, մեր երեխաների կյանքի գողերն են, մեր տղաներին և նրանց երազանքները սպանողներն են։ Խոսքը միայն զոհվածների մասին չէ։ Մեծաքանակ վիրավոր տղաներ կան, որոնց կյանքը նույնպես խեղվել է։ Սա գիտակցված զոհաբերություն էր, որ ի՞նչ լինի»:

«Սրանց արտաբերած բառերն իրենց իմաստը կորցնում են, ի՞նչ ինքնիշխանություն։ Այսինքն՝ թուրքի տակ մտնելը, թուրքի ենթակայությամբ ապրելն ինքնիշխանությո՞ւն է։ Սրանք դրան են տանում։ Այն տնտեսական սանկցիաները, որոնց մենք հիմա առերեսվում ենք, իրենք հատուկ արեցին։ Դա զանգ է, նախազգուշացում Ռուսաստանից, որ հասկանանք՝ ինչ է մեզ սպասում։ Սրանք դիլետանտ չեն, ամեն ինչ հասկանալով և նպատակադրված են անում։ Իրենց բնույթն է՝ մանիպուլացնել բոլորին։ Ինչ ասում են, մի քանի օր հետո դրա ճիշտ հակառակն են պնդում։ 44-օրյա պատերազմի անվանացանկը չեն հրապարակում, որ բոլորիս այսպես կախված վիճակում պահեն»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930