Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Ադրբեջանը հերքել է ամերիկյան CNN հեռուստաընկերության հրապարակման մեջ տեղ գտած պնդումները, թե իր տարածքն օգտագործվել է Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական գործողությունների համար, և պահանջել է հերքել հրապարակված տեղեկությունը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Ադրբեջանական կողմը բազմիցս հերքել է նման պնդումները։ Մեր դիրքորոշումը նախապես պաշտոնապես փոխանցվել էր CNN-ի խմբագրությանը՝ համապատասխան հարցմանն ի պատասխան։ Նման անհիմն և չհաստատված պնդումները ապատեղեկատվության հերթական փորձն են», – նշել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Բաքուն ակնկալում է, որ CNN-ը կհերքի հոդվածը, որը, Ադրբեջանի ԱԳՆ-ի գնահատմամբ, պարունակում է չհիմնավորված պնդումներ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է, որ երկրի տարածքը չի օգտագործվում որևէ պետության դեմ ռազմական կամ հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով։
CNN-ը հունիսի 5-ին, հղում անելով չորս աղբյուրի, հայտնել էր, որ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանում գաղտնի տեղակայել էր ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ՝ Իրանի ուղղությամբ գործողություններին աջակցելու նպատակով։ Լրատվամիջոցի տվյալներով՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում, այդ թվում՝ Իրանի սահմանին մոտ գտնվող հատվածներում։



