Շուկան հարթում են թուրքական գյուղմթերքի համար

Իշխանության երեսից տուժում է գյուղացին։ Աշխատել է, չարչարվել, քրտիք է թափել, բերք է աճեցրել այն հույսով, որ կարողանալու է իրացնել ու հոգալ իր հոգսերը, բայց իշխանության մեղքով կանգնել է անելանելի դրության առաջ։

Ներքին շուկայի սպառման ծավալները փոքր են, իսկ արտահանման հնարավորությունը, իրացման հիմնական շուկայում, փակվել է, որովհետև իշխանությունները որոշել են, որ կարող են շուստրիություն անել՝ օգտվել մի տնտեսական միության բարիքներից, բայց գնալ այլ տնտեսական միություն։

Ամեն բացվող օրվա հետ գյուղացին վնասներ է կրում, իսկ իշխանությունը հեքիաթներով, ստերով ու հույսով է փորձում մարդկանց կերակրել։

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ռուսական շուկան փակվում է հայկական մի շարք գյուղմթերքների համար, էկոնոմիկայի նախարարը խորհրդակցություն հրավիրեց խոշոր ջերմոցատերերի  մասնակցությամբ։ Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել է ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները։

Կարդացեք նաև

Ընթացիկ խնդիրները, բնականաբար, վերաբերել են արտահանմանը։ Նախարարը հերթական անգամ արտահանման դիվերսիֆիկացիայից է խոսել՝ նշելով, որ ավանդական շուկաներին զուգահեռ՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ։ Ինչպե՞ս, այլ հարց է։ Դանակը ոսկորին է հասել, նոր հիշել են, որ պետք է մտածել գյուղմթերքի իրացման համար այլ շուկաներ գտնելու մասին։ Մի բան, ինչը ոչ մեկ օրում, ոչ էլ մեկ ամսում հնարավոր չէ անել։ Տարիների աշխատանք է պետք դրա համար։ Ու դեռ հարց է, դրանից հետո էլ հնարավոր կլինի՞ մտնել նոր շուկաներ, թե՞ ոչ։

Տարիներ շարունակ ոչինչ չեն արել դրա համար, ու հիմա, երբ իրենց քաղաքական խաղերի պատճառով գյուղացին բախվել է անելանելի խնդիրների հետ, հիշել են այլ շուկաների մասին։ Իսկ այդ շուկաներում ոչ մեկը Հայաստանին ու հայկական գյուղմթերքները չի սպասում։

Որ արտահանման այլ շուկաներում իրացնելու հնարավորություններ ստեղծելու առումով ոչինչ չեն արել, վկայում է թերևս այն, որ հայկական գյուղմթերքի 85-90 տոկոսը մինչև հիմա արտահանվել է Ռուսաստան։ Սա բացահայտ կախվածություն է մեկ շուկայից, որը եղել է տարիներ շարունակ։ Բայց տարիներ շարունակ ոչինչ չեն արել այդ կախվածությունը թուլացնելու համար։ Եթե անեին, հիմա այս վիճակը չէր լինի։

Շուկան փակվել է, գյուղացին կանգնել է փաստի առաջ, աճեցրած բերքը փչանում է, նոր հիշել են գյուղմթերքի արտահանման դիվերսիֆիկացիայի մասին։

Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ։ Կարծես հայտնագործություն է անում, պարզ է, որ այսպիսի «անհարմար» իրավիճակում չհայտնվելու համար, պետք է ունենալ այլընտրանքային շուկաներ։ Բայց ոչ թե հիմա, վաղուց էր պետք ունենալ այդ այլընտրանքային շուկաները։ Իսկ ո՞ւր են իշխանությունների ստեղծած այլընտրանքները։

8 տարում այլընտրանք չեն ստեղծել, երբ գյուղացին այլևս փաստի առաջ է, այլընտրանքներ գտնելուց են խոսում։ Կարծես այդ այլընտրանքների մասին ուրիշները պիտի մտածեին։ Էկոնոմիկայի նախարարն այնպիսի մեծամտությամբ է խոսում արտահանման այլ շուկաներ մտնելու մասին, կարծես այդ շուկաներում կազմ-պարտրաստ մեզ են սպասում։

«Եթե ռուսական շուկայում սահմանափակումներ կիրառվեն, Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն»,- չգիտես՝ իրե՞ն, թե՞ գյուղացուն է հույս տալիս էկոնոմիկայի նախարարը։

Եթե պատրաստ է, ինչո՞ւ մինչև հիմա չէիք արտահանում։ Ամեն ինչում ճոռոմ-ճոռոմ խոսելուց բացի, այդպես էլ այլ բան չկարողացան անել։

Մինչև հիմա չեն կարողացել գյուղմթերք մատակարարել ԵՄ շուկաներ, 1 օրում բոլոր հարցերը հանկարծ լուծեցին։

«Հայաստանի կառավարությունն արդեն հաշվարկել է այն սուբսիդիաների ծավալը, որը կպահանջվի դեպի Եվրամիության երկրներ հայկական այն արտադրանքի արտահանման համար, որը կարող է սահմանափակումների բախվել ռուսական շուկայում։ Իշխանություններն արդեն քննարկել են ագրարային ոլորտի ներկայացուցիչների հետ եվրոպական շուկա մուտք գործելու հիմնական խոչընդոտները։ Որակի և արտադրության ծավալների հետ կապված հարցերը լուծված են, իսկ գլխավոր մարտահրավերը մնում է լոգիստիկ ծախսերի բարձր մակարդակը։ Այդ պատճառով կառավարությունը դիտարկում է դեպի Եվրամիություն արտահանվող արտադրանքի համար տրանսպորտային և մաքսային ծախսերի սուբսիդավորման մեխանիզմներ»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Ո՞ւմ են ձեռք առնում։ Եթե ամեն ինչ այդքան հեշտ էր, ինչո՞ւ մինչև հիմա չէիք լուծում։ ԵՄ-ում աչքները սառեցրած չեն սպասում հայկական գյուղմթերքին։

Պարզ է, որ այս ամենն ընդամենը նախընտրական մանևր է։ Ընտրություններից առաջ փորձում են հանգստացնել գյուղացուն, թե իրացման խնդիրները լուծել են։

Ոչ մի խնդիր էլ չեն լուծել ու ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն շարունակեց մնալ իշխանության, այդ խնդիրներն ավելի են սրվելու։ Այսօր դեռ ընդամենը գյուղմթերքի իրացման շուկան է փակվելը։ Վաղը, երբ գազը թանկանա, ինչպե՞ս են դրա տակի դուրս գալու ջերմոցային տնտեսությունները։ Գյուղմթերքների ինքնարժեքը կտրուկ բարձրանալու է՝ իրացման նվազագույն հնարավորություններն էլ, որն այսօր որոշ շուկաներում ունի հայկական գյուղատնտեսության արտադրանքը, կորցնելու է։

Թե՞ գազի գներն էլ եք սուբսիդավորելու։

Սա կործանարար ընթացք է, առաջին հերթին՝ ջերմոցային տնտեսությունների համար։ Անխտիր բոլորը սնանկանալու են ու մնան վարկերի տակ։ Սեփական գույքով ու ունեցվածքով են հատուցելու դրա դիմաց։

Գյուղացուն կանգնեցրել են փաստի առաջ, չի կարողանում իր աճեցրած բերքն արտահանել, ասում են՝ Երևանում փոքր շուկաներ ենք բացում, տարեք վաճառեք։ Չեն հասկանում, որ խնդիրը ոչ թե վաճառելու, այլ պահանջարկի մեջ է. Ներսում այդքան պահանջարկ չկա, ինչը նշանակում է, որ գյուղացին բախվելու է նույնիսկ իր ծախսերը հետ ստանալու խնդրի հետ։

Ի՞նչ է լինելու սրա վերջը. Լինելու է այն, որ ջերմոցատերերը սնանկանալու են, գյուղացիների մի ստվար զանգված դադարելու է հող մշակել, գյուղմթերք արտադրել։ Իսկ հայկական գյուղմթերքին փոխարինելու է ներմուծվողը։ Սա ուղիղ ճանապարհ է, որն այս իշխանությունները հարթում են Հայաստանի շուկայում թուրքական գյուղմթերքի համար, որի հետ հայկական գյուղմթերքը չի կարող մրցակցել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930