Սա նախընտրական կաշառք է, հարկատուների մի մասի հաշվին փոխհատուցում է տրվում հասարակության այլ ներկայացուցիչների. Հայկ Ֆարմանյան

Երեկ Կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց փոխհատուցում տալ այն անձանց, ովքեր այս ընթացքում չեն կարողանում իրենց լոլիկը, պղպեղը և ելակն արտահանել Հայաստանից։ Որոշումը, սակայն, վերաբերում է առաջիկա մեկ ամսվան, թե ինչ կլինի  գալիք ամիսներին՝ Կառավարությունը որևէ լուծում չառաջարկեց։

Այս ամենին զուգահեռ, երեկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ քննարկել են Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին:

«Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական ճնշում, և դա անընդունելի է։ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ»,– նշել է Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ փաթեթը ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով. «Որոշ հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղատնտեսական սննդամթերքի, առևտուրը մեղմելու միջոցառումների վերաբերյալ։ Եվ տուժած ոլորտների, ինչպիսիք են հայկական ծաղիկները, գործնական աջակցության վերաբերյալ»:

Կարդացեք նաև

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի խոսքով՝ ԵԱՏՄ և ԵՄ շուկաները տարբեր բաներ են և հայկական արտադրանքի պահանջարկի տեսանկյունից՝ տարբեր իրավիճակներում են։

«ԵՄ ստանդարտներն այնպիսին են, որ հայկական արտադրանքի նկատմամբ գործնականում պահանջարկ չկա. այդ ծավալներն այնքան փոքր են, որ համարժեք են չլինելուն՝ պահանջարկի տեսանկյունից»,- 168.am հետ զրույցում ասաց Հայկ Ֆարմանյանը։

Ինչ վերաբերում է Կառավարության վերջին որոշմանը, այսպես կոչված, փոխհատուցման մասին, Հայկ Ֆարմանյանի կարծիքով՝ սա նախընտրական կաշառք է, որովհետև հարկատուների մի մասի հաշվին փոխհատուցում է տրվում հասարակության այլ ներկայացուցիչների։

«Եթե ավելի մատչելի լեզվով ասեմ, ապա ասում է, որ՝ ես քեզ գումար եմ տրամադրում քո լոգիստիկայի, համապատասխան մաքսազերծման համար, ուր ուզում ես՝ արտահանիր։ Հիմա եթե քո ապրանքը չունի պահանջարկ, որքան էլ ուզում են բյուջեից ֆինանսավորեն՝ դա երկար կյանք չի ունենա, այսինքն՝ դու անվերջ չես կարող տնտեսվարողներին ֆինանսավորել, դու արտադրանքի իրացման շուկաներ գտիր։

Վերցնենք, օրինակ, մեր գինիները, գինին պետք է պահանջարկ ունենա իտալական, ֆրանսիական շուկաներում կամ եվրոպական մեկ այլ շուկայում։ Հիմա, եթե այդ ապրանքը պահանջարկ չունի, ինչքան էլ ֆինանսավորեն՝ հարցը չի լուծվելու։

Միշտ ասել ենք, որ եթե Կառավարության նպատակը մեր արտահանման դիվերսիֆիկացիան է, ապա պետք է դիվերսիֆիկացնեն ոչ միայն եվրոպական ուղղությունը, այլև արաբական երկրներ, Չինաստան, Վիետնամ, Կորեա և այլն»,- հավելեց Հայկ Ֆարմանյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս ամենի մեջ միայն քաղաքական նպատակներ կան, հետևաբար՝ պատահական չէ Ուրսուլա ֆոն դեր Լայենի 50 մլն դոլարի մասին հայտարարությունը, հիշեցնելով, որ Արցախից տեղահանված արցախահայերի համար տրամադրել են ընդամենը 10 մլն դոլար։ Ինչպե՞ս է ստացվում, որ արցախահայերի համար ընդամենը օգնություն են ցուցաբերում 10 մլն դոլար, իսկ հիմա 50 մլն դոլարով ֆինանսավորում են Հայաստանի Կառավարությանը։

«Պարզ է, որ Հայաստանը գործող իշխանությունը դարձրել է աշխարհաքաղաքական բևեռների բախման կիզակետ։ Ինչ վերաբերում է բյուջեից ֆինանսավորմանը, ես դա համարում եմ կաշառք, և չի կարելի մեր հանրության մի մասի հաշվին մյուս մասին դուր գալ. սա երկար կյանք չունի։

Իշխանություններն իրենց վարքագծով վնասում են հայ արտահանողներին, հիմա կֆինանսավորեն, բայց ընտրություններից հետո նրանք կրկին հայտնվելու են «հին տաշտակի» առաջ։ Ես մեր արտահանողներին կոչ կանեին, որ գիտակցեին՝ տուժելու են իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով»,- Հայկ Ֆարմանյան։

Ըստ նրա, իշխանությունը, բացի փոխհատուցում տալուց, այլ բան հայ արտադրողներին չի առաջարկում, ընդամենը հայտարարություններ է անում։ Իշխանությունը  քաղաքական օրակարգերը խառնել է տնտեսական օրակարգի հետ, որի արդյունքում տուժում է գյուղմթերք արտադրողն ու արտահանողը։

«Կրկնում եմ՝ հայկական արտադրանքը Եվրոպա արտահանելու համար նախ պետք է պահանջարկ ունենան, այնպես չէ, որ շարքային եվրոպացին մեր ապրանքի կարիքն ունի։ Հիմա, օրինակ, ծաղիկ են ուզում արտահանել Լատվիա, նայեք լոգիստիկան, դրա ինքնարժեքն այնքան թանկ է նստում, որ հեռանկարում՝ կյանք չունի։ Իշխանությունն այսօր կարճաժամկետ խնդիր է լուծում, որպեսզի դուր գա արտահանողներին, գյուղմթերք արտադրողներին։

Հիմա Հայաստանի իշխանությունը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է՝ պարզ լոգիկա է, բարդ բան չկա»,- ընդգծեց Հայկ Ֆարմանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930