Բացարձակապես ոչ մի «պատմական» բան չկար, դա իրականության հետ ոչ մի աղերս չունի, ընդամենը քարոզչությունն է․ Հրանտ Միքայելյան

Նախօրեին Ստամբուլում փակ դռների հետևում և գաղտնի օրակարգով կայացավ Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիբ Էրդողան հանդիպումը։

Մինչ հայկական կողմում հանրային, քաղաքական ու մասնագիտական տարբեր շրջանակներ  բարձրաձայնում են իրենց մտահոգությունները հանդիպմանը քննարկված հնարավոր հերթական զիջումների մասին, մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ միջազգային, այս հանդիպումը որակում են «պատմական», «խաղի կանոններ փոխող» և այլն։ Այս որակումները, սակայն, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ ընդամենը քարոզչություն են, ոչ ավելին։

«Բացարձակապես ոչ մի «պատմական» բան չկար, դա իրականության հետ ոչ մի աղերս չունի, ընդամենը քարոզչությունն է»,- 168am-ի հետ զրույցում շեշտեց քաղաքագետը։

Անդրադառնալով ստամբուլյան օրակարգին, որը հանդիպումից հետո ամփոփվել էր երկու կողմերի տարածած՝ «տարածաշրջանային կայունության», «երկխոսության», «խաղաղության» հերթապահ հայտարարություններում, Հրանտ Միքայելյանն ուշադրություն հրավիրեց դրան նախորդած հայաստանյան ներքաղաքական իրողությունների վրա։

Կարդացեք նաև

«Ի՞նչ է Փաշինյանը ստորագրել, ի՞նչ տրամաբանությամբ է եղել այս հանդիպումը՝ հայտնի չէ, բայց մենք տեսել ենք, որ այս հանդիպումից առաջ նա Հայաստանում հեղաշրջման աստիճանի հայտարարություններ ու գործողություններ էր կատարում․ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարում է, որ Ռուսաստանից պոկվելու համար Արցախն է զիջել, ապա հարձակվում է Հայ Առաքելական եկեղեցու վրա, որի պատվերը ստանում է Բաքվից, խոսում է Ադրբեջանի տարբեր նախապայմանների կատարման մասին, և վերջին դրվագը՝ կալանավորում է մեծ հայ բարերար, գործարար Սամվել Կարապետյանին»,- արձանագրեց քաղաքագետը։

Հայ-թուրքական երկխոսության մասին երկար-բարակ խոսույթներին Հրանտ Միքայելյանը հակադարձում է կարճ հարցադրմամբ՝ «ի՞նչն է խանգարում Թուրքիային բացել սահմանները․ ոչ մի բան»։

«Այսինքն՝ դատարկ տեղում խոսել ձեռքբերումների ու պատմականության մասին, քարոզչություն է։ Իրականում ոչ մի նորմալ բանակցային գործընթաց չկա, առարկա չկա բանակցելու, ուղղակի ցանկություն կա՝ մի կերպ հասնելու Թուրքիա, ցույց տալու, որ մենք պատրաստ ենք այս կողմ գնալ։ Ի դեպ, երբ Փաշինյանը գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նույնիսկ ընդունելության չարժանացավ»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ «խաղաղության խաչմերուկ» ձևակերպմանը, որը, ըստ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության, ներկայացվել է նաև Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ, ապա քաղաքագետն այն որակեց անարդյունավետ ու անորոշ ինչ-որ նախաձեռնություն։

«Փաշինյանի կողմից առաջարկվում է միակողմանի սահմաններ բացելու ձևաչափը, որը Թուրքիայում ու Ադրբեջանում փորձում են իրենց համար ավելի դրական ու օգտավետ դարձնել։ Այդ քարոզչական լեզվին չպետք է տրվենք․ այդ «խաղաղության խաչմերուկը» նա արդեն 3 տարի ամեն տեղ ներկայացնում է՝ ինչ-որ արդյունք կա՞։ Միայն բարդություններ ունենք ուրիշ ուղղություններում՝ Վրաստան, Ռուսաստան»,- պարզաբանեց Հրանտ Միքայելյանը։

Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ ստամբուլյան հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։

Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։

Ըստ թուրքական կողմի՝ հանդիպման ընթացքում Էրդողանը և Փաշինյանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, Անկարայի և Երևանի միջև շփումները, ինչպես նաև՝ Հարավային Կովկասում խաղաղության և երկխոսության գործընթացը։

Թուրքիայի նախագահը նաև հաստատել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին՝ հիմնվելով «փոխադարձ հաղթանակ» մոտեցման վրա։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր միջոցառումները։

Տեսանյութեր

Լրահոս