Հայաստանը Աֆղանստա՞ն է, թե՞ Իրաք. oրակարգը մեկն է՝ ոչնչացնել հայկական պետությունը, հային. դրա համար հանձնեցին Արցախը. Սերգեյ Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ադրբեջանի ընդհանուր օրակարգը մեկն է՝ ոչնչացնել հայկական պետությունը։ Նրա բոլոր քայլերը միտված են դրան։ Ադրբեջանի հեռանկարը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանն է», կամ պետք է լինի պետություն, որը սպասարկում է այլոց շահերը։ 
  • Երկու պետություն կա, որոնք իրենց Սահմանադրությունը փոխել են այլ պետության ճնշման ներքո՝ Աֆղանստան և Իրաք։ Երկուսն էլ գտնվել են ամերիկյան օկուպացիայի ներքո։ Հայաստանը հիմա դե ֆակտո օկուպացված չէ, բայց Հայաստանը կատարում է Ադրբեջանի պահանջը։ Սա Քրեական օրենսգրքի քննության թեմա է, որովհետև Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգությունները քրեական հանցանք են։
  • Իրանում շատ լավ հասկանում են, որ եթե Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները կարճաժամկետ հեռանկարի համար ուղղված են Հայաստանի դեմ, ապա միջնաժամկետ հեռանկարում Իրանի դեմ են։

Կարդացեք նաև

  • Ո՞ւմ կարող է ձեռք տալ, որ Հայաստան պետություն չլինի։ Ադրբեջանի պահանջները՝ Սահմանադրության ու Անկախության հռչակագրի մասով, ուղղված են այդ նպատակի իրագործմանը։ Այս տարածաշրջանում Հայաստանի լինելիությամբ շահագրգռված են Ռուսաստանն ու Իրանը։ Այս երկու պետությունների շահերը համընկնում են մեր շահերի հետ։ 
  • Միջին միջանցքն այն մասին է, որ գլոբալ կոմունիկացիաներն Արևելքից Արևմուտք գնան՝ չներառելով Ռուսաստանը։ Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» համարում են Միջին միջանցքի մաս։ Արցախի հանձնումը սրա համար էր։
  • Գերտերություններից կամ այլ պետություններից ոչ ոք, բնականաբար, չի մտածում Հայաստանի մասին․ ամեն մեկը վարվում է այնպես, ինչպես իրեն, իր շահերին է հարմար։ Հայաստանը պետք է կարողանա իր շահերն առաջ մղել: Մեզ հարմար է ոչ թե Արևելք-Արևմուտք, այլ Հյուսիս-Հարավ կոմունիկացիան, բայց Հայաստանի իշխանությունն ակտիվ գործողություններով հանդես չի գալիս։ Ոչինչ չեն անում Նախիջևանի ուղղությամբ դեպի Իրան երկաթուղին շահագործելու համար։ Դրա համար են այս իշխանություններն ու աշխարհաքաղաքական տարբեր դերակատարներ խոսում միայն հայ-թուրքական սահմանը բացելու մասին։
  • Թուրքիան պատմական մրցակցության մեջ է գտնվում Ռուսաստանի և Իրանի հետ, և տարածաշրջանային այս կետում Թուրքիայի, Իսրայելի և Ադրբեջանի շահերը համընկնում են։ Դրա համար ցանկացած հարմար առիթով մեզ ասում են՝ եթե ցանկանում եք դառնալ գլոբալ օրակարգի մաս, պիտի միանաք մեր օրակարգին։ Իրենց օրակարգն այն է, որ լավ հայն այն հայն է, ով դառնում է թուրք կամ ադրբեջանցի։ Այլ հայ իրենց պետք չէ։ Արդյունքում՝ ասում են՝ եթե չբացեք «Զանգեզուրի միջանցքը», տարածաշրջանային ոչ մի գլոբալ պրոյեկտում չեք լինի։
  • Թրամփը, ի տարբերություն Նեթանյահուի, ոչ թե ուզում է պատերազմել, այլ գնալ Իրանի հետ պայմանավորվածությունների, որը, իհարկե, չի հակասի Իսրայելի շահերին։ Եթե Իրանը չցանկանար ԱՄՆ-ի հետ հաջողված բանակցություններ ունենալ, ապա Փեզեշքիանի թիմը՝ ի դեմս ԱԳ նախարար Արաղչիի, ազատված կլիներ աշխատանքից։ Իսկ եթե Թրամփը չցանկանար բանակցել, կասեր՝ պարսիկները չեն ուզում բանակցել, գնում ենք պատերազմի։ Այո՛, կան ֆակտորներ, որոնք ազդում են բանակցային գործընթացի վրա, և դրանցից առաջինն Իսրայելի գործոնն է։ Բայց խնդիրն այն է, որ ոչ ոք չգիտի՝ ինչ քանակի ռազմական ուժ պետք է կիրառի ԱՄՆ-ը՝ Իրանը ոչնչացնելու համար. Իրանի պաշտպանունակությունը շատ բարձր մակարդակի վրա է։
  • Օրեր առաջ Ալիևը 10 րոպե խոսում էր Ադրբեջանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, և ընդհանրապես այդ ելույթի մեջ «խաղաղություն» բառը չկար։ Նրանց օրակարգում խաղաղություն չկա։ Պահանջները ներկայացրել է, մնացածն էլ առանց թղթի ստացել է։

  • Հայաստանում նախաձեռնված «Եվրաքվեի» գործընթացը ոչ մի կապ չունի ԵՄ-ին անդամակցության հետ։ Գոյություն ունեն բազմաթիվ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում է հնարավոր միայն խոսել Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու մասին։ Հայաստանն այդ չափորոշիչներին անգամ մոտ չէ։ Եթե նկատեցիք, ՀՀ կառավարության և ԱԺ կողմից Եվրաքվեի օրենքի ընդունումից հետո ԵՄ մայրաքաղաքներից որևէ մեկն այն չողջունեց։
  • Իրանն ուզում է դառնալ գլոբալ կոմունիկացիայի մաս, բայց իրականում, իհարկե, Իրանի քեյսն անվտանգության մասին է, ոչ թե տնտեսության։
  • 2022թ.-ից այս կողմ Հայաստանը որևէ զորավարժություն չէր անցկացրել։ Իրանական կողմը միշտ խոսում էր դրա անհրաժեշտության մասին։ Ամեն զորավարժություն ունի քաղաքական նպատակ։ Հայ-իրանական զորավարժության հիմնական մեսիջն Իրանի կողմից այն էր, որ Իրանը պատրաստ է պահել իր հյուսիսային սահմանները։ Հայաստանի մեսիջն էր՝ այո՛, մենք հարավում ունենք դաշնակից, ում շահերը մեր շահերի հետ համընկնում են, ու մենք պատրաստ ենք համագործակցել։ Բայց որպեսզի Իրանը կարողանա կիրառել իր ողջ գործիքակազմը, պետք է անցկացնել այլ որակի, ավելի լուրջ զորավարժություններ։ Հիմա շատ կարևոր է՝ ինչպես կզարգանան հայ-իրանական հարաբերությունները, որովհետև սիմվոլիկ զորավարժությունները հարցի լուծում չեն։ Ադրբեջանը հարձակում է պատրաստում։ Դրա վկայությունն է, որ Ադրբեջան Իսրայելից ու այլ երկրներից զենքի մատակարարումները շարունակվում են, ամեն շաբաթ Ադրբեջանը զենք է տանում Նախիջևան։ Եվ հենց Հայաստանի վրա հարձակման հնարավորության պատուհան բացվի, Ադրբեջանը դա կօգտագործի։
  • Ռուսները հարցեր ունեն՝ «Ինչո՞ւ եք վավերացրել Հռոմի ստատուտը, ասում էիք՝ Ադրբեջանի դեմ հայցեր հարուցելու համար է, բայց դուք հայցերը հետ եք քաշում։ Ուրեմն այլ նպատակով եք վավերացրել»։ Շատ այլ հարցեր էլ կան։ Ես չեմ տեսնում՝ ինչպես պետք է Հայաստանը վերադառնա Ռուսաստանի հետ մեր ունեցած նախկին հարաբերություններ։ Ժեստեր կլինեն, բովանդակային փոփոխություններ՝ դժվար։ Բայց Ռուսաստանն առնվազն ուշադիր կլինի տարածաշրջանի նկատմամբ, կվերադառնա մինչ 2022թ․եղած առաջնահերթություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս