Նախորդ հերթափոխի ըմբոստացած վարորդները դեռ կշարունակեն ակցիաները․ քաղաքային իշխանությունը PR-ով է զբաղված

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար․ այս հայտարարությունն առավոտյան տարածել է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքային իշխանություննն այս կերպ, փաստորեն, փորձում է փոխարինել նախօրեին ըմբոստացած հարյուրավոր վարորդներին, որոնց մի մասն է միայն համաձայնել նախկին պայմաններով այսօր վերսկսել աշխատանքը։

Իսկ նախօրեին քաղաքը տրանսպորտային կոլապսի էր ենթարկվել վարորդների գործադուլի պատճառով, որոնք պահանջում էին աշխատավարձի բարձրացում, նվազագույն աշխատանքային պայմանների ապահովում։

Ի պատասխան՝ քաղաքապետարանից խոստացել էին քրեաիրավական գնահատական տալ կատարվածին, ավելին՝ ժամանակին ակցիաներով իշխանության եկած քաղաքապետն էլ իր հերթին էր հաթաթա տվել․ «Որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»։

Կարդացեք նաև

Ավելի ուշ հայտնի դարձավ 35 վարորդի աշխատանքից ազատվելու մասին։ Աշխատանքից ազատված վարորդներից Գևորգը 168am-ի հետ զրույցում փոխանցեց՝ նույն պայմաններով չէր էլ պատրաստվում վերադառնալ աշխատանքի։

Այսօր գիծ դուրս եկած իր արդեն նախկին գործընկերների մասին էլ հավելեց․

«Որոշել են աշխատել, աշխատում են․ ամեն մեկն ունի իր կարծիքը՝ իրեն ձե՞ռք է տալիս այդ տարբերակով, թե՞ չաշխատի։ Մենք մի քանի ընկերներով գիտենք, որ դեռ չենք աշխատելու, հետագայում կերևա»։

Երևանի քաղաքապետարանի գործունեությունն իր դիտակետում պահող հանրային գործիչ Արթուր Չախոյանը, որը նաև երեկ գործադուլ անող վարորդների կողքին էր, թեմայի առնչությամբ շեշտեց․

«Հարցի լուծումն աշխատանքից ազատելով չեմ տեսնում, քանի որ քաղաքապետարանը նոր ավտոբուսներ էլ է բերել, ու նոր հաստիքներ են պետք, ու դրան զուգահեռ՝ ազատումները, ինչը քաղաքի համար վնաս է։ Հարցի լուծումն այն է, որ քաղաքային իշխանությունը պետք է և պարտավոր է ընդառաջել վարորդներին, քանի որ իրենք ի սկզբանե վարորդներին խաբել են՝ խոստանալով աշխատավարձերի բարձրացում և պայմանների բարելավում, սակայն այս խոստումներն իրականություն չեն դարձել»։

Ի դեպ, Արթուր Չախոյանը նշեց նաև, ինչպես ինքն է հասկացել ակցիայի ընթացքում, գործադուլ հայտարարած վարորդները պատրաստվում են շարունակել  անհնազանդության ակցիան․ վարորդներն աշխատում են օրումեջ, այդ վարորդները նախօրեի հերթափոխի վարորդներն էին։

«Միգուցե աշխատանքից ազատված վարորդներն արդեն ՓԲԸ-ը չեն գա, բայց իրենց բողոքն արդեն կարտահայտվի տրանսպորտի գծի ծանրաբեռնված լինելով»,- ասաց նա։

Խոսելով Երևանի քաղաքապետարանի կողմից ժամանակավոր լուծումների մասին,  ինչպես, օրինակ, մարզերից վարորդներ բերելն է, և կամ՝ հենց մեր զրուցակցի կողմից արձանագրված տեսանյութում առկա դրվագում է, թե ինչպես է 61 երթուղու ավտոբուսը վարում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»-ի աշխատակիցը, հանրային գործիչն արձանագրեց․

«Մարդկանց են բերում աշխատանքի, որոնք ավտոբուս չեն վարել և «Դ» կարգ էլ չունեն, ինչով քաղաքացիների կյանքը վտանգի տակ են դնում։

Երեկ, իմ ունեցած տեղեկություններով, սրա հետևանքով, երկու ավտոբուս է վթարվել։ Նաև մեկ այլ հարց է առաջանում՝ եթե «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի վարորդներին են բերում վարելու, ապա այս ՀՈԱԿ-ի մեքենաներն ո՞վ է վարելու․ սրան հետևում է, որ մենք այս լուծումով ունենալու ենք այլ խնդիրներ, օրինակ, աղբահանության հետ կապված։ Սա հարցի լուծում չէ։ Հարցի լուծումը կառուցողական բանակցություններն են, որը քաղաքային իշխանությունները չեն արել»։

Դիտարկմանը, թե  Տիգրան Ավինյանը հայտարարել է՝ եթե պետք լինի, իրենք անձնապես էլ քաղաքացիներին կտեղափոխեն, Արթուր Չախոյանն արձագանքեց․ «Անպատասխանատու, փիառի պես հայտարարություն է։ Նմանատիպ մի բան տեսանք նաև անցյալ տարի՝ քաղաքապետի ընտրության օրերին, երբ Տիգրան Ավինյանը, չունենալով «Դ» կարգ, երթուղային էր վարել։ Այսինքն՝ նա նույնպես քաղաքացիենրի կյանքը վտանգում է իր փիառի համար»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն օրենքի խախտմամբ վարել էր «Երևանի վերջին Գազել»-ը, որի շուրջ գովազդային հոլովակ էր պատրաստել Երևանի քաղաքապետարանը։
Ի դեպ, Տիգրան Ավինյանը, չունենալով համապատասխան փաստաթուղթ, դեռ 2022-ի դեկտեմբերին Հայաստան մտնող գերմանական MAN ավտոբուսն էր վարել՝ այդ մասին ևս հրապարակելով տեսանյութ։

Տեսանյութեր

Լրահոս