Բաժիններ՝

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը ավելի քան 500 մլն դրամի պահանջ ունի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունից, որի շուրջ «խոսում է» ընկերության հետ։ «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գրում է Azatutyun.am-ը։

«Մեզ համար դա գումար է, որ պետք է համարվի տնտեսված գումար ու վերադարձվի պետությանը։ Իրենց դիրքորոշումը տարբերվում է մեր դիրքորոշումից, ու մենք կա՛մ կգանք փոխադարձ համաձայնության գումարը հետ վերադարձնելու, կա՛մ կլինի դատական պրոցես», – հայտարարել է նախարարը։

Օգոստոսի 28-ին «Ազատություն»-ը հետաքննություն էր հրապարակել, պարզելով, որ «Դոպինգ սփեյս» ընկերությունը ավելի քան 500 մլն դրամի նախահաշվից շեղված տնտեսումներ ունի, և ամիսներ շարունակ նախարարությունը չի կարողանում այդ գումարը հետ ստանալ ընկերությունից։ Բացի այդ, ԿԳՄՍՆ-ը համերգից առաջ կասկածելի նպատակահարմարությամբ վերացրել էր բանկային երաշխիքը ընկերության համար, այնինչ բանկային երաշխիքի առկայության դեպքում այս գումարը նախարարությունը կկարողանար գանձել հենց այդ երաշխիքից։ Ավելին՝ նախարարությունը գործողություններ էր ձեռնարկել, որով, ըստ էության, զրոյացվել էին այն տույժերն ու տուգանքները «Դոպինգ սփեյս»-ի համար, որ ձևավորվել էին համերգի կազմակերպումը տևական ժամանակ ուշացնելու համար։ Համերգը հետաձգվել էր 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով։

Ինչո՞ւ է նախարարությունը հրաժարվել բանկային երաշխիքից
Ըստ նախարարի՝ իրենց նպատակը եղել է ոչ թե քաշքշուկները, այլ համերգի կազմակերպումը։ «Մենք բոլորս հասկանում ենք, որ ստեղծվել էր իրավիճակ, որ պիտի հանգուցալուծվեր ու հանգուցալուծվեր դրական ձևով։ Ես կարծում եմ՝ մենք կարողացել ենք իրավիճակը կառավարել այնպես, որ որևէ մեկիս կամքից չկախված պատճառներով համերգի չիրականացումը այնուհետև դարձել է նոր համերգի իրականացում», – նշել է Ժաննա Անդրեասյանը՝ պնդելով, որ գործընթացքում նախարարության գործողությունները եղել են իրավաչափ ու օրենսդրությանը համապատասխանող։

Երևանում հոկտեմբերին կայանալիք COP 17-ի կազմակերպումը ևս հանձնվել է «Դոպինգ սփեյս»-ին։ Ընկերությանը հատկացվել է ավելի քան 9 մլն դոլար. ինչո՞ւ է այս խոշոր միջոցառման կազմակերպումը հանձնվել մի ընկերության, որ հանրային միջոցների ծախսի հիմնավորվածության՝ միլիոնների հասնող խնդիրներ ունի: «Եթե մենք ունենք իրավիճակ, որ որևէ մեկի կամքով չի եղել ու որի հետ կունենանք իրավական լուծումներ, դա չի նշանակում, որ մենք խոսում ենք որևէ ընկերության գործունեության մասին ընդհանրապես», – ասել է նա:

Բացի ավելի քան 502 մլն դրամը, որ ընկերությունը տնտեսել է ու չի վերադարձնում բյուջե, համերգի հետ կապված տույժերը միայն 2025-ի առաջին ութ ամսում հասնում էին մոտ 1.7 մլրդ դրամի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930