ՃԻՇՏԸ ԽՈՍՈւՄ ԷԻ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ… Ո՞Վ Է ԿԱՆԳՆԱԾ ԵՐԳԱՐՎԵՍՏԻ MAFIA-Ի ԳԼԽԻՆ. ՊԱՊԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը սիրված երգիչ Պապին Պողոսյանն է։ Հաղորդման ընթացքում խոսել ենք երգարվեստ մուտք գործելու, ֆոնդային ձայնագրությունների, հայկական երաժշտության, ժամանակակից երգարվեստի խնդիրների, ինչպես նաև պետական կոչում չստանալու մասին։

Անդրադառնալով այսօրվա երգարվեստին՝ Պապին Պողոսյանը բարձրաձայնում է չափանիշների խնդիրը։
«Լավ երգիչն ուզում է մի հատ տեսահոլովակ նկարի, գումար չի կարողանում գտնել, որովհետև կա լավ երգ, որ, իրոք, պատիվ է բարձրացնում։ Բայց երգիչ-երգչուհիներ կան, որ մի հատ երգ թողարկում են, երգի մեջ էլ ոչինչ չկա, հետո դառնում են սուպերաստղ ու սկսում են մեծ մարզադաշտերում համերգներ անել»,- ասում է նա։
Երգչի խոսքով՝ միայն հանրային ճանաչումը բավարար չէ․
Տարիներ առաջ հնչեցրած միտքը, որ հայկական երգարվեստը «մաֆիա» է, այսօր ևս արդիական է Պապին Պողոսյանի համար, իսկ ո՞վ է կանգնած այդ մաֆիայի գլխին՝ Պողոսյանը նշում է.
«Փողատերերը: Ամենակարևորը՝ ես որևէ մեկին չեմ մեղադրում, որովհետև կարևոր է՝ հովանավորը, որ գումար է վճարում, գումար է տալիս, ինքը պետք է ունենա այնքան չափանիշներ, որ գիտակցի՝ իր գումարով ի՞նչ է պրոպագանդվում, ինչի՞ է տալիս»։
Պապին Պողոսյանը դրական օրինակ է համարում դասական երաժշտության նկատմամբ հանրային հետաքրքրության աճը։
«Ես այսօր շատ ուրախ եմ, որ արդեն մեծ դահլիճներում մեծ տեղ են տալիս դասական երաժշտությանը։ Մեր ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբով, մեծ երգչախմբերով… Ժողովուրդը մեծ սիրով գալիս է»,- նշում է նա։
«Տես՝ հասարակ բան եմ ասում՝ ո՞նց եղավ, որ էդ սիմֆոնիան այսօր ժողովուրդը լեփ-լեցուն դահլիճներում լսում է: Երբ ինչ-որ լավ բան տալիս ես, ժողովուրդը սիրում է, գնում է»,- շեշտում է երգիչը։
Միաժամանակ Պապին Պողոսյանը քննադատում է ժողովրդական, ազգագրական և էստրադային երաժշտության սահմանների «խառնված» լինելու հանգամանքը։
«Հիմա ասում են՝ էստրադային աստղերը… Բայց նայում ես՝ սաղ ժողովրդական երգերը վերցրած, ի՞նչ կապ ունի էստրադայի հետ։ Հիմա խառնել են ազգագրականը, ժողովրդականը, մեր հայ կոմպոզիտորների երգերը, պոպուրիները՝ բոլորը ինչ-որ մի բանի տակ է գնում»։

«Տարբերությունները պիտի լինեն։ Ոչ մեկը չի կարող ասել՝ սա ժողովրդական երգիչ է, սա՝ էստրադային երգիչ։ Դասականը մի քիչ, ասենք, տարանջատված է»,- ընդգծում է նա։
Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ նաև նաև Պապին Պողոսյանի՝ պետական կոչում չստանալու թեմային։ Երգիչը ներկայացված է եղել կոչման դեռևս 1980-ականներից, սակայն այդպես էլ չի ստացել այն։
«Ինձ երբ հարց էին տալիս, ասում էի՝ հարգեմ այն նախագահին, որ իմ ժողովրդին լավ կնայի, իմ ժողովրդի հետ կլինի»,- ասում է նա։
Պողոսյանը չի թաքցնում՝ տարբեր ժամանակներում իշխանության հետ ավելի մոտ հարաբերություններ ունենալու հնարավորություններ եղել են, սակայն ինքն այդ ճանապարհը չի ընտրել.
«Եղել են առիթներ, որ եթե ես ցանկանայի, իրանց մարդը կդառնայի»։
Նա նաև ակնարկում է, որ իր սկզբունքային դիրքորոշումները կարող էին դեր ունենալ պետական կոչում չստանալու հարցում։
«Պապին Պողոսյանը ճիշտը խոսում էր և՛ արվեստում, և՛ քաղաքականության մեջ»,- ասում է նա:
Այդուհանդերձ, երգիչը պետական կոչումից առավել կարևորում է ժողովրդի գնահատականը։
«Ես ուրախ եմ, որ իմ ժողովուրդն ինձ տվել է այդ կոչումը՝ և՛ Կալիֆոռնիայում, և՛ Նյու Յորքում, և՛ որտեղ գնում եմ»։
Նա պատմում է նաև, որ երբեմն բեմում իրեն ներկայացրել են՝ որպես վաստակավոր կամ ժողովրդական արտիստ, թեև պետական այդ կոչումները չունի։
Պապին Պողոսյանի խոսքով՝ տարիների ընթացքում իր համար ամենակարևոր գնահատականը մնացել է ժողովրդի սերը.
«Իմ ամբողջ կյանքում ես ծառայել եմ իմ ժողովրդին, երգել եմ իմ ժողովրդի համար ու մնացել եմ սիրված»։
Երգիչը խոսեց նաև արտերկրում բնակվելու առաջարկների մասին։ Նրա խոսքով՝ դեռևս 1990-ականներից ունեցել է ԱՄՆ-ում մնալու և երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հնարավորություններ.
«Ճիշտն ասած՝ իմ մտքով չէր անցել, որ ես կարող է օտար երկրում ապրեմ, որովհետև առաջարկությունները դեռ եղել են 90-ականներից»։

Նա պատմում է, որ արտերկրում ունեցած ելույթներից հետո իրեն երկարաժամկետ համագործակցության առաջարկներ են արել, սակայն հայրենիքից հեռանալու միտքը նրա համար ընդունելի չի եղել։
«Կգնայի, կմնայի, բայց ասում էի՝ ի՞նչ եք խոսում, ես հայրենիքս թողնե՞մ, Հայաստանս թողնեմ, գամ ինչ-որ օտար ափերում բնակվե՞մ»,- ասում է Պապին Պողոսյանը։
Բայց իրադարձությունները զարգացան այնպես, որ արդեն տևական ժամանակ սիրված երգիչն ապրում ու ստեղծագործում է Միացյալ Նահանգներում:

