Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, ձեռքերն ազատվում են. բացեք, նայեք՝ հայ-ադրբեջանական սահմանին ինչ է կատարվում. Սերգեյ Մելքոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական ինստիտուտի գիտաշխատող, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ռուսաստանից հնչող հռետորաբանության մեջ մեծ փոփոխություն կա: Ռուսաստանի հայտարարությունների հասցեատերն արդեն Հայաստանում քաղաքական որոշում կայացնողները չեն, այլ հայ ժողովուրդը: Հայ ժողովուրդը պետք է որոշի՝ իրեն ռազմաբազա պե՞տք է, թե՞ չէ, ԵԱՏՄ-ո՞ւմ պետք է մնա, թե՞ ԵՄ գնա: Որոշում է կայացված՝ Հայաստանը մինչև դեկտեմբեր պետք է ասի՝ երբ է հանրաքվե անցկացնելու:
- Փաշինյանի հայտարարությունը, թե՝ եթե Հայաստանի ԱԺ-ն 2025թ. մարտին չընդուներ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, ապա քաղհասարակությունը կհավաքեր 350 հազար ստորագրություն, և այդ դեպքում էլ՝ օրենքը չընդունելու դեպքում, Հայաստանը պարտադրված կլիներ հանրաքվե անցկացնել, ռևերանս էր դեպի Ռուսաստան:
- Եթե 102-րդ ռազմաբազան դուրս գա, ուժային բալանսը տարածաշրջանում կփոխվի: Ռուսների տեսանկյունից այս ռազմաբազան ավելի շատ պետք է Հայաստանին, քան իրենց: Գյումրիի ռազմաբազան և Էրեբունիի օդանավակայանի կոմպոնենտը ռուսների համար առաջնահերթություն չէ: Առաջնահերթություն է Բելառուսում ռազմական ներկայությունը, որովհետև իրենց համար կարևորն Ուկրաինայի ճակատն է, ու դրա համար նրանք պատրաստ են զոհաբերել այլ բաներ:

- Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման համար Ռուսաստանի հետ քննարկումների շատ լայն դաշտ կա՝ ԵՄ-ԵԱՏՄ անդամակցություն, ատոմակայան, ռազմաբազա, երկաթուղի, սահմանապահ զորքեր և այլն: Բայց ՌԴ-ի համար հիմնական խնդիրը ԵՄ-ԵԱՏՄ հարցն է: Դրա լուծումից է կախված, թե, օրինակ՝ ինչպես կընթանա սահմանապահ զորքերի կոնֆիգուրացիան, ինչպես նաև մյուս հարցերի լուծումը:
- Թուրքիայում հիմա Ռուսաստանը կառուցում է ատոմակայան, իսկ Թուրքիան զենք է մատակարարում Ռուսաստանին: Իրենք ընդհանուր շահեր ունեն, բայց երբ հերթը հասնում է Հայաստանին, այլընտրանք չկա: Մեզ նույնիսկ թղթի վրա երաշխիքներ տվող երկրներ չկան:
- Ռուսաստանն ընդհանրապես առաջնահերթություն չէ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորում, բայց դրան զուգահեռ՝ դեռևս կան երկկողմ պայմանագրեր: ՀՀ կառավարության նոր ծրագիրն այս առումով նոր բան չասաց, ամրագրեց որոշում կայացնողների՝ ՀՀ քաղաքական ղեկավարության դիրքորոշումը: Նրանց միայն մի բան է հետաքրքրում, որ Ռուսաստանը զրոյացնի Հայաստանի նկատմամբ կիրառված բոլոր սանկցիաները:
- Շատերը մտածում էին, թե սա Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ նախընտրական պատժամիջոց է, ընտրությունները կավարտվեն, սանկցիաները՝ նույնպես, բայց դա տեղի չունեցավ: Ռուսաստանը Հարավային Կովկասի համար հստակ ռազմավարություն այս պահին չունի, բայց դա չի նշանակում, որ նա կհանդուրժի իր դեմ արվող քայլերը:
- Ադրբեջանում արդեն կա մշակված և քաղաքական մակարդակում ընդունված ռազմավարություն Հայաստանի նկատմամբ, որն արդեն իրականացվում է: Դրա մի մասն է Ադրբեջանից եկող այն հայտարարությունները, որ Ադրբեջանը պատրաստ է տեր կանգնել Հայաստանի տարածքում եղած ադրբեջանական մշակութային ու հոգևոր հուշարձաններին, ու սկսեցին երևակայական մզկիթների կեղծ նկարներ շրջանառել: Սա շատ վտանգավոր բան է:

- Ադրբեջանում Հայաստանը դիտարկում են՝ որպես «հաճախորդ երկիր», որը պետք է սպասարկի իրենց շահերը, որովհետև Հայաստանը պարտվել է ու չի դիմադրում: Նրանց դիտարկմամբ՝ Թուրքիան Հարավային Կովկասում ունի իր ամենամեծ դերակատարությունն ու ազդեցությունը, իսկ տարածաշրջանում Ադրբեջանը գերտերություն է արդեն… Այդպես են նրանք ներկայացնում իրավիճակը: Ադրբեջանի նախագահի խորհրդականն անգամ այս օրերին հայտարարեց՝ ժամանակն է արդեն մտնել Երևան ու փակել թեման: Բայց դա դեռ չեն անում, քանի դեռ կոնֆիգուրացիան այնպիսին է, որ ամեն բան իրենց ուզածով է գնում, Հայաստանից որևէ դիմադրություն չկա:
- Հայաստանի դեմ ճակատ կբացվի:
- Կարող եմ կիսվել նրանով, թե ինչպես են Ադրբեջանում փորձագիտական շրջանակները պատկերացնում Հայաստանը՝ որպես իրենց ստորադասված «կլիենտ-երկիր», որը պետք է սպասարկի իրենց շահերը։ Դա նրանց կողմից բացատրվում է նրանով, որ Հայաստանը պարտվել է, չի դիմադրում, տարածաշրջանային իրավիճակը փոխվել է, ըստ նրանց՝ Թուրքիան դառնում է դոմինանտ, Ադրբեջանը՝ տարածաշրջանային ուժ, որը թելադրում է օրենքները, իսկ պարտված Հայաստանը պետք է հետևի դրանց… Սա է նրանց ընկալումը, այսպիսի Հայաստան են նրանք պատկերացնում:
Ալիևի խորհրդատուի ժամանակին արված գրառումը (Դադիվանքի դեպքերի ֆոնին, երբ Հայաստանից ու Սփյուռքից բացասական արձագանք եղավ,- Ս.Մ.) հստակ ցույց տվեց իրենց մոտեցումը մեր վերաբերյալ, երբ ասաց՝ իսկ միգուցե արժե մտնել Երևան և վերջնականապես փակե՞լ հարցը, որ ոչ ոք չկարողանա որևէ բան ասել։ Այսինքն՝ ցանկացած աղմուկ ու հակազդեցություն զայրացնում է նրանց։
Բայց քանի դեռ Հայաստանի հետ բանակցային կոնֆիգուրացիան դե ֆակտո բխում է իրենց շահերից, այս պահին ուժ կիրառելու կարիք չեն տեսնում։ Թեև Ալիևը պատրաստվում է պատերազմի և չի բացառում ուժային սցենարը։
Բացում ես արբանյակային կամ քարտեզային տվյալները և տեսնում. հայ-ադրբեջանական սահմանին նոր ռազմական ենթակառուցվածքներ են ստեղծվել, իսկ Իրանի, Վրաստանի կամ Ռուսաստանի սահմաններին՝ ոչ։ Քանի որ Հայաստանն ագրեսոր կամ գերհզոր սպառնալիք չէ, որից պետք է պաշտպանվել, ապա այդ ենթակառուցվածքները պաշտպանության համար չեն, այլ հարձակման։
Արդյունքում. քանի դեռ իրավիճակը համապատասխանում է իրենց տրամաբանությանը, ռազմական շանտաժի կարիք չկա, բայց այլ ճանապարհով գնալու դեպքում այն անխուսափելի է։

- Էսկալացիայի տարբեր աստիճաններ կան, պատերազմը դրա վերջին տարբերակն է: Եթե Ադրբեջանի կողմից սպառնալիքներ են հնչում Հայաստանի նկատմամբ, ուրեմն հայտարարված խաղաղությունը դեռ հաստատված չէ:
- Հաշվի առնելով, որ մենք չունենք դեռ ինստիտուցիոնալացված խաղաղություն, Ադրբեջանի կողմից բալանսը փոխելը շատ հեշտ է:
Ռուսական ռազմաբազայի ուժը նրա ռազմական կոնտինգենտը չէ, այլ ռուսական բանակի զինանշանն է և Ռուսաստանի դրոշը: Երբ դու ռուսական դրոշը հանում ես՝ ի դեմս բազայի, բալանսն ու հարաբերությունները փոխվում են: Հնարավոր է՝ որոշ պայմանագրեր վերանայման կարիք ունեն, բայց դա պետք է անել այնպես, որ հարաբերությունները գոնե լինեն չեզոք դրական, որպեսզի Ադրբեջանը դրանից չօգտվի: Ադրբեջանը տասնյակ տարիներ աշխատում էր, որ Ռուսաստանից դեղին լույս ստանա՝ գոնե չեզոք դիրքորոշում, որպեսզի գործողություն անի, ու արեց 2020-ին, 2021-ին, 2023-ին: Հիմա եթե Ռուսաստանի հետ Հայաստանն ունենա ոչ թե չեզոք, այլ բացասական կոնտեքստով հարաբերություններ, դա արդեն խնդիր է դառնում մեզ համար, Ադրբեջանը, բնականաբար, կօգտվի դրանից:
- Որոշ երկրներ դառնում են ԵՄ-Ռուսաստան-Իրան-ԱՄՆ բախման կետերի օբյեկտ: Տեսե՛ք՝ ինչ է տեղի ունենում Սաուդյան Արաբիայի հետ: Իսկ Իրանը զգուշացրել է՝ տարածք չտրամադրել ԱՄՆ-ին իրեն հարվածելու համար: Մենք, փաստորեն, գնում ենք այդ ճանապարհով: Ամեն բան ունի իր հետևանքներն ու գինը: Եթե որոշել ենք խաղալ, պետք է պատրաստ լինենք ծանր հետևանքներին՝ վճարել այդ գինը:
- Ռուսաստանն, ինչպես Իրանը, մոնոլիտ պետություն չէ: Տարբեր բլոկներ ունեն տարբեր առաջնահերթություններ:
- Հայաստանի դեմ ՌԴ սանկցիաների մասին: Կարելի է ասել՝ Ռուսաստանը դեռ գործիքը չի էլ վերցրել իր ձեռքը: Ռուսաստանը դեռ սահմանափակել է մեր արտահանման ընդամենը 10%-ը, մնացած 90%-ը դեռ կա… Եվ սա ընդամենը մեկ բլոկն է: ՌԴ ամբողջ գործիքակազմը դեռ չի կիրառվել…
- Ռուսաստանը թե՛ օրենքով, թե՛ այսպես ասած՝ բեսպրեդելով կարող է մեր դեմ կոշտ սահմանափակումներ մտցնել: Եթե գնան բեսպրեդելի տարբերակով, շուկան ընդհանրապես մեր առաջ կփակվի: Գազի պարագայում կարող է գազը թանկացնել, կարող է ընդհանրապես գազ չտալ: Բայց պետք է նկատի ունենալ, որ ըստ պաշտոնական տվյալների՝ գազի սպառումը վերջին մեկ տարվա համեմատությամբ 20%-ով աճել է Հայաստանում, այսինքն՝ գազի պահանջարկը գնալով աճում է: Օրինակ, կարող են թույլ չտալ, որ հայ ավիաընկերությունները թռիչքներ կատարեն Ռուսաստան, այլ միայն ռուսական ինքնաթիռներով կապն ապահովվի: Այդ դեպքում թռիչքների քանակը կկրճատվի, տոմսերը կթանկանան: Մեկ այլ հարց են ֆինանսական տրանսֆերտները: 40 %-ից ավելին, միլիարդավոր դոլարներ գալիս են Ռուսաստանից, որոնցից օգտվում են մեր հայրենակիցները՝ դրսից ուղարկվող գումարների հաշվին: Այս հոսքերն էլ կարող են կտրել… Կարող են նաև ՌԴ-ից միգրանտներին հետ ուղարկել, թույլ չտան, որ հայ միգրանտներն աշխատեն այնտեղ: Ատոմակայանի հարցը սանկցիաների մեջ չի մտնի. դժվար եմ պատկերացնում, որ ռուսները կցանկանան ատոմակայանին վնասել:

- Ատոմակայանը մեր էներգետիկ ինքնիշխանության հիմնական սյուներից է: Եթե ատոմակայան չունենանք, դա աղետալի կլինի: Թուրքիան և Ադրբեջանը վաղուց են ուզում մեզ զրկել էներգետիկ ինքնիշխանությունից:
- CEPA-ն մենք ստորագրել ենք 2017թ., ուժի մեջ է մտել 2019թ.: Եթե մենք CEPA-ի իրականացումն ավարտենք, մենք և՛ վիզաների ազատականացման, և՛ այլ հարցերում առաջընթաց կունենանք: Եվրոպայից որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի հայտարարել, որ Հայաստանը դառնալու է Եվրամիության անդամ: Եվրոպան պատրաստ չէ մեր կորուստների համար վճարել:
- Եթե մեր քայլերն իսկապես ուղղված են Ռուսաստանի դեմ, ապա դրանք իրոք կբերեն նրան, որ մենք կունենանք ավելի մեծ աղետ:
- Երեկ առաջին օրն էր, երբ ուկրաինական ՀՕՊ համակարգը ոչ մի ռուսական հրթիռ չկարողացավ խփել, և հիմա Ուկրաինան շահագրգռված է, որ առնվազն մինչև դեկտեմբեր զինադադար լինի էներգետիկ ոլորտում: Ոչ մեկը դեռ պատրաստ չէ ուղղակի առճակատման մեջ մտնել Ռուսաստանի հետ ու ուղիղ օգնել Ուկրաինային:
- TRIPP-ն առաջին հերթին աշխարհաքաղաքական պրոյեկտ է, երկրորդ հերթին՝ տնտեսական: Եթե միայն TRIPP-ը բացվի, տարեկան տրանզիտից մենք կստանանք 20 միլիոնից քիչ ավելի. Դա ոչ մի բան է: Եթե բացեն այլ ճանապարհներ, գումարները կտասնապատկվեն: Բայց քանի որ չեն բացում, տնտեսական ասիմետրիկություն է ստեղծվում: Հետևաբար՝ սա աշխարհաքաղաքական նախագիծ է:
- Ադրբեջանի համար շատ կարևոր է ֆիքսել, որ Հայաստանը դե ֆակտո, գետնի վրա ինքնիշխանություն չունի: Հայաստանը չի կարող նույն կերպ տիրապետել իր սահմանին, ինչպես դա անում է, օրինակ՝ Վրաստանի պարագայում: Երբ մոդալությունը փոխվում է, Ադրբեջանը շարունակում է սեղմել: Հիմա Ադրբեջանը որոշել է, որ իրենց քաղաքացիներին Հայաստանի տարածքում չպիտի ստուգեն:

- Իրանի ասածը հետևյալն է՝ հաշվի առնելով, որ Իրանը դեռ 100 տոկոսանոց տվյալներ չունի՝ ինչ է լինելու, ով է լինելու TRIPP-ում, դեռ կհետևենք: Հակառակ դեպքում Իրանը կանի այն, ինչ արեց Նախիջևանի օդանավակայանի միջադեպի պարագայում, երբ չընդունեցին, որ իրենք են խփել օդանավակայանին, բայց բոլորը հասկացան, որ դա Իրանն է: Տարբեր կողմերից հնչող հայտարարությունները հուշում են, որ TRIPP-ը կյանքի չի կոչվի:
- Եթե աշխատի միայն TRIPP-ը, մենք լեգիտիմացված նոր բլոկադայի մեջ կհայտնվենք:
Մանրամասները՝ տեսանյութում:

