Bloomberg․ ԱՄՆ-ն ու Չինաստանը սկսել են բանակցությունները Թրամփի և Սի Ծինփինի գագաթնաժողովից առաջ
ԱՄՆ-ն և Չինաստանը Նյու Յորքում սկսել են բանակցություններ, որոնք կոչված են նախապատրաստելու հնարավոր պայմանավորվածությունները նախագահներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումից առաջ, գրում է Bloomberg գործակալությունը։
Վաշինգտոնն ու Պեկինը ձգտում են պահպանել գործող առևտրային զինադադարը և քննարկել տնտեսական հարաբերություններում լարվածության հետագա նվազեցումը։
Գործակալության տվյալներով, բանակցություններին մասնակցում են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենը։
Հանդիպումն անցկացվում է Մանհեթենում՝ JPMorgan Chase-ի կենտրոնակայանում։ Կողմերը քննարկում են առևտրին, մաքսատուրքերին, արհեստական բանականությանը և կենսական նշանակություն ունեցող հանքանյութերի, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների մատակարարման հարցերը։
Վաշինգտոնի հիմնական խնդիրներից մեկը մնում է առևտրային զինադադարի երկարաձգումը, որի ժամկետը լրանում է նոյեմբերին։
Ամերիկյան կողմը նաև ձգտում է բարելավել Չինաստանից հազվագյուտ հողային հանքանյութերի մատակարարումները, որոնք մեծ նշանակություն ունեն տեխնոլոգիական և արդյունաբերական ոլորտների համար։
Բացի այդ, քննարկվում են մի շարք ապրանքների համար մաքսատուրքերի հնարավոր նվազեցումը, ինչպես նաև Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի և Boeing-ի ինքնաթիռների գնումների ավելացումը։
Օրակարգում առանձին տեղ է զբաղեցնում նաև արհեստական բանականությունը։ ԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են մնալ առաջատար կենտրոններ առաջադեմ ԱԲ տեխնոլոգիաների մշակման ոլորտում, ուստի կողմերը քննարկում են հնարավոր անվտանգության միջոցներն ու այդ տեխնոլոգիաների կիրառման կանոնները։
Բանակցություններն ընթանում են Թրամփի և Սի Ծինփինի՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումից մի քանի օր առաջ։ Չինաստանի առաջնորդը պետք է պետական այցով մեկնի ԱՄՆ, իսկ տնտեսական հարցերը, ներառյալ մաքսատուրքերը և հազվագյուտ հողային մետաղների առևտուրը, առաջիկա բանակցությունների առանցքային թեմաներից են։

