Ահա թե ինչու Նիկոլը պարգևատրվեց առանց Ալիևի. Արմեն Աշոտյան
«Դասեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- 2023թ. սեպտեմբերի 19-ից Արցախը մնաց մեն-մենակ։ Ես այդ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էի գտնվում։ Հիշում եմ էդ ծանր հուզմունքը… Նույն օրը երեկոյան Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ում խոսում էր Արցախի էթնիկ զտման մասին, բայց Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը նրան հակադարձեց հենց Փաշինյանի բառերով, ով ասել էր` էթնիկ զտում չկա, Արցախի հայությունն անվտանգ է։ Եկեք հիշենք ու ամաչենք…
- Մեզ տարան ու տանում են այսքան ագրեսիաների, որ մենք քարանանք, կարկամենք ու թույլ տանք, որ մեզ հետ կատարվի այն, ինչ կատարվում է։ Մենք պոստ տրավմատիկ սթրեսի մեջ ենք։
- Խաղաղություն չկա ու չի կարող լինել։ Խաղաղությունը, որպես կանոն, խարսխված է լինում որոշակի արդար լուծման վրա։ Ակնհայտ է, որ այն մոդելը, որը հրամցնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա արևմտյան դոնորները, անարդար է։ Անարդար է, ինչ մեզ հետ կատարվում է։ Բացի դրանից, խաղաղությունը ենթադրում է անվտանգություն։ Խաղաղությունն անվտանգության հետևանք է։ Երրորդ սկզբունքը կայունությունն է։
Երաշխավորությունը չի կարելի կապել երրորդ երկրների հետ։ Սա շատ լավ օգտագործում են նիկոլենք։ Երաշխավորության մասին իմ ասածը վերաբերում է միջազգային ինստիտուտներին։

- Երկար տարիներ այս տարածաշրջանում եղել է ռուսական պրոտեկտորատ։ Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան պրոտեկտորատն ավելի լավն է, քան ռուսականը։ Եթե դու ընդամենը փորձում ես խաբել աշխարհագրությանը և պատմությանը, ո՞ւր մնաց ինքնիշխանությունը։ Այն բոլոր պետություններն ու ժողովուրդները, ովքեր փորձում են խաբել աշխարհագրությանը և պատմությանը, անպայման պատժվում են։ Գեոպոլիտիկա կա, և այն ոչ մի տեղ չի անհետացել…
- Սա խաղաղություն չէ, սա կապիտուլյացիա 2.0 է, որը մեզ հրամցվում է խաղաղության տեղ։ Խաղաղություն լինում է, երբ երկու ժողովուրդների մեջ կա հաշտեցում և միմյանց կարմիր գծերի պահպանում և հարգում։ Երբ Հաջիևը դիվանագետներին տանում է Արցախ ու ձեռքի հետ բեմադրում մուլյաժ-շոու, սա հաշտեցման, խաղաղության մասին չէ։
Երբ Ալիևն ասում է՝ մենք երբեք չենք մոռանա՝ մեզ հետ ինչ են արել, սա հաշտեցման մասին չէ։ Դեռ մեծ հարց է, թե ով՝ ում պետք է ների… Կամ երբ Ադրբեջանի նախկին արտգործնախարարը Նիկոլին վիրավորում է, ինձ համար էլ է դա վիրավորական, մանավանդ, երբ դա շաղախվում է «Սևան չմտնես» խոսույթով։ Ո՞ւր է այստեղ հաշտեցում, խաղաղություն։
- Բոլորը ներվայնացան, որ Նիկոլը գնացել է Գերմանիա` Հեսսեյան մրցանակ ստանալու, քանի որ գնացել է մասնավոր ինքնաթիռով, բայց կարևորը մնաց, չխոսվեց այդ մասին։ Էդ ինչի՞ գերմանացիներն Ալիևին այդ մրցանակը չտվեցին։ Չէ՞ որ նրանք համատեղ շատ մրցանակներ են ստացել։ Չեն ուզել պարզապես։ Անգամ գերմանական մամուլն էր գրել, որ 51-ամյա նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն այդ մրցանակին արժանացել է ցավոտ զիջումների, Արցախի էթնիկ զտման ու կորստի համար։ Դրա համար Ալիևին չեն տվել, որովհետև վերջինս նրանց աչքերում ավտորիտար, ձեռքերն արյունոտ մարդ է։ Այդ մրցանակը գերմանացիներին չտվեցին մի պատճառով, քանի որ գիտեն, որ դա խաղաղություն չէ, որովհետև այդ դեպքում երկուսին էլ կտային։ Խելոք մարդիկ հասկանում են, որ այդ մրցանակի, այդ խաղաղության տակ արյուն կա։

- Ի տարբերություն այսօրվա Հայաստանի՝ Թուրքիան և Ադրբեջանը հասկանում են, որ Սփյուռքն ազդեցության լուրջ գործիք է։ Ադրբեջանը ժամանակին մեզնից է սովորել Սփյուռքի նախարարություն ստեղծելը։ Որ երկրում հայկական համայնքներն ուժեղ են, այդ երկրում ադրբեջանական սփյուռքի սինթեզի գործընթաց են տանում։ Պատահական չէ, որ Հաջիևն ու Էրդողանն ասում են՝ հայկական Սփյուռքն ու ռևանշիստները խանգարում են խաղաղությանը։
Գորբաչովին տվեցին խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Սովետը փլուզվեց, Իցհակ Ռաբինին տվեցին՝ սպանվեց, Սաադաթին տվեցին՝ խաղաղություն չեղավ, իրեն սպանեցին։ Օբամային տվեցին ավանսով՝ խաղաղություն չեղավ, բայց իր կառավարման օրոք մի քանի պատերազմներ եղան…
- Եթե խաղաղության այս մոդելը լավն է, պարոնա՛յք արևմտյան երկրների առաջնորդներ, երբ մի կողմը պահանջում է ամեն ինչ, մյուսն էլ զիջում է, բա այս նույն մոդելն ինչի՞ չեք խրախուսում ու կիրառում Ուկրաինայում։ Բա ինչի՞ եք Ուկրաինայի պարագայում ասում, որ չի կարող լինել պարտադրված կամ անկայուն խաղաղություն։ Որովհետև ձեր գոված այս խաղաղությունը Ռուսաստանը տարածաշրջանից հանելու մասին է։ Քանի՞ օր կմնա Զելենսկին իշխանության, եթե անի այն ամենը, ինչ անում է Փաշինյանը։
- Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ չի կատարել Սահմանադրության պահանջը, որովհետև ՀՀ գործող Սահմանադրությունն ուղիղ պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը տեր կանգնել իր հոգևոր-մշակութային ժառանգությանն արտերկրում։ Սա ամենապաշտպանված ու հեշտ թեման է՝ գոնե Արցախի մասով դա անելու համար։ Հանցագործություն է այն, որ Հայաստանի կառավարությունը լվանում է ձեռքերը։ Բայց ոչ ոք պարտավոր չէ ավելի հայ լինել, քան հայերը։ Վաղը նույն եվրոպացիները, գրոնոներն ասելու են` ձեր կառավարությունը չի պաշտպանում հայկական ժառանգությունը, մեզնից ի՞նչ եք ուզում։
- Ամերիկայի համար մարդու իրավունքների թեման արտաքին քաղաքականության ստից էլեմենտ է դարձել։ Եվրոպացիները դեռ խոսում են դրանց մասին, բայց այստեղ է, որ առաջանում է կոգնիտիվ դիսոնանս՝ կա՛մ մի՛ խոսեք մարդու իրավունքներից, կա՛մ պաշտպանե՛ք դրանք։ Բայց ռեալ պոլիտիկի կանոնը հետևյալն է՝ եթե դու պատրաստ ես խուրդվելու, ուրեմն պետք է խուրդվես։

- Նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր տարեկան զեկույցում ասել է՝ ես հայտարարում եմ նոր գեոպոլիտիկ պրոյեկտ, որը Կենտրոնական Ասիան ու Հարավային Կովկասը կապելու է Եվրոպայի հետ։ Ակնհայտ է, որ խոսքը TRIPP-ի մասին է։ Մյուս կողմից՝ ես հետևում եմ իրանական դիվանագիտությանը, որն ասում է՝ դեմ չենք պրոյեկտին, եթե այն չի վնասում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և եթե ամերիկյան ներկայություն նԻրանի համար ռիսկեր չի առաջացնելու։ Հետևաբար՝ Իրանը TRIPP-ը դիտարկում է ամերիկյան բանակցային փաթեթի մաս։ Եվ ես չեմ բացառում, որ եթե Իրանն ԱՄՆ-ի հետ հարմար լուծում գտավ, TRIPP-ը սկզբունքային նշանակություն իրենց համար չի ունենալու։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Այսինքն՝ մեր հաշվին շատ տարբեր խաղացողներ պարզելու են իրենց հարցերը։
- Երկար ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում էին, որ այդ գեոպոլիտիկ կռիվները մեր սահմաններից հեռու լինեն, որ Հայաստանը չդառնա գեոպոլիտիկ մարտադաշտ, սակայն Փաշինյանի շնորհիվ հիմա դրանք մեր սահմաններից ներս են։
- TRIPP-ն ու Արկտիկայի լոգիստիկ հանգույցները ծառայում են միևնույն նպատակին։ Եթե այսպես շարունակվի, կունենանք իրավիճակ, որը Հայաստանի վրա նոր պարաններ կդնի` երաշխավորված քաղաքական ու պետական մահ ապահովելով Հայաստանի համար։
- TRIPP-ի մուտքը Հայաստանի տարածքում է, ոչ թե Ադրբեջանի։ Իսկ կարո՞ղ է բառախաղի իմաստն այն է, որ բեք օֆիսն ու ֆրոնտ օֆիսը տեղադրեն Հայաստանի սահմաններից դուրս:
- Հարգելի՛ ընդդիմադիրներ, գրեթե բոլորդ դեմ եք արտահայտվել Զանգեզուրի միջանցքին, բայց ոչ մեկդ գրեթե դեմ չէ TRIPP-ին։ TRIPP-ը Զանգեզուրի միջանցքը չէ՞, Զանգեզուրի միջանցքն էլ Մեծ Թուրանը չէ՞: Իսկ կարո՞ղ է TRIPP-ը Զանգեզուրի միջանցքից մի բան էլ «լավ» Միջանցք է, թե՞ ԱՄՆ-ի հետ չեք ուզում հարաբերությունները փչացնել, դրա համար չեք ասում։
- Չես կարող երկաթի դիմաց զիջել ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն։ Ի վերջո, էդ չիպերը երկաթ են, որ ժամանակի ընթացքում մաշվելու են… 5 տարի հետո էդ չիպը չի աշխատելու, էլ ինչի՞ դիմաց ես նոր մոդել բերելու։
- TRIPP-ը մի դեպքում չէր դառնա Զանգեզուրի միջանցք, երբ բոլոր ուղիները բացվեին, երբ լոգիստիկան մրցունակ լիներ միջազգային շրջանակներում, ոչ թե դա դառնար Թուրքիայի ազդեցության միջոց դեպի Կասպից ծով և դրանից այն կողմ։

- 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը նոր սերնդի գունավոր հեղափոխություն էր։ Սա այն Վրաստանի ու Ուկրաինայի գունավոր հեղափոխություններից չէր։ Ռուսական ուժային շրջանակներ կային, որոնք 2018-ի մեջ փայ ունեն։ Փաստ է, որ 2020թ. պատերազմից հետո ռուսները շահագրգիռ էին, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Դրա մեջ տեղավորվում էին և՛ Գլխավոր շտաբի հայտարարությունը, և՛ 2021թ. արտահերթ ընտրությունները, և՛ Պուտինի «Он не предатель»-ը։ Չէր կարող լինել 2018-ը, եթե իշխանության ներսում չլինեին ճաքեր։ 2008-ին փողոցային շարժումը հաջողություն չունեցավ, որովհետև իշխանական պետական էլիտան իրեն պահեց միասնական, խաղեր չտվեց։ ՀՀԿ-ն, այդ ժամանակ լինելով իշխանության կմախքը, խաղեր չտվեց, ու ոչ ոք խաղեր չտվեց։
- Պոստֆակտում բոլորը փորձում են խելոք լինել, բայց ոմանք դա անում են՝ սեփական սխալները հաշվի առնելով, ոմանք` սեփական սխալը չտեսնելու և ուրիշի գրպանը գցելու միջոցով։
- Հարգելի ընդդիմադիրներ, եթե դուք դեռ պնդում եք, որ 2018-ը ճիշտ էր, բայց Նիկոլը չպիտի լիներ, այլ ուրիշ մարդ, դուք ընկնում եք թակարդի մեջ։ Նիկոլը Սերժից չէր խլել պետական մեքենան, որ ձեզ տար, այլ խլել էր, որ ինքը քշեր, չէր խլել, որ պայմանական փոխվարչապետի պաշտոնը ստանալու միջոցով իշխանություն վերցնեիք։ Մենք մեղավոր չենք, որ Նիկոլը ձեզ խաբել ու գցել է։
- Ես իմ 2018-ն ապրել եմ, իմ ընտանիքը, իմ կուսակցությունն ապրել է։ Հայաստանի Հանրապետությունում բոլորը երազում էին, որ իրենց հարսանիքն անցնի Հանրապետության հրապարակով, ես և իմ ընկերները միակն էինք, որ մեր թաղումն էին կազմակերպում Հրապարակում։ Այն ընդդիմությունը, որը պնդում է, որ 2018-ը ճիշտ էր, չունի հաղթելու շանս։ Մինչև մեղքդ չընդունես, այն չի ներվելու։Ոչ ոք չի ասում, որ Հայաստանը 2018-ին եղել է դրախտ, բայց եղել է դրախտ՝ այսօրվա դժոխքի հետ համեմատած։
- Գեոպոլիտիկ ուժի կենտրոնները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, եվրոպական կենտրոնները չեն փոխվել։ Սերժ Սարգսյանը հայկական շահն այնպես էր կարծրացրել, որ բոլորն էլ փորձում էին ստատուս-քվոն փոխել։ Սերժին կրելու ամենահեշտ ձևը շախմատի սեղանը շուռ տալն էր, որովհետև պարտիան գնում էր, ու Սերժը պարտիան կրում էր։ Բոլորը Սերժ Սարգսյանի հեռացման մեջ շանս էին տեսնում պարտիան իրենց ձևով շարունակելու, և Նիկոլի ձեռքով ու ժողովրդի փաթեթավորմամբ սեղանը շուռ տվեցին։
Բոլորը գիտեին Սերժ Սարգսյանի արժեհամակարգն ու կարմիր գծերը, բանակցային հմտությունները, ու փորձեցին այնպես անել, որ ավելի շատ ստանան։ Ու հաջողվեց. ստացան ավելի շատ ու բռնեցին ջեք փոթ։
- Նիկոլ Փաշինյանը գրպանային քաղաքականության գրոսմայստեր է։ Բոլոր պրոբլեմները ճխտում է ռուսների ու նախկինների գրպանները և բուծում է սեփական գրպանային փորձագետներին, որոնք չեն տեսնում իրենց կոռուպցիան ու հաստատում են իր ասածը։

- Քաղաքական խոհանոցն առողջացնելու երկու տարբերակ կա` կամ համակարգային մաքրում են, կամ քանդում, նորն են կառուցում։
- 8 տարի իրենք իշխանության են, ես 10 տարի կրթության նախարար չեմ. ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։ Այսօրվա նախարարը երբ կրթության նախարարությունում էր աշխատում, ես դեռ բժշկականում էի սովորում, ընդ որում՝ ինքն աշխատում էր որոշում կայացնող բաժիններում։ Կրթական առաջին չափորոշիչը 2004-ին է ընդունվել, 2010-ին իմ օրոք ընդունված կրթական չափորոշիչը գիտելիքահեն էր։ 3-րդ չափորոշիչն ինչի՞ եք ընդունել 2024-ին։ Բա եթե իմ օրոք ընդունված կրթական չափորոշիչն էդքան վատն էր, ինչի՞ եք 14 տարի հետո նույնն օգտագործել։ Բա ինչի՞ շուտ չէիք անում։ Դուք բարոյականություն չունե՞ք։ Բա եթե իմ օրոք սկսված բարեփոխումները վատն էին, ինչի՞ չէիք չեղարկում։ Չեղարկեի՛ք:
- Ես 2 տարի առաջ եմ առաջին անգամ աղաղակել, որ Հայաստանում կրթության մակարդակի պրոբլեմ կա։ Ես չեմ ասել, ՄԱԿ-ն է գրել 2 տարի առաջ։ Նախկինում երբեք նման բան չի եղել։ Մեր մասին չի գրել։ Ձեր օրոք ձեր կրթության վիճակի մասին է գրել։
- Կրթությունը միայն գիտելիքի փոխանցման խողովակ չէ, այլ արժեհամակարգի ձևավորում։ Կրթությունն ուսում չէ, դաստիարակություն է նաև։ Նիկոլը փայլուն գիտի, որ ազգի արժեհամակարգի վրա ազդեցություն ունեն կրոնը, մշակույթը և դպրոցը։ Նրա թիրախները պատահական չեն։ Ես վաղուց էի սպասում, որ նա կարգելի դպրոցում խոսել ազգային արժեքներից, բայց նա արդեն ավտորիտարիզմից մտնում է տոտալիտար դաշտ։ Նա փորձում է վերահսկել ժողովրդի մտածողությունը, որ արժեհամակարգ փոխի։ Հիմա նա ուզում է շատ բացահայտ մտնել մեր ուղեղը։
- Նիկոլի «Իրական Հայաստանի» կոնցեպտը Հայաստանի մասին չէ։ Ինչքան ազգի ինքնության մակարդակը ցածր է, այնքան ավելի պրիմիտիվ են քո ազգային շահերը։ Եթե քեզ կպած դարձնում են բնակչություն, իսկ դա են անում 44-օրյա պատերազմից հետո, քեզ մանրացնում, խուրդում են այն աստիճանի, որ քո ազգային նպատակները լինեն ուտել-խմելու մասին։
- Ժաննա Անդրեասյանն ավելի վատն է, որովհետև մասնագիտական առումով ինքը պրոֆեսիոնալ է, ինքը ոլորտի պրոդուկտ է։
- Բա որ սիմվոլները կարևոր չեն, ինչի՞ Թուրքիան պահանջեց, որ միջազգային պայմանագրերում իրենց պետության անունը լինի ոչ թե Turkey, այլ Turkie:
- Ուսուցիչներին խորհուրդս մեկն է` հայ մնալ։

- Իմ օրոք` 2015-16 թթ. բուհերն ավելի պակաս էին քաղաքականացված ու ակադեմիական ավելի մեծ ազատություն կար, քան հիմա։ Դա ես չեմ ասում, սորոսական վերլուծական կենտրոններն են ասում։
- Այս պահին հայկական պետություն չկա, բայց համաշխարհային մասշտաբի ողբերգություն կլինի, եթե հայ ժողովրդի ինքնության կոդերն ավելի հեշտ ու շուտ փոխվեն, քան կփոխվի Փաշինյանի իշխանությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

