Եթե ձեր առողջության համար պատասխանատու անձը նույնիսկ բավարար գիտելիքներ չունի գրիպի համեմատաբար պարզ ոլորտում, ապա ինչպե՞ս կարող է նա կառավարել հանրային առողջության ավելի բարդ խնդիրները․ Յաղջյան
Համաճարակաբան, դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի դասախոս Լուսինե Յաղջյանը գրել է․
«Եվ այսպես շարունակվում է Անահիտ Ավանեսյանի կողմից հանրությանը ներկայացված կեղծ տեղեկությունների երկար ցանկը։ Այս անգամ նա հիանալի կերպով ցույց է տալիս, թե որքան «լավ է» տեղեկացված այն պատվաստանյութերի մասին, որոնք հանրությանը ներկայացվում են որպես եվրոպական և ժամանակակից։
Ընդամենը մի քանի ամիս առաջ խորհրդարանում ունեցած իր ելույթում նա պնդում էր՝ ժողովրդին մոլորեցնելով, որ Հայաստանում սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի հետևանքով վաղաժամ մահացության ցուցանիշները «աննախադեպ» նվազել են՝ ցույց տալով, թե իբր ցանկացած ներդրման դեպքում բացառիկ արդյունքներ են գրանցվում։ Ինչպես նախկինում նշել եմ, պատշաճ սքրինինգի բացակայության (Հայաստանում դրա կիրառման չափազանց ցածր ցուցանիշների պայմաններում), ծխելու չափազանց բարձր մակարդակի (ավելի քան 50%, ինչպես ինքն էր նշել) և կենսական նշանակության դեղամիջոցների, այդ թվում՝ քիմիաթերապևտիկ դեղերի պակասի պայմաններում նման փոփոխությունն անհնար էր. այն վկայում էր բացառապես տվյալների հավաքագրման և վերլուծության թերի լինելու մասին։ Աշխարհում երբեք չեն գրանցվել քաղցկեղից վաղաժամ մահացության նման նվազումներ՝ առանց կանխարգելման ակտիվ միջոցառումների (և նույնիսկ դրանց առկայության դեպքում)։
Ակնկալում եմ, որ նա «կլուսավորի» գիտական հանրությանը որը գիշեր-ցերեկ աշխատում է կանխարգելման նոր մոտեցումներ գտնելու ուղղությամբ, այն «խորհրդավոր» մոտեցումների վերաբերյալ, որոնք նա այդքան արդյունավետ է գտել։
Դեռևս 2025 թվականի հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին (ճշգրիտ ամսաթիվը չեմ հիշում, բայց լրագրողները հեշտությամբ կարող են ասել) Ավանեսյանը մասնագիտական անգրագիտության ևս մեկ վառ օրինակ ցուցադրեց։ Երբ լրագրողը հարցրեց, թե արդյոք գրիպի հետ կապված վատ իրավիճակն առնչվում է օդի աղտոտվածությանը, նա պատասխանեց՝ ոչ, և որ դրանք երկու իրար հետ կապ չունեցող թեմաներ են։ Քանի որ նա նախընտրում է ժամանակն անցկացնել տեսախցիկների առաջ՝ փոխանակ իրականում կրթվելու առողջապահական նման թեմաների շուրջ, թույլ տվեք հստակ նշել. այո՛, գրիպի տարածվածությունն ու ընթացքի ծանրությունը մեծապես կապված են օդի աղտոտվածության մակարդակի հետ։ Կարող եմ ներկայացնել առնվազն երեք հիմնավորված մեխանիզմ, թե ինչու է դա այդպես։ Նախ՝ օդի աղտոտիչներից մեկը՝ այսպես կոչված կախյալ մասնիկները (particulate matter), գրիպի վիրուսների կողմից օգտագործվում են որպես տարածության մեջ տեղաշարժվելու միջոց՝ դրանով իսկ նպաստելով վարակի տարածմանը։ Երկրորդ՝ քանի որ այդ մասնիկները կարող են խորը թափանցել շնչառական համակարգ, դրանք հեշտացնում են վիրուսի մուտքը դեպի թիրախային օրգաններ։ Եվ վերջապես, օդի աղտոտվածության բարձր մակարդակի երկարատև ազդեցությունը հանգեցնում է շնչուղիների ենթակլինիկական քրոնիկ բորբոքման, որը կարող է ախտանիշներ չառաջացնել, սակայն մեծացնում է շնչուղիների խոցելիությունը վիրուսների նկատմամբ։
Հարցրեք ինքներդ ձեզ. եթե ձեր առողջության համար պատասխանատու անձը նույնիսկ բավարար գիտելիքներ չունի գրիպի նման համեմատաբար պարզ ոլորտում, ապա ինչպե՞ս կարող է նա կառավարել հանրային առողջության ավելի բարդ խնդիրները։ Էժանագին գովազդներով օր ու գիշեր տեսախցիկների առջև հանդես գալու փոխարեն՝ առաջարկում եմ հաջորդ անգամ գոնե ստուգել այն տեղեկատվությունը, որը մտադիր եք ներկայացնել»։

