Հայաստանում անկլավ չկա… Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ նամակ էր տվել ու հանձնարարել այն փոխանցել Դեմիրելին… Հրանտ Բագրատյան
«Դասեր» հաղորդաշարի հյուրը՝ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, մանրամասնորեն խոսեց Տիգրանաշենի իրավական պատկանելության, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման մասին:
«Մեր կառավարման տարիներին երբեք Ադրբեջանը Տիգրանաշենի և անկլավների պահանջ չի դրել: Երբ մենք գնում էինք բանակցությունների, թղթերով զինված էինք գնում: Ադրբեջանը երբեք չի պահանջել Տիգրանաշենը, որովհետև իմացել է, որ Տիգրանաշենը հայկական է, չնայած այնտեղ ապրում էին ադրբեջանցիներ: Տիգրանաշենի պրոբլեմը սկսվեց դեռևս 1989թ., երբ եղան Բաքվի ջարդերը, և հայերը եկան ու գնացին այնտեղ տները փոխանակելու:
Գնացինք, այնտեղ տեսանք փոքրիկ հրամանատարական կետ: Հարցրեցինք՝ սա Հայաստանի սուվերեն տարածքն է, ինչո՞ւ եք այստեղ: Ռուս զինվորականներն ուսումնասիրեցին մեր տարած փաստաթղթերը, ասացին՝ ճիշտ եք, սա հայկական տարածք է: Տիգրանաշենի խնդրով 2-րդ անգամ ես շփվել եմ Թուրքիայի նախագահ Դեմիրելի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ նամակ էր տվել ու հանձնարարել այն փոխանցել Դեմիրելին: Նրան խաբել էին, թե մենք հարձակվել ենք իր եղբայր Հեյդարի վրա:
Տեր-Պետրոսյանն իր նամակում խոսում էր Սադարակի մասին: Մենք Իզմիրում էինք հանդիպել, Դեմիրելը խնդրեց, որ մի օր մնանք: Հաջորդ օրն ասաց՝ ճիշտ եք, Հայաստանն Ադրբեջան չի ներխուժել, իսկ իր եղբայր Հեյդարը պարզապես տաքացել է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Վերջինս հիշեցրեց՝ երբ ադրբեջանցիների հետ պայմանավորված Կիրանցում արեցին անարդար սահմանագծում, Նիկոլ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը հայտարարեցին, որ Բերքաբերից հողեր են մեզ տալու ադրբեջանցիները, բայց չտվեցին: Ո՞ւր է Բերքաբերից հետ բերած հողը… Չկա՛, սո՛ւտ էր:
«1466 սյուն է խփված Հայաստան-Ադրբեջան սահմանին 1988թ. պրոտոկոլով: Հայ-ադրբեջանական 975 կմ սահմանից 969-ը սահմանագծված է: Բոլոր սյուների աշխարհագրական կոորդինատները հայտնի են: Սահմանի մեծ մասը սահմանագծված է: Այդ պրոտոկոլների համաձայն՝ Հայաստանում ոչ մի անկլավ գոյություն չունի:
Բոլոր մարդահամարների ժամանակ այդ 8-ի բնակչությունը հաշվառվել է որպես հայկական տարածքի բնակչություն: 182 հատ տեղային փոքր քարտեզ կա, որտեղ ոչ մի անկլավ չկա: Ինչի՞ եք տալիս տարածքները, հանուն ինչի՞: Հայաստանի տարածքները տալով՝ Սյունիքի սահմանը սարքել են «սասիսկի», նենց են բարակեցրել»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:

