Գազի գինն ո՞ւմ հաշվին է բարձրացնելու՝ իմ, ձեր, ժողովրդի. ոչ մի ինքնիշխանություն էլ չկա. հարցում
Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի մասին հանրային ու քաղաքական շրջանակներում այսօր ամենատարբեր քննարկումներն են ծավալվում․ հնչում են՝ «հարաբերությունները բարեկամական են»-ից՝ մինչև «հոգևարքի ու ամուսնալուծության» մասին հայտարարություններ։
Ինչպե՞ս է այս քաղաքական պրոցեսներին վերաբերվում ՀՀ քաղաքացին․ 168․am-ը հարցի պատասխանը լսել է մայրաքաղաքում անցկացրած փոքրիկ հարցախույզի ընթացքում։
«Ինձ թվում է, որ ճիշտը Ռուսաստանի հետ բարիդրացիական, դաշնակցային հարաբերություններ ունենալն է,- ասաց քաղաքացիներից մեկը, ապա անդրադառնալով իշխանությունների՝ դիվերսիֆիկացիայի մասին հայտարարություններին՝ հավելեց,- Դիվերսիֆիկացիան լավ բան է, բայց պետք է խելամիտ ձևով վարվել»։
Մի կին արձանագրեց, որ այս պահին հայ-ռուսական հարաբերություններում իրավիճակը լարված է «մեր գեղեցիկ ղեկավարի շնորհիվ»։ Նա շեշտեց՝ ռուսամետ չէ, սակայն կնախընտրի ռուսի հետ ճանապարհ անցնել, քան թուրքի։

Տիկնոջ կարծիքով՝ թյուր են հավաստիացումները, թե այս ամենն արվում է հանուն ՀՀ ինքնիշխանության․ «Ոչ մի ինքնիշխանություն էլ չկա։ Գազի գինն ո՞ւմ հաշվին է բարձրացնելու՝ իմ ու ձեր, մնացած ժողովրդի»։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց․ «Մենք 70 տարի Ռուսաստան տեսել ենք․ իրենք մեզ պետք չեն։ Մենք թասիբով ժողովուրդ պիտի լինենք, մեկս մեկին բռնող, մեկս մեկին թիկունք, ու մեր երկիրը զարգացնենք, մեր երկիրը ապահով պահենք։ Ուրիշ ոչ մեկը մեզ համար չի անի, ոչ մի երկիր անշահախնդիր չի»։
«Ես չգիտեմ՝ ինչու սեպ մտավ էդ հարաբերությունների մեջ, բայց մենք հնուց եկած, շատ բարիդրացիական հարաբերություններ ունեինք, ու չեմ կարծում՝ այդ հարաբերություններից Հայաստանը տուժում էր»,- ասաց մեր հարցմանը մասնակցած քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում

