Ինքնիշխանության աղբյուրները և «Սատանան» Մաս 1. Լևոն Զարգարյան
Քաղաքական վերլուծաբան Լևոն Զարգարյանը գրել է․
«Նիկոլ Փաշինյանի շուրջ օղակն օրեցօր սեղմվում է․ տարբեր կողմերից իրենց հաշիվներն են ներկայացնում պարտատերերը, իսկ ամենագլխավորը՝ Ադրբեջանը, արդեն սկսել է պահանջել վճարումը։
Խաղաղությունը դարձել է Փաշինյանի իշխանության պահպանման գլխավոր պայմանը, իսկ այդ խաղաղությունը կախված է Ալիևի կամքից։ Հետևաբար Երևանը ստիպված է կատարել Բաքվի պահանջները։ Բայց այստեղ կա մի նրբություն։
Սեպտեմբերի 18-ին Վիսբադենում Հեսսեյան խաղաղության մրցանակը ստանալիս Փաշինյանն ասաց. «Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին»։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, լրացավ Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի երեք տարին, որի արդյունքում հայրենիքը լքեց 120 հազար մարդ։
Նույն ելույթում հնչեց մեկ այլ թեզ, որը Փաշինյանը վաղուց է կրկնում, և որը Կառավարության էջում դարձավ վերնագիր. «Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն ընդունել և պաշտպանել են խաղաղությանը»։
Այս բանաձևում կա մեկ բացթողում․ ադրբեջանցի ժողովուրդը ոչինչ չի որոշում։ Այնտեղ չկան ընտրություններ, որոնք փոխում են իշխանությունը, չկա անկախ մամուլ, չկան անկախ փորձագետներ։ Կա մեկ մարդ, ով որոշումներ է կայացնում, և պետական ապարատ, որը դրանք իրագործում է։ Ադրբեջանական կողմից խաղաղության երաշխավորը ադրբեջանցի ժողովուրդը չէ, այլ Իլհամ Ալիևն անձամբ։
Եթե խաղաղությունը երաշխավորում է մեկ մարդ, ապա այն գոյություն ունի ճիշտ այնքան ժամանակ, որքան այդ մարդը ցանկանում է։ Բավական է մի քանի օր անընդմեջ սահմանին կրակոցներ հնչեն, և խաղաղության օրակարգը դադարում է գոյություն ունենալ։ Իսկ խաղաղության օրակարգը ՀՀ իշխանության թեմաներից մեկը չէ։ Դա նրա միակ թեման և միակ արդարացումն է․ երկրի ներսում կատարվող ամեն ինչ բացատրվում է «որպեսզի պատերազմ չսկսվի» հիմնավորմամբ։ Հետևաբար այն մարդը, որը կարող է չեղարկել խաղաղությունը, կարող է չեղարկել նաև այն իշխանությունը, որը դրա վրա է հենված։
Նիկոլ Փաշինյանի իշխանության աղբյուրը գտնվում է Բաքվում։
Այս պնդումը ստուգելու համար հիշենք, որ սեփական քաղաքացիներից մանդատ ստացած իշխանությունն արտաքին քաղաքականությունը հարմարեցնում է ներքինին։ Դրսից մանդատ ստացածը գործում է հակառակ տրամաբանությամբ՝ ներքին քաղաքականությունը հարմարեցնում է արտաքին պահանջներին, որովհետև հենց դրանք են որոշում նրա գոյատևման հարցը։
Եվ վերոգրյալի ամենատիպիկ օրինակը Սահմանադրության փոփոխության գործընթացն է։
2024թ․ սեպտեմբերի 26-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը վճռեց, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը վերաբերում է բացառապես Հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են հենց Սահմանադրության հոդվածներում, և հետևաբար որևէ տարածքային պահանջ չի պարունակում։
Բացի այդ, Փաշինյանն անձամբ բազմիցս և հրապարակայնորեն հղում է կատարել այդ որոշմանը։ 2024-ի հոկտեմբերին Մոսկվայում՝ ԱՊՀ գագաթնաժողովում, 2024-ի նոյեմբերին, 2025-ի մայիսին՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողին. «Դե յուրե, մեր Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, մեր գործող Սահմանադրությունը մեր հարևանների նկատմամբ որևէ տարածքային պահանջ չի պարունակում»։ Նույն նոյեմբերի ելույթում նա ավելի հեռու գնաց և հիշեցրեց, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է կատարում 1991թ․ Սահմանադրական ակտին, իսկ վերջինս՝ 1918թ․ հռչակագրին, ըստ որի Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը ներառում էր Արևելյան և Հարավային Անդրկովկասը։ Այսինքն՝ Ադրբեջանի հիմնական օրենքում տարածքային պահանջների շղթան ավելի երկար և ավելի ուղիղ է, քան հայկականում։
Իսկ երկրի ներսում նույն մարդը բացատրում է, որ Սահմանադրությունը պետք է փոխել, և դրա նախագիծը գոյություն ունի դեռևս 2018-ից՝ կարծես թե «մոռանալով», որ 2018թ․ նախագծով չէր հեռացվում Անկախության հռչակագրին արված հղումը։
Երկու պնդումները չեն կարող միաժամանակ ճշմարիտ լինել։ Կա՛մ Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում, և ուրեմն այն փոխելու կարիք չկա։ Կա՛մ այն փոխելն անհրաժեշտ է, և այդ դեպքում վարչապետի արտաքին լսարաններին ներկայացրած բոլոր փաստարկները սխալ էին։ Կա միայն մեկ բացատրություն, որը վերացնում է այս հակասությունը. փոփոխության պատճառը իրավական չէ։ Փոխել պետք է ոչ թե այն պատճառով, որ տեքստում ինչ-որ բան այն չէ, այլ որովհետև դա պահանջում է կոնկրետ մարդ։ Եվ միայն Հայաստանն է փոխում իր Սահմանադրությունն այն դեպքում, երբ հենց Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական Սահմանադրությունն ավելի ուղիղ հղում է պարունակում։
Սա շատ նման է ընտանեկան բռնության, որտեղ Հայաստանի իշխանության դերը հանգում է նրան, որ զոհին՝ հայ ժողովրդին, բացատրի. «համբերի՛ր, շուտով ամեն ինչ կավարտվի»։
Բայց ոչինչ չի ավարտվում։ Ճնշումն աճում է, և այն տեսանելի է։
Գանձասարում տեղի ունեցած ֆարսին հաջորդեց Ադրբեջանի նախկին արտգործնախարար, այժմ «քաղաքագետ» (անկախ փորձագետ չունեցող երկրում սա նշանակում է մեկ բան) Թոֆիգ Զուլֆուգարովի՝ սեպտեմբերի 16-ին Facebook-ում արած հրապարակումը՝ Սևանում լողացող Փաշինյանի տեսանյութով. «Ты коз..л, пока не разделили озеро не лезь в наше Гойча….а то мы тоже поплаваем!» վերնագրով (լուսանկարում)։
Վիրավորանքն այստեղ երկրորդական է․ Փաշինյանը վաղուց է «սովոր» դրան։ Ավելի ուշագրավ է Սևանի բաժանման վերաբերյալ հայտը մի մարդուց, որը ժամանակին պետության անունից դիվանագիտական փաստաթղթեր էր ստորագրում։
Եվ սա առանձին արարք չէ, այլ գործող համակարգի մի մաս․ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» համագումարները, «Զանգեզուրի միջանցքի» մասին պարբերաբար հիշատակումները, քարտեզները, որոնց վրա Սևանը կոչվում է Գոյչա, «վերադարձի» մասին պաշտոնական հռետորաբանությունը։ Փաշինյանը պատրաստվում է խաղաղության մի երկրի հետ, որտեղ չեն թաքցնում տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։
Սակայն ամենակարևոր հարցը՝ ինչու է ճնշումն ավելացել հենց հիմա։
Որովհետև մինչև հունիս Ալիևը ճնշում գրեթե չէր գործադրում։ Նրան անհրաժեշտ էր, որ Փաշինյանը վերընտրվի, և դա տեղի ունեցավ։ Արժե հիշել Փաշինյանի «եթե ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն, աշնանը կսկսվի աղետաբեր պատերազմ» ձևակերպումը։ Սա ընդունված է համարել նախընտրական շանտաժ։ Սակայն ես կարծում եմ, որ նա անկեղծ էր։ Նա իսկապես հասկանում էր, որ Ալիևի պահանջները չկատարելու դեպքում կորցնելու է և՛ խաղաղությունը, և՛ իշխանությունը, որովհետև իր համար դրանք նույնական են։ Եվ դա իսկական աղետ էր լինելու իշխող թիմի համար։
Չստանալով սահմանադրական մեծամասնություն՝ Փաշինյանը ժամանակ է շահում՝ կատարելով Ալիևի պահանջների մյուս մասը․ Տիգրանաշենը կոչում է Քյարքի, շարունակում Եկեղեցու դեմ պատերազմը, դատում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, խորհրդարանի ամբիոնից նրան անվանում ավազանի անունով, Ցեղասպանության հարցը հանում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, իսկ օգոստոսի 24-ին հնչեցնում կոչ՝ «վերջ տալ Ցեղասպանության զենքայնացմանը»։
Բայց Բաքվի համար սա քիչ է. Սահմանադրությունը չի փոխվել: Այստեղից էլ տոնայնության աճը։ Սա էմոցիա չէ։ Սա հաշիվ է, որ ներկայացվում է պարտապանին, որը վճարում է ավելի դանդաղ, քան խոստացել էր։
Իսկ երբ հաշիվն ամբողջությամբ ներկայացվի, վճարողը չի լինելու նա, ով պարտք էր վերցրել։ Հայ ընտրողին առաջարկվել էր պարզ գործարք՝ կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում, բժշկական ապահովագրություն, ճանապարհների, դպրոցների և մանկապարտեզների կառուցում, և այդ ամենը՝ հիմա։ Իսկ դրա դիմաց վճարվելիք գինը՝ հետո։ Այդ գործարքի օգտին քվեարկողը չէր քվեարկում Սահմանադրության, Սևանի և Եկեղեցու հարցերում զիջումների համար․ այդ մարդիկ քվեարկում էին հանգստության համար։ Բայց հաշիվը Փաշինյանին և նրա նախարարներին չեն ներկայացնելու։ Հաշիվը ներկայացնելու են երկրին, և առաջին հերթին՝ հենց այն մարդկանց, ովքեր քվեարկել են այդ գործարքի օգտին։
Անհրաժեշտ է հասկանալ, որ այդ գործարքի օգտին քվեարկած ընտրողը հանցակից չէ, այլ նույն սխեմայի զոհը։ Երբ քաղաքացուն ամիսներ շարունակ կրկնում են, որ իր ընտրության այլընտրանքը երեխաների մահն է, նա կորցնում է այդ առաջարկի կեղծավորությունը տեսնելու ունակությունը։ Այդպես աշխատում է յուրաքանչյուր բռնություն․ զոհին համոզում են, որ այլ ելք չկա, և որ կատարվողը հենց իր շահից է բխում։ Սա ընտրողի մեղավորությունը չէ։ Սա նրա նկատմամբ իրականացված հետևողական աշխատանքի արդյունքն է։
Էրիկ Հոֆերը «True Believer» աշխատությունում նկատել է. զանգվածային շարժումը կարող է գոյություն ունենալ առանց Աստծո, բայց երբեք՝ առանց սատանայի։ Օտարերկրյա տիրակալից կախված իշխանությունը կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ, բացի մեկ բանից․ որ սեփական ժողովուրդը տեսնի այդ կախվածությունը։ Գոյություն ունի միայն մեկ լուծում՝ սատանա նշանակել մեկ այլ օտարերկրյա տիրակալի։ Այդպես Բաքվից կախվածությունը վերանվանվեց «Մոսկվայից ազատագրման»։
Շարունակելի․․․
Հ.Գ. Եթե դեռ կասկածում եք, որ Փաշինյանը կախվածության մեջ է Ալիևից, ապա փորձեք հիշել, թե Վիսբադենի ելույթից առաջ ե՞րբ է նա վերջին անգամ արտաբերել «Իլհամ Ալիև» անունը»։

