Տպավորություն է, որ անտեսանելի գումարներ են մտնում Հայաստան. որտեղի՞ց են գալիս, ի՞նչ խողովակներով, հայտնի չէ

Կենտրոնական բանկը փոխարժեքի շուկայում վարում է, այսպես կոչված՝ ազատ լողացող կուրսի քաղաքականություն։ Բայց շատ դեպքերում դա ձևական բնույթ է կրում։ Հարկ եղած դեպքում ԿԲ-ն մտնում է շուկա ու միջամտում փոխաժեքներին, չի թողնում, որպեսզի դրանք «ազատ լողան»։ Դա անում է՝ ինչպես տարադրամ վաճառելով, այնպես էլ՝ գնելով։

Ազատ լողացող կուրսի քաղաքականության պայմաններում այս տարի Կենտրոնական բանկը հասցրել է մեծ քանակությամբ տարադրամ գնել։ Վեց ամսում գնել է գրեթե 1.2 մլրդ դոլար։ Կենտրոնական բանկում ասում են՝ դա արել են դոլարի ավելի մեծ արժեզրկում թույլ չտալու համար։

Շուրջ 1.2 միլիարդ դոլարը, որը 6 ամսում հանել են շրջանառությունից, իսկապես մեծ գումար է մեր արժութային շուկայի համար։ Եթե այն մտներ շրջանառության մեջ, հիմա դոլարի փոխարժեքը շատ ավելի ցածր պիտի լիներ։ Առանց այդ էլ, վերջին տարիներին դոլարը Հայաստանում էապես կորցրել է գինը։

Մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը, դոլարի փոխարժեքը շատ ավելի բարձր էր, տատանվում էր 480-490 դրամի միջակայքում։ Հիմա 360-365 դրամ է։ 25 տոկոսով արժեզրկվել է, բայց այսօր էլ շարունակում է գտնվել ուժեղ ճնշման տակ, ինչը հարցեր է առաջացնում։ Կենտրոնական բանկում դա բացատրում են ակտիվ ֆինանսական հոսքերով։

Կարդացեք նաև

«Հայաստանում շատ փող կա»,- ասում է Կենտրոնական բանկի նախագահը։

Այդ փողը, բնականաբար, գալիս է դրսից։ Սակայն պարզ չէ, թե որտեղի՞ց։

Մի տեսակ տպավորություն է, որ դրսից թաքնված կապիտալ է մտնում Հայաստան։ Ամեն դեպքում, այն տվյալներով, որոնք պաշտոնապես ներկայացվում են, ֆինանսական հոսքերի ազդեցությունը դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման վրա այնքան էլ միանշանակ չէ։

Փոխարժեքների վրա սովորաբար տարբեր գործոններ են ազդում, բայց ամենամեծ ազդեցություններից մեկն ունենում են մասնավոր ֆինանսական փոխանցումները։ Ժամանակին դոլարի արժեզրկումը հենց դրանով էր բացատրվում։

Վերջին տարիներին մասնավոր փոխանցումների միջոցով իսկապես մեծ քանակությամբ ֆինանսական հոսքեր են գալիս Հայաստան։ Այսօր էլ այդ հոսքերը պահպանվում են։ Այս տարի արդեն ռեկորդային բարձր մուտքեր են արձանագրվել։ Յոթ ամսում դրանք հասել են գրեթե 4.5 մլրդ դոլարի։ Բայց այդ գումարների մեծ մասը ստացվել է ոչ թե դոլարով, որը կարող էր նպաստել դոլարի արժեզրկմանը, այլ ռուսական ռուբլով։ Ավելի շատ ռուբլի է եկել Հայաստան, քան դոլար ու եվրո։ Շուրջ 4.5 միլիարդից մեջ ռուբլին եղել է գրեթե 3 մլրդ դոլարին համարժեք։ Զուտ դոլարով հոսքերը 900 միլիոնի էլ չեն հասնում։ Դրանք ավելի քիչ են, քան դոլարի արտահոսքն է եղել։ Դոլարային արտահոսքն ավելի քան 160 միլիոնով գերազանցել է ներհոսքին։

Դա նշանակում է, որ մասնավոր անձանց ֆինանսական փոխանցումների մեջ դոլարային հոսքերի հաշվեկշիռը նույնիսկ բացասական է։ Եթե այլ ազդեցություններ չլինեին՝ միայն սրա հետևանքով դոլարը պիտի արժևորվեր։

Իհարկե, կան նաև այլ գործոններ, բայց, որքան էլ տարօրինակ է, դրանք ևս պատճառ չեն դոլարի արժեզրկման համար։

Փոխարժեքների վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկն էլ արտաքին առևտուրն է կամ առևտրի հաշվեկշիռը։ Այս տարի Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը նույնիսկ վատացել է։ Արտահանվել է 4 մլրդ դոլարի, ներմուծվել՝ 7.5 միլիարդի ապրանք։ Արտաքին առևտրի ճեղքը կազմել է 3.5 մլրդ դոլար։ Այդքանով ավելի շատ տարադրամ է դուրս եկել, ու դա ևս մեծացնում է ճնշումը դոլարի արժևորման ուղղությամբ, բայց այն շարունակել է արժեզրկվել։

Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է նույնիսկ այն պարագայում, եթե վերցնում ենք ոչ միայն ապրանքները, այլև ծառայությունները։

Այս տարի ունենք նաև զբոսաշրջային հոսքերի կրճատում։ Զբոսաշրջիկները կապիտալի ներհոսքի հիմնական աղբյուրներից մեկն են, ու նրանց նվազումը ենթադրում է, որ այս հատվածից էլ ունենք տարադրամային մուտքերի պակաս։

Փոխարժեքի վրա ազդող մյուս էական գործոնն էլ արտաքին ներդրումներն են։ Հայտնի է, թե ի՞նչ է կատարվում իրական տնտեսության մեջ ուղղակի ներդրումների «ակտիվության» առումով. դրանք երբեմն հակառակ ուղղությամբ են շարժվում։

Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք ազդում են փոխարժեքների վրա։ Կան էլի գործոններ, որոնց ազդեցությունը, սակայն, սովորաբար ավելի փոքր է լինում։ Հիմնական գործոնները, ինչպես տեսնում ենք, նպաստավոր չեն դոլարի արժեզրկման համար, ավելին, պիտի հանգեցնեին դրա արժևորմանը, բայց հակառակն է տեղի ունենում։

Ինչո՞վ է դա պայմանավորված՝ դժվար է ասել։ Թվում է՝ Հայաստան անտեսանելի գումարներ են մտնում դոլարի տեսքով, ազդելով փոխարժեքի վրա։

Որտեղի՞ց են գալիս, ինչպե՞ս են գալիս, ի՞նչ խողովակներով, պարզ չէ։

Մի բան է միայն տեսանելի, որ դոլարը շարունակում է արժեզրկվել, իսկ դրամն արժևորվել՝ մեծացնելով ճնշումը տնտեսության արտահանելի հատվածի վրա։ Այն, որ ասում ենք՝ արտաքին առևտրի հաշվեկշիռը վատացել է, նաև սրա հետևանք է։ Արժեզրկված տարադրամն էժանացնում է ներմուծումը՝ խթանելով այն։ Փոխարենը, դրա հետևանքով թանկանում է արտահանումը՝ նվազեցնելով հայկական ապրանքների մրցունակությունը։

Իշխանությունների այն արդարացումները, որ անգամ այդ պայմաններում այս տարի հայկական ապրանքների արտահանումն ավելացել է, այն էլ՝ շուրջ 29 տոկոսով, տեղին չէ, որովհետև դա պայմանավորվել է գերազանցապես  մեկ գործոնով՝ պղնձի թանկացումով ու արտահանման ծավալների ավելացումով։ Մյուս արտահանվող ապրանքների մասով քիչ թե շատ նկատելի տեղաշարժեր չկան նույնիսկ այն պարագայում, երբ դրանց համար միլիարդավոր դրամների հասնող սուբսիդավորումներ են տրամադրում պետական բյուջեի հաշվին։ Երբեմն այդ սուբսիդիաներն ավելի մեծ են, քան տված արդյունքն է։

Անշուշտ, Կենտրոնական բանկը կարող է ավելի մեծ միջամտություն իրականացնել արժութային շուկայում, ավելի մեծ քանակությամբ տարադրամ գնել, քան գնել է, որպեսզի ոչ միայն թույլ չտա դոլարի հետագա արժեզրկում ու տնտեսության արտահանելի հատվածի վրա փոխանցված ճնշման ուժեղացում, այլև նպաստի դրամի թուլացմանը, բայց չի անում։

Զգուշանում է գնաճից։ Ազգային արժույթի թուլացումը համարվում է գնաճի խթանման գործոններից մեկը։ Թեև այնպես չէ, որ վերջին տարիներին արձանագրված դրամի 25 տոկոսանոց արժևորումը շատ մեծ ազդեցություն է թողել գների նվազման վրա։ Պատահական չէ, որ Հայաստանը դարձել է տարածաշրջանում ամենաթանկ երկրներից մեկը։ Շատ դեպքերում ներքին գները համադրելի են անգամ եվրոպական գների հետ։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930