Ռեկտորները զբաղված են ինքնիրավչությա՞մբ, թե՞ բուհերի հաստիքացուցակները չհրապարակելը պարզ անփութություն է

2025 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրվել և ուժի մեջ է մտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքը», որը հավակնում է լուծել ոլորտում տարիների, շատ դեպքերում՝ տասնամյակների ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրներ։

Դրանց մի մասը վերաբերում է բուհական վարչակազմերի կողմից դրսևորվող չարաշահումներին, կամայականությանը, հովանավորչությանը և կոռուպցիոն դրսևորումներին։ Խոսքը հատկապես բուհերի ռեկտորների կողմից հաստիքների ցանկի, կազմի և կառուցվածքն ինքնուրույն որոշելու, հաստիքացուցակների հետ կատարվող մանիպուլյացիաների, ընկեր-բարեկամների, խնամի-ծանոթների համար հընթացս պաշտոններ մոգոնելու, նրանց չարած աշխատանքի դիմաց առատորեն վարձատրելու, շատ դեպքերում՝ գրել-կիսվելու ու այդ կերպ՝ համալսարանի բյուջեն մսխել-յուրացնելու չափազանց տարածված գործելակերպի մասին է։

Այս պայմաններում տարիների ընթացքում անարգել ուռճացվել են բուհական աշխատակազմերը, դարձել խիստ ծախսատար, որոշները վերածվել են պերմանենտ շինհրապարակների, որոնցում մսխվում-լվացվում-յուրացվում են հսկայական գումարներ։ Իսկ այս ամենի համար, իհարկե, վճարում է․․․ ուսանողը՝ իր չհիմնավորված ուսման բարձր վարձավճարներով։

Այդուհանդերձ, «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքը վերոնշյալ իմաստով փորձում է փակել այդ բացը՝ հաստիքացուցակների հաստատման ֆունկցիան իմպերատիվ կարգով վերագրելով բացառապես բուհերի կառավարման/հոգաբարձուների խորհուրդներին, որոնք պարտավոր են բուհի տարեկան բյուջեի հաստատման հետ միասին, քննարկել և հաստատել նաև բուհի աշխատակազմի հաստիքացուցակը։

Կարդացեք նաև

Բնականաբար, բուհի տարեկան բյուջեն, ինչպես և հաստատված հաստիքացուցակը ենթակա են հրապարակման կառավարման/հոգաբարձուների խորհուրդների համապատասխան որոշումների տեսքով։ Հիշյալ օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասի 9-րդ կետում կառավարման/հոգաբարձուների խորհրդի լիազորությունների շարքում որպես իմպերատիվ պահանջ նշված է «ռեկտորի, իսկ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության դեպքում՝ դրա ղեկավարի առաջարկների հիման վրա բուհի և գիտական կազմակերպության հաստիքացուցակի հաստատումը»։ Հետևաբար՝ հաստիքացուցակի հրապարակումն ընդամենը տեխնիկական հարց է ու միաժամանակ՝ օրենքի իմպերատիվ պահանջ, ուղղված բուհական վարչակազմերին, առաջին հերթին՝ ռեկտորներին։

Իսկ ինչպիսի՞ն է վիճակն իրականում։ Մեր կողմից հայաստանյան երկու տասնյակ բուհերի կայքերի առերևույթ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրանցից ոչ մեկում հաստիքացուցակի նշույլ անգամ չկա։ Գործին չօգնեց նաև «նորին մեծության» արհեստական բանականության որոնման հզոր համակարգը։ Միայն ԵՊՀ-ի պարագայում պազվեց, որ բուհի Հոգաբարձուների խորհուրդն անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին հաստատել է ԵՊՀ 2026թ. հաստիքացուցակն ու որոշումը տեղադրել կայքի «Փաստաթղթեր» բաժնում՝ PDF ձևաչափով, մինչդեռ նրան կից՝ բուն հաստիքացուցակն ամփոփող հավելվածը տեղադրված չէ։ Թերևս, այս տեսակետից առավել արդյունավետ էր Շիրակի պետական համալսարանի կայքը, որտեղից երևում է, որ 2026թ մայիսի 8-ին տեղի է ունեցել ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը, որը քննարկել /և ենթադրաբար՝ հաստատել/ է համալսարանի տարեկան բյուջեին կապակցված հաստիքացուցակի նախագիծը։

Վերջինից երևում է, որ, օրինակ, բուհի ռեկտորի աշխատավարձը 700 հազար դրամ պետք է լինի, պրոռեկտորինը՝ 500 հազար դրամ, ֆակուլտետի դեկանինը՝ 300 հազար դրամ, և այլն։ Այդուհանդերձ, պարզ չէ, հիշյալ նախագիծն այդ տեսքով հաստատվե՞լ է, թե՞ ոչ։

Եվ ուրեմն ծագում են հարցեր՝ ինչո՞ւ չի կատարվում օրենքի պահանջը, ինչո՞ւ են բուհերի ռեկտորները և հոգաբարձուների/կառավարման խորհուրդների նախագահները խուսափում հաստիքացուցակների հրապարակումից, ի՞նչ կա դրանցում թաքցնելու, գուցե դա անփութության հետևանք է, կամ էլ՝ ․․․ ինքնիրավչության, կամ, որ ավելի վատ է՝ կոռուպցիոն պայմանավորվածության արդյունք։ Ինչո՞ւ, օրինակ, երկրի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, վարչապետի, պատգամավորների, նախարարների, բոլոր պետական/հանրային ծառայողների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկությունները ենթակա են հրապարակման (այստեղ խոսքն ամենևին կոնկրետ անձանց անձնական տվյալների մասին չէ, այլ՝ հաստիքների), մինչդեռ բուհերի պաշտոնյաների՝ վերից վար հաստիքների վերաբերյալ տեղեկատվությունը մնա փակ հիմնական շահառուի՝ բուհի ֆինանսավորող ուսանողի և նրա ընտանիքի համար։

Արդյոք հաստիքացուցակների վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու հիմնական շարժառիթը բուհերի ղեկավարների, ու հատկապես՝ ռեկտորների առասպելական բարձր աշխատավարձերը չե՞ն, որոնց չափերն այնքան մեծ են, որոնք հրապարակելուց ռեկտորներն «ամաչում են» կամ «նեղվում»։ Տեղեկություններ կան, որ բուհեր կան, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ռեկտորները իրենց աշխատավարձը բարձրացրել են 50 տոկոսով, իսկ դասախոսների աշխատավարձը՝ 0 լումայով։

Բուհերի հաստիքացուցակների հրապարակումը, թերևս, դրանցում առկա չարաշահումները և կամայականությունները զսպելու և կանխելու նպատակ է հետապնդում։ Իսկ երբ դրանք թաքցվում են հիմնական շահառուից՝ ուսանողից և նրա ընտանիքից, դա արդեն խոսում է առերևույթ ինչ-ինչ կոռուպցիոն երևույթների մասին։ Սա պետք է մտահոգի և լիազոր մարմնին (ԿԳՄՍՆ), և բուհերի հիմնադրին՝ կառավարությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930