Մայր լինելը՝ սիրել Քրիստոսի պես
Թվում է՝ ամեն բան պարզ է. քեզ կբացատրեն և դու կհասկանաս: Մոտավոր պատկերացում կկազմես, թե ինչպես և որքան է հնարավոր սիրել քո իսկ զավակին: Բայց երբ արդեն ծնող ես դառնում, հասկանում ես, որ անհնար է բառերով նկարագրել զգացածդ սերը, և անհնար է պարզապես պատկերացնել սիրո չափը:
Ծնող դառնալով մենք հասկանում ենք, թե ինչ է քրիստոնեական սերը: Անշուշտ, ոչ ամբողջապես, քանի որ միշտ էլ պետք է փորձենք մոտենալ, նմանվել Քրիստոսին ու սովորել սիրել Նրա պես։
Երբ երեխայի ծննդյան առաջին ամիսներին մայրը գրեթե չի քնում՝ ինքն էլ լինելով օգնության կարիքի մեջ, դա ոչ ոք չի տեսնում: Երբ երեխայի համար մայրը թողնում է ամենասիրելի ուտեստը, որը նաև իր ամենասիրելին է, դա նույնպես ոչ ոք չի տեսնում կամ նկատում: Երբ մայրը հոգնած վերադառնում է աշխատանքից, սակայն առանց հանգստի անցնում է երեխայի խնամքին, դա նույնպես մնում է աննկատ:
Երբ սպասում է զավակի վերադարձին մինչև լուսաբաց, երբ խնամում է հիվանդության օրերին և հուզվում՝ ամեն փոքր հաջողությամբ… Սրանք մեծ ու հերոսական գործեր չեն թվում, բայց հենց այս փոքրիկ պահերին է մայրությունը սովորեցնում ինքնամոռաց սիրել։
Մայր լինելը հաճախ նշանակում է սեփական «ես»-ը մի կողմ դնել և մեկ ուրիշի կարիքը քեզնից առաջ դասել։ Ի՞նչ է սա, եթե ոչ Քրիստոսի խոսքի կատարում, եթե ոչ քրիստոնեական կյանք և զոհաբերություն: Եվ երբ սովորում ենք սիրել ոչ թե այն բանի համար, ինչ կարող ենք ստանալ, այլ պարզապես նրա համար, որ նա կա, սկսում ենք մի փոքր ավելի հասկանալ Աստծո սերը մարդու հանդեպ։
Մայրությունը մեզ չի դարձնում կատարյալ, բայց կարող է դառնալ Աստծուն մոտենալու ճանապարհ՝ սովորեցնելով լինել ավելի համբերատար, ներող, անձնազոհ և սիրող։
Եվ ամենակարևորը՝ այս զոհաբերությունների մեջ ոչ թե ունենալ տրտմություն, այլ բերկրանք և երջանկություն: Մայրության մեջ ամենամեծ հրաշքն այն է, որ զոհաբերությունը դադարում է զոհաբերություն լինել, քանի որ ծնված է սիրուց։ Եվ գուցե հենց այդ բերկրանքի մեջ է, որ մարդն առաջին անգամ զգում է՝ ինչ է նշանակում սիրել այնպես, ինչպես Քրիստոս է սիրել։

