Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար

Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին կրկին ակտիվացել են գազի թանկացման վերաբերյալ խոսակցությունները։ Այդ խոսակցություններն, իհարկե, նոր չեն սկսվել, դեռ մայիսին հայտարարվեց, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել Հայաստանին արտոնյալ պայմաններով գազի և մի շարք այլ ապրանքների մատակարարումները։ Այդ մասին գրավոր տեղեկացրել էին նաև կառավարությանը։

Ռուսական գազի հնարավոր թանկացումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ տարվա սկզբից։ Ու եթե դա լինի այնպիսին, ինչպիսին ենթադրվում է՝ հանգեցնելու է նաև ներքին սակագների կտրուկ բարձրացման։

Ի տարբերություն այլ սպառողների, քաղաքացիների համար գազի սակագինն այսօր էլ ցածր չէ, հասնում է 1000 խորանարդի համար գրեթե 400 դոլարի։ Բայց դա կապ չունի Ռուսաստանի հետ։ Չնայած Նիկոլ Փաշինյանը որոշել է այստեղ էլ խորամանկության դիմել ու տպավորություն ստեղծել, թե ռուսները կամ ռուսական գազամատակարար ընկերությունն է մեղավոր, որ գազը քաղաքացիներին է հասնում այդքան թանկ գնով, ու նշանակություն չունի, թե ինչքանով է այն վաճառվում Հայաստանին։

Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչով է պայմանավորված, որ գազը քաղաքացուն այդքան թանկ է հասնում։ Բայց ինչպես միշտ, իրականությունը գլխիվայր շուռ է տալիս։

Կարդացեք նաև

«Հայաստանում գազն էժան չէ։ Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։ Կարող է մինչև բակը ձրի լինի, բայց եթե այդ մարդը տանը ստանում է թանկ գնով, իր համար ի՞նչ մխիթարանք է, որ շքամուտքից մի մետր էլ ներս ձրի է գազը»,- մեղադրանքներ է հնչեցնում Նիկոլ Փաշինյանը։

Դժվար չէ հասկանալ, թե դրանք ում են ուղղված։ Մեղադրում է «Գազպրոմին» ու Հայաստանում վերջինիս դուստր ձեռնարկությանը՝ «Գազպրոմ Արմենիային»։ Բայց նրանք բացարձակ կապ չունեն այն բանի հետ, որ քաղաքացին սահմանին ստացվող էժան գազի դիմաց անհամեմատ ավելի բարձր գին է վճարում իր տանը։ Սահմանին գազը Հայաստանին վաճառվում է 1000 խորանարդի համար 177 դոլարով, բայց քաղաքացին 1000 խորանարդի համար իր տանը վճարում է շուրջ 400 դոլար։ Գազը սահմանից ներս քաղաքացու համար ավելի քան կրկնակի թանկանում է։

Բայց Ռուսաստանը կամ ռուսական դուստր ընկերությունը չէ, որ թանկացնում է գազը ներսում։ Չնայած արդարանալու համար՝ շատ հաճախ իշխանությունները շահարկում են այն թեզը, թե Ռուսաստանն էժան գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ իր դուստր ձեռնարկությանը։ Վերջինս էլ գազը սպառողին է հասցնում շատ ավելի թանկ գնով։ Ու դա նշանակում է, որ ռուսական գազը Հայաստանին ոչ թե էժան, այլ լավ էլ թանկ գնով են վաճառում։ Նույնն ասում է Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում է, թե Հայաստանում գազն էժան չէ, ավելին՝ սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։

Թե ինչո՞ւ է այդպես, Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, բայց չի ասում, որովհետև ինքն է պարտավոր պատասխան տալ դրա համար՝ ուրիշների վրա «բոչկա» գլորելու փոխարեն։

Հայաստանի իշխանություններն են որոշել, որ սահմանին գազը պետք է թանկանա 20 տոկոսով։ Ներմուծման վրա հարկ են դրել, ԱԱՀ են գանձում։

Եթե սահմանին գազը Հայաստանը գնում է 177 դոլարով, սահմանն անցնելուց անմիջապես հետո, միայն ԱԱՀ-ի հետևանքով, այն թանկանում է առնվազն 35 դոլարով ՝դառնալով 212 դոլար։ Զուտ այն պատճառով, որ կառավարությունը որոշել է գազի ներմուծումից ԱԱՀ գանձել։

Այս թանկացման հետ որևէ այլ մեկը կապ չունի, բացի իշխանությունից։ Կարող էին գազի ներմուծման վրայից հանել ԱԱՀ-ն, ու գազը սահմանին ավտոմատ չէր թանկանա 20 տոկոսով։ Այդքանով էժան կլիներ նաև սակագինը։

Թե՞ մտածում են, որ ԱԱՀ գումարները, որոնք գնում են պետական բյուջե, իսկ բյուջեից իրենց սեփական գրպաններն են լցնում՝ երկնքից են ընկնելու, չազդելով գազի գնի վրա։

Երբ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցնում, թե սպառողին հասնելու ճանապարհին, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում գազի գնագոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում, պիտի իմանա, որ դրա պատասխանատուն իշխանությունն է։ Ինչպես այլ բնական մենաշնորհների, այնպես էլ գազի սակագները հաստատում է Նիկոլ Փաշինյանի կրնկի տակ գործող  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Ու եթե ճանապարհին Հայաստանում գազի՝ աշխարհում ամենամեծ հավելաճն է տեղի ունենում, պատասխանատու այս հանձնաժողովն է՝ իր ՔՊ-ական նախագահով։ Եթե այդպես է, ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին, մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն՝ նրանից պատասխան պահանջել ու  պատասխանատվության ենթարկել՝ ներսում գազի անհիմն բարձր սակագներ հաստատելու ու սպառողներին թալանելու համար։

Սահմանն անցնելուց հետո, թե ինչպիսին կլինեն սակագները՝ որոշում է բացառապես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Ու այն, որ Հայաստանում գազն էժան չէ, այդպես է, բայց էժան չէ միայն քաղաքացիների համար։ Քաղաքացիներն անհամեմատ ավելի բարձր գին են վճարում գազի դիմաց, քան մյուս սպառողները։ Եվ այդ բարձր գինը քաղաքացիների վրա դրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Այս հանձնաժողովն է որոշել, որ քաղաքացին գազի համար կրկնակի ավելի շատ պետք է վճարի, քան սահմանին ստացվող գազն է։ Ռուսաստանը, ռուսական «Գազպրոմը» կամ «Գազպրոմ Արմենիան» չեն, որ որոշել են։ Այդպես է ցանկացել Նիկոլ Փաշինյանը, այդպես է որոշել հանձնաժողովը։ Այսօր էլ արդարանում է, թե քաղաքացու համար կարևորը ոչ թե այն է, թե ինչ գնով է գազը վաճառվում Հայաստանին, այլ այն, թե ինչ գնով է այն ստանում իր տանը։ Իհարկե, քաղաքացու համար դա է կարևոր, բայց այդ գինը, որն այսօր կրկնակի բարձր է ձեռք բերվող գնից՝ իշխանություններն են դրել քաղաքացու վրա։ Ցածր սակագին դնեիք, էժան վճարեին։

Չկա Հայաստանում որևէ այլ սպառող, որն այնքան բարձր գին վճարի գազի համար, որքան քաղաքացին է վճարում։ Քաղաքացու հաշվին, ըստ էության, սուբսիդավորում են մյուս սպառողների գազի սակագները։

Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունների համար սպառման հիմնական սեզոնին գազի սակագինը շուրջ 234 դոլար է։ Նույնը՝ նաև վերամշակող ընկերությունների համար։

Կառավարության առաջարկով՝ ՀԾԿՀ-ն որոշել է, որ նրանք 234 դոլար պիտի վճարեն, իսկ քաղաքացին՝ շուրջ 400 դոլար։ Քաղաքացին նույն գազի համար անհամեմատ ավելի շատ է վճարում, քան ջերմոցներն ու վերամշակողներն են վճարում։

Ջերմային կայանները շատ ավելի քիչ են վճարում, որովհետև հանձնաժողովը որոշել է, որ նրանց համար էլ սակագինը պետք է լինի 91 դոլար՝ 1000 խորանարդի համար։ Այսինքն՝ 81 դոլարով պակաս, քան սահմանին գնում ենք գազը։

Համակարգի ամբողջ բեռը դրել են քաղաքացիների վրա, հետո էլ բողոքում են, որ գազը քաղաքացուն թանկ է հասնում։ Դա արել են ո՛չ թե ռուսները, ո՛չ թե «Գազպրոմը» կամ «Գազպրոմ Արմենիան», այլ Հայաստանի իշխանություններն՝ «աշխարհում ամենաանկախ» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930