Հարսի զգեստը հայկական ավանդույթում կարմիր է եղել. ցավոք, Թուրքիայում այն պահում են․ Գայանե Պողոսյան
Ինչպիսի՞ հագուստ, զարդեր են կրել Վանի թագավորությունում։ Այս մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանի հետ։

– Ունեք երկու մասնագիտություն՝ արվեստաբանի և հագուստի մոդելավորողի։ Ինչպե՞ս եք կայացրել այս երկուսն ընտրելու որոշումը։
– Հագուստի մոդելավորումն ընտրել եմ դեռևս երիտասարդ տարիքում՝ սովորել եմ հագուստի մոդելավորման, նախագծման բաժնում։ Հետագայում կամ պետք է շարունակեի նույն բաժնում, կամ ընտրեի «Գեղանկարչություն» մասնագիտությունը։ Սակայն որոշումը կանգ առավ Գեղարվեստի ակադեմիայի արվեստի պատմության և տեսության բաժնի վրա, որովհետև շատ եմ սիրում գիտությունը։ Իսկ արվեստն ու գիտությունն իրար հետ համատեղել կարող էի միայն արվեստաբանության մասնագիտության միջոցով։ Եվ, երբ որոշեցի Վանի թագավորության հագուստն ուսումնասիրել, հենց այս մասնագիտություններն ինձ պետք եղան, որպեսզի կարողանամ խորապես հասկանալ հագուստի ձևվածքը, գունային լուծումները և այլն։
– Վերջերս լույս է տեսել Ձեր «Վանի թագավորության հագուստը» գիրքը։ Ինչպե՞ս եք պարզել, թե ինչ հագուստ, զարդեր են կրել այն ժամանակ, ինչպիսի գործվածքներ են եղել։ Ավելի շատ օգնել են հնագիտական գտածոնե՞րը, թե՞ գրավոր աղբյուրները։
– Դա տարիներ առաջ արել են այլ մասնագետներ՝ պատմաբաններ, ուրարտագետներ։ Ուրարտական զգեստի վերաբերյալ առաջին հոդվածը տպագրել են Սիմոն Հմայակյանն ու Սիմոն Եսայանը, որն էլ ինձ համար հիմք է հանդիսացել դեռևս ուսանողական տարիներին։
Վանի թագավորության վերաբերյալ գրավոր աղբյուրները քիչ են, դրանք արքաների արձանագրություններ են, դժվար ենք գտնում հագուստին, կենցաղին վերաբերող տեքստեր, ուստի հնագիտական գտածոները՝ արտեֆակտները, մեզ համար ամենակարևոր աղբյուր են՝ հասկանալու, թե ի՞նչ է հագել մարդը Հայկական լեռնաշխարհում՝ մ․թ․ա. 1-ին հազարամյակում։ Դրա համար շատ կարևոր նյութ են ծառայում որմնանկարները, որոնք քիչ են, բայց գոնե գունային առումով են թույլ տալիս հասկանալ, թե գունային ինչպիսի լուծումներ է պարունակել հագուստը, գործվածքը, ինչպիսի մետաղական իրեր են եղել։
– Ո՞ր գույներն են գերակշռել։
– Հետաքրքիր է, որ այն, ինչ ներկայացված է որմնանկարներում, իսկ դրանք հիմնականում կարմիր, կապույտ, դեղին գույներն են, որոշակի լրացյալ դետալներով՝ սպիտակ և սև։ Բացի դա՝ ԽՍՀՄ տարիներին Բորիս Պյոտրովսկին Կարմիր բլուրում պեղումներ էր իրականացնում և մենագրություններում նշում է հայտնաբերված գործվածքների մասին։ Շատ մեծ տարածում է ունեցել բուրդը, նաև օգտագործվել է վուշ, բամբակ և մետաքս։
Վանի թագավորությունն ունեցել է իր առանձնահատկությունները, որոնք տարբեր են եղել հարևան մշակույթներից։ Հագուստի առումով վերնախավինը, իհարկե, նմանվում է, որովհետև ինչպես գիտենք, վերնախավի հագուստը միշտ փորձում են համադրել հարևան մշակույթների պաշտոնյաների հետ։ Հիմա էլ կա այդ միտումը։ Օրինակ, Կիլիկյան Հայաստանում անընդհատ դիտարկում են Բյուզանդիայի հետ զուգահեռները։ Վանի թագավորության դեպքում էլ տեսնում ենք Ասորեստանի հետ մեկ գիծ, որը, իհարկե, բխում է նաև ժամանակի նորաձևությունից, բայց կան որոշ առանձնահատկություններ։ Վանի թագավորությունում թե կանանց, թե տղամարդկանց դեպքում ընդունված է եղել ուղղանկյուն կտրվածքով ձևվածքը։ Տղամարդկանց մոտ ընդունված են եղել վերնահագուստի տարբեր տիպերը՝ բաճկոնակներ, պատմուճան-վերարկուներ, որոնք հագնում էին հագուստի վրայից։ Տաբատի առկայություն ևս կա, բայց հնում տղամարդն ավելի շատ Հին Արևելքում կրում էր զգեստատիպ հագուստ, վրայից շալանման հարդարանք, որը կարող էր լինել բրդից, մորթուց։

Կանանց դեպքում կարող եմ օրինակ բերել Արուբաինի աստվածուհու բրոնզե փոքրիկ արձանիկը։ Նստած կնոջ կերպար է՝ երկար գլխաշորով, զգեստով։ Թևքերը երկար են, մարմինը կիպ գրկում է հանդերձանքը։ Մինչև 19-րդ դարի վերջը կանայք բոլոր երկրներում, մշակույթներում երկար զգեստներ են հագել։
Ըստ երևույթին տարածված է եղել ծիրանին՝ վերնախավի և հոգևոր դասի հագուստում։ Այն կապտամանուշակագույն է։ Գույնի առումով ասեմ, որ կա գրավոր աղբյուր․Սարգոն 2-րդը, որը Վանի թագավորության թշնամական երկրի առաջնորդներից մեկն էր, տարածաշրջանի հզոր արքաներից մեկը, նամակ է ուղղում Աշուր աստվածությանը՝ գլխավոր աստծուն, որտեղ ներկայացնում է, թե ինչպես է իր զորքը հարձակվել Մուծածիրի հայտնի տաճարի վրա, որը Վանի թագավորության Խալդի աստծո գլխավոր հոգևոր կենտրոնն էր, ինչպես, օրինակ, մեզ համար հիմա Էջմիածինն է, կամ կաթոլիկների համար՝ Վատիկանը։ Նա ներկայացնում է, թե զորքն ինչ հափշտակություններ է կատարել․ նշում է զենքեր, զարդեր, այդ թվում՝ նաև հագուստ։ Այսինքն, Խալդի աստծո տաճարում հագուստ է պահվել, որ եղել է նվիրատվություն։ Այն ժամանակ ընդունված էր հագուստ նվիրաբերել աստվածներին, տաճարներին։ Եվ այդ հագուստի թվում նշում է կապտամանուշակագույն հագուստի մասին և այստեղից է բխում այն, որ տաճարում պահվել է ծիսական հագուստ։
Կարմիրը խորհրդանշական գույն է եղել Վանի թագավորությունում։ Տաճարներում ևս պատերը, որմնանկարներն այդ գույներով էին ներկվում։ Օրինակ, Քրիստոսի և Տիրամոր հագուստի մեջ դարձյալ տեսնում ենք կարմրի ու կապույտի համադրությունը, որովհետև այս երկու գույները մարդկային պատկերացումներում ունեն իրենց կարևոր նշանակությունը՝ կապված երկնքի, արյան, հողի և այլնի հետ։
Զուգահեռ եմ տարել խեթական մշակույթի հետ, որտեղ կարմիրը դարձյալ համարվում էր սրբազան գույն։ Սպիտակը ևս․ մաքրագործված գույներ էին դրանք։ Իզուր չէ, որ մեր հայկական ավանդույթում հարսի զգեստը եղել է կարմիր։ Ցավոք, մեր հարևան Թուրքիայում այդ ավանդույթը պահում են․ հարսի ավանդական զգեստը դարձյալ կարմիր է։
Այն հայկական լեռնաշխարհի ավանդական գույնն է։
– Թուրքիայում էլ են շեղվել, որովհետև մի քանի տարի առաջ հարսանիք էր ու սպիտակ զգեստ էին կրում։
– Դե այո, նորաձևության տենդենց է: Բայց կարծում եմ, որ ավանդույթն իր տեղը պետք է ունենա, որովհետև շատ մշակույթներ կան հենց Արևելքում,, որտեղ ինչքան էլ նորաձև են, տնտեսապես զարգացած՝ պահում են իրենց ավանդույթները հարսանիքի, հուղարկավորության ծեսի ժամանակ։ Ավանդական տոների ժամանակ կրում են ազգային հագուստ։ Օրինակ՝ Հարավային Կորեայի ժողովուրդն ինչքան էլ նորաձև է հագնվում, տոներին պարտադիր կրում են ազգային հանդերձի տիպերը։ Շատ կուզեի, որ Հայաստանում ևս դա լիներ։ Շատ անհատներ կան, ովքեր սիրում են ամուսնանալ ազգային հագուստով։ Կուզեի, որ դա կրեր համատարած բնույթ և մեր տոներն ուղեկցվեին ավանդական հագ ու կապով։ Դա այն աստիճան վերականգնվեր, որ կարողանայինք խանութից գնել, պահել մեր տանն ավանդական հագուստի տիպերը և կրել։
– Հայերի մոտ հարսի կարմիր զգեստը մինչև ե՞րբ է գործածվել։
– Ըստ երևույթին, մինչև 19-րդ դարը, որովհետև շփման արդյունքում հայ կանայք ևս եվրոպամետ էին դարձել։ Օրինակ՝ թիֆլիսահայերը ոգեշնչվում և շարժվում էին ժամանակակից եվրոպական տենդենցներով։ Կարող ենք այնտեղ դետալներ տեսնել, բայց այն արդեն դուրս է գալիս ազգայինի չափանիշներից։ Մայրս պատմում է, որ Սյունիքում դեռևս 20-րդ դարի կեսին հատկապես տարեց կանանց կարելի էր տեսնել իրենց տարազով։

– Գրքում նշում եք, որ տաբատն առաջին անգամ օգտագործեցին Վանում․ ճի՞շտ եմ հասկանում, որ այդ ժամանակ են տաբատ կրել։
– Թվում է, որ հնում, օրինակ, տաբատ չեն կրել, որովհետև պատկերագրական աղբյուրները սակավաթիվ են և հիմնականում այս զգեստատիպն է եղել․ կամ մինչև ծնկները, կամ երկար։ Օրինակ, զինվորների մոտ տեսնում ենք մինչ ծնկները զգեստ՝ տունիկա, որը համադրվում է երկարաճիտ կոշիկներով։ Բայց կան պատկերներ, որտեղ մենք տեսնում ենք հենց հետաքրքիր ծավալուն տաբատներով կերպարների։ Դրանք կարծես թե հեծյալների կերպարներ են։
Կարմիր բլուրից բրոնզե գոտի է հայտնաբերվել, որի վրա տեսնում ենք ծնկած մի կերպար, որի հագին կարծես դարձյալ տաբատ է։ Տաբատ, այո, կրել են Հին Արևելքում, և ասորեստանյան հագուստի ուսումնասիրություններով ևս ապացուցված է, որ Ասորեստանում ընդունված է եղել տաբատ՝ հիմնականում զինվորների հագուստում։ Փաստորեն, դա նաև Վանի թագավորությունում է կիրառվել։ Գուցե մի փոքր ավելի շուտ են տաբատ կրել, որովհետև կան հայկական ժայռապատկերներ, որտեղ տեսնում ենք տղամարդկանց և կանանց կերպարներ, որոնց ուրվագիծը թույլ է տալիս հասկանալ, որ կնոջ հագին շրջազգեստ է, իսկ տղամարդու հագին՝ տաբատ։
– Գրքում հանդիպեցի նաև «Էրմին» կոչվող մորթու մասին ինֆորմացիայի, որը տարածվել է ամբողջ աշխարհում։
– Հին աշխարհի պատմաբանները ևս ուսումնասիրել են Հայկական լեռնաշխարհը, գործվածքի արտադրությունը, և, փաստորեն, արհեստավորները բավական հմուտ են եղել բրդի, կաշվի մշակման մեջ, և դրանք նաև արտահանվել են։ Դեկորատիվ կիրառական արվեստի ձևերը ևս վաճառքի են հանվել։ Վերջին ուսումնասիրություններիցս մեկը նվիրված է ուրարտական բրոնզե կաթսաներին, որոնք շատ հետաքրքիր գեղարվեստական հարդարանք ունեն, և տարբեր մասնագետներ ՝ ոչ միայն հայ, այլև եվրոպացիք, նշել են, որ Վանի թագավորությունից վաճառվել, արդյունահանվել են այդպիսի կաթսաներ, և իրենց մշակութային ազդեցությունն են ունեցել նաև եվրոպական տարածքների մետաղագործության վրա։ Եվ այո, այն, ինչ հայկական տարածքից էր, «Էրմին» եզրութով էին կոչում։ Նշեմ, որ գոտիների մեծ մասը վրան ծեսեր է պարունակում։
Գոտիների վրա տեսնում ենք, թե ինչպես են կարպետ գործում․ դազգահի դիմաց են, գլխաշորով․․. ավանդական կնոջ կերպարներ են։ Մեկ այլ պատկեր ներկայացնում է ըստ երևույթին հարսանեկան ծես։ Ես այնտեղ տեսնում եմ հարսի նախապատրաստման ծես։ Արևելքում շատ ընդունված էր, որ հավաքվում են միայն աղջիկները, հինա են դնում, լինում է փոքրիկ խնջույք՝ մինչ հարսանեկան գլխավոր ծեսը։
Ասեմ, որ հայոց մեջ հարսի քողը պահվում էր տարիներով, փոխանցվում էր ժառանգներին, դրա վրա նաև աղոթում էին, երդվում։ Կինը դուրս չէր գալիս փողոց՝ առանց գլխաշորի։

– Ֆիլմերում, ներկայացումների ժամանակ հայկական տարազը գրեթե չի ներկայացվում․ այս բացթողումը լրացնելն ինչպե՞ս եք պատկերացնում։
– Ցավոտ հարց է։ Նախ երիտասարդները հեռացել են ազգայինից, ավանդականից։ Պետք է այնպես հանրահռչակվի մեր մշակույթը, որ ցանկացած ոք, անկախ տարիքից, սիրի կրել ու ներկայացնել իր ավանդականը։
– Ինչպիսի՞ տեսք են ունեցել զարդերը և արդյո՞ք հասել են մինչև մեր օրեր։
– Այո։ Օրինակ, կախազարդերի դեպքում կան կլոր մեդալիոններ, որոնց ձևն առ այսօր օգտագործում ենք՝ փոխելով վրայի պատկերագրությունը, բայց ուրվագիծը, ձևը պահպանվել է։ Կախազարդերի մեջ հիմնական ձևերը կլոր մեդալիոններն են և լուսնազարդերը, որոնք կիսալուսնաձև են, և, ըստ երևույթին, կրել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։
– Հիմա կիսալուսնաձև զարդեր կրեն՝ կասոցացվի Թուրքիայի հետ։
– Պեկտորալներ հիմա էլ կրում են, ինքս էլ ունեմ տարբեր ձևի։ Հին Արևելքում շատ տարածված է եղել և եղել է լուսնի պաշտամունք։ Ինչպես ունեցել ենք արևի պաշտամունք, եղել է նաև լուսնինը։ Եվ կիսալուսինը կամ լուսինն ասոցացվել է լուսնի աստվածության հետ, ու նման զարդերը կապվել են այս կամ այն տիեզերաբանական աստվածությունների հետ։ Երկնային լուսատուները շատ կարևոր են մեր կյանքում։
Չլիներ արևը, չէր լինի կյանքը, ու հին մարդը դա արդեն հասկացել էր և դրա համար էր երկրպագում արևին ու կրում էր թե՛ արևի, թե՛ լուսնի պատկերագրությամբ զարդեր։
Հիմա եթե մարդը կրում է քրիստոնեական ինչ-որ իր, պատկերամոտիվ, օրինակ, խաչ, Տիրամայր, նա նրանից օգնություն է խնդրում։ Խաչը քրիստոնեությունից առաջ արդեն գոյություն է ունեցել։ Ասորեստանի արական սեռի տարբեր կերպարներ ներկայացված են խաչե ականջօղերով։ Խաչն ընդունված էր նաև Հին Եգիպտոսում։ Վանի թագավորությունում ևս խաչն օգտագործվել է՝ որպես արևի խորհրդապատկեր։ Տարբեր հնագիտական պեղումների ընթացքում բացվել են տաճարային մնացորդներ, որտեղ պատկերված է սկավառակի մեջ առնված խաչ՝ կողքին կերպարներ։ Կլորի մեջ առնված խաչը հետո արդեն տեսնում ենք քրիստոնեական պատկերագրության մեջ։ Կողքին հեշտակներ են և այլն։ Դա գալիս է հնուց։
– Վանի թագավորությունում կարո՞ղ եք առանձնացնել ժամանակահատված, երբ նորաձևությունը կտրուկ զարգացում է ապրել։
– Այս հարցին շատ դժվար է պատասխանել, որովհետև պահպանողական մշակույթի հետ գործ ունենք։ Այն արվեստի ձևերը, որոնք տեսնում ենք, հիմնականում մ․թ․ա. 8-7-րդ դարերի արտեֆակտներ են։ Այս ժամանակահատվածում պատկերները պահպանողական են, այսինքն, ավանդույթը նույնն է, կերպարները հիմնականում նման են, որը գալիս է կրոնական հավատալիքների պաշտամունքի հանդեպ վերաբերմունքից։

