«Սահմանապահ գյուղում էլ կյանք չի լինի, եթե դպրոց չլինի. այս ի՞նչ են անում». Մեղրաշատի բնակիչները՝ ՀՀ ԿԳՄՍՆ որոշման մասին
Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի սահմանային Մեղրաշատ գյուղի բնակիչները մտահոգված են ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ գյուղի դպրոցը փակելու և մեկ այլ բնակավայրի հետ միավորելու նոր որոշումից, որով միավորվելու են մարզի երեք գյուղերի՝ Մեղրաշատի, Բյուրակնի ու Ողջիի դպրոցները:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին: Նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ավելի բարձր որակի կրթությամբ ապահովելու համար նախատեսում են միավորել 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում՝ 232 դպրոցների միավորմամբ: Դրանք առավելապես տարածվում են սահմանապահ գյուղերի վրա: Շիրակի մարզում այդպիսի դպրոցների թիվը 48 է:
Թուրքիայի հետ սահմանակցող Մեղրաշատ գյուղի դպրոցում պատմություն և հասարակագիտություն դասավանդող ուսուցչուհի Լիլիթ Մխիթարյանը 168.am-ին հայտնեց, որ գյուղի դպրոցը կառուցվել է համեմատաբար վերջերս՝ ընդամենը 2005 թվականին: Ունի բոլոր հարմարությունները՝ երեխաներին որակյալ կրթություն փոխանցելու համար: Նա վստահեցնում է՝ կրթական հաստատությունը տեղափոխելու որևէ պատճառ չկա:
Ամասիա խոշորացված համայնքի բնակիչները նախկինում էլ բողոքի ակցիաներ էին իրականացրել Շիրակի մարզպետարանի մոտ: Տարածքային կառավարման կառույցից նրանց հավաստիացրել էին, որ ծրագիրն իրականացվում է «որակյալ կրթություն» ապահովելու համար:
«Էսպիսի խոսք կա՝ «Պարզ երկնքում՝ որոտ, պայթյուն»: Հիմա սա է: Սա շատ մտահոգող որոշում է, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն կայացրել է: Ես, արդեն 10 տարի է, ինչ աշխատում եմ այս դպրոցում: Մենք այնպիսի որակ ենք ապահովում, որ տարեկան միջինում 4 աշակերտներից 3-ը դիմում է բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ կրթությունը շարունակելու համար: Դպրոցում այս պահին աշխատանք են իրականացնում 25 աշխատակիցներ: Բոլոր մասնագետներն առկա են, բոլորն էլ որակյալ մասնագետներ են: Բոլոր մասնագետներն անցել են համապատասխան վերապատրաստում: Մասնակցել ենք բազմաթիվ նախագծերի: Այս տարի մեր դպրոցը նախագծային աշխատանքում նույնիսկ մրցանակ է շահել: Երևան ենք գնացել»,- պատմեց Մեղրաշատի պատմության ուսուցչուհին:
Լիլիթ Մխիթարյանի խոսքով՝ սահմանամերձ Մեղրաշատ գյուղն ունի 100 տնտեսություն: Դպրոցում էլ այս պահին 63 աշակերտ է ուսանում: Ի տարբերություն Բյուրակնի, ուր պատրաստվում են տեղափոխել իրենց դպրոցը, իրենց գյուղում գազ կա: Դպրոցը նույնպես գազիֆիկացված է: Առկա են ուսման համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ մարզադահլիճ, ճաշարան, ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիաներ, «Արմաթ» լաբորատորիա:
«Սրտներիցս արյուն է կաթում, երբ մտածում ենք, որ մեր ձեռքով ոտքի կանգնեցրած դպրոցը մի օր կարող է էլ չլինել: Մենք նաև շրջանավարտներ ունենք, որոնք ընտանիք են կազմել: Նրանք գյուղում շարունակում են ապրել, բայց ասում են՝ ես ընտանիք եմ կազմել, երեխա եմ ունեցել, եթե դպրոց չկա, ես էստեղ մնամ՝ ի՞նչ անեմ: Չպետք է թույլ տալ, որ երիտասարդ ընտանիքները հանկարծ հեռանան այսպիսի գյուղերից, պետք է ամեն ինչ անել՝ նրանց այս հողի հետ կապելու համար, պետք է պայմաններ ստեղծել դրա համար, ոչ թե վերացնել: Դպրոցի միջոցառումները, դասերը, ֆուտբոլադաշտի խաղերն ու երեխաների շարժն է կյանքը: Եթե դա չլինի՝ այստեղ հաստատ էլ կյանք չի լինի»,- ցավով համոզմունք հայտնեց Մեղրաշատի դպրոցի ուսուցչուհին:
74-ամյա Ռուզաննա Սամվելյանն էլ հայտնեց, որ իր 4 թոռները սովորում են 1-ին, 2-րդ, 7-րդ և 10 դասարանում: Երեխաների հայրն այժմ արտերկրում է՝ աշխատանքի նպատակով: Հոգսը մայրն ու ինքն են կիսում: Նրա խոսքով՝ փոքրերին ինքն է դպրոց տանում-բերում: Հիմա դպրոցը մի քանի գյուղ հեռացնելու դեպքում աննկարագրելի մեծ խնդրի առջև են կանգնելու:
«Եթե դպրոցը փակվի, ես այդ 4 երեխաներին ո՞նց եմ տանելու կողքի դպրոցը, հետ բերեմ: Ես ինչքա՞ն վստահ ու ապահով կարող եմ լինել, որ եթե գյուղի բոլոր երեխաները հավաքվեն ու միասին գնան մեկ այլ բնակավայրում գտնվող դպրոց՝ ապահով է լինելու: Ո՞նց կարելի է… հիմա պատկերացրեք, որ եթե անգամ տրանսպորտը տրամադրվի, այդ տրանսպորտը պետք է, չէ՞, գնա ու պտտվի այդ բոլոր գյուղերով, որպեսզի դպրոցականներին դպրոց հասցնի: Դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է: Երեխան մինչև հասնի դպրոց, այլևս էներգիա չի ունենա դաս կամ մեկ այլ բան անելու: Բացի այդ, մեր ճանապարհներն այնքան նորմալ չեն, որ երեխաներին արագ տեղ հասցնեն, գյուղերով է պտտվելու, որոշ գյուղերում նորմալ ասֆալտ էլ չկա: Ես չեմ հասկանում՝ այս ինչ են անում: Այն օրը դպրոցում մի երեխա, իմ թոռնիկն էլ՝ հետը, վատացել էին: Դասվարը զանգել էր, անմիջապես գնացինք՝ տուն բերեցինք երեխաներին: Հիմա որ հանկարծ այդպիսի բան լինի, ես ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ այդ 3-4 գյուղն անցնելու, որ կարողանամ երեխայիս տեր կանգնել»,- անհանգստություն հայտնեց մեր զրուցակիցը:
Ռուզաննա տատիկի խոսքը շարունակեց մեկ այլ ծնող՝ Ռոման Ոսկանյանը, ով Մեղրաշատի դպրոց հաճախող երկու երեխա ունի՝ 3-րդ և 5-րդ դասարանում սովորող: Անդրադառնալով նախարարության հայտարարությանը, որ դպրոցների միավորումից հետո Բյուրակնում կառավարության նախաձեռնությամբ նոր շենք է կառուցվելու՝ գերժամանակակից ու հարմարավետ պայմաններով՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ Մեղրաշատի դպրոցի կառուցման աշխատանքներին ինքն էլ է մասնակցել: Ամեն ինչ սարքին վիճակում է, մասնագետներից գոհ է:
«Մեր դպրոցը շատ ավելի լավն է, քան մոտակա բոլոր դպրոցները: Թե՛ շենքային պայմանները, թե՛ ջերմությունն ու ջեռուցումը, դասարանային պայմանները, մարզասրահը: Ամեն ինչ կա, մասնագետները լավն են: Ի՞նչն են ուզում բարելավել՝ չեմ հասկանում: Ես չեմ ուզում, որ երեխաներիս այլ դպրոց տանեն, ինչո՞ւ պետք է տանեն իմ աչքի առջևից: Առանց այն էլ միայն դպրոցն է մնացել գյուղում, ուրիշ ի՞նչ ունենք, որ մարդկանց միավորի: Էդ էլ որ փակեցին ի՞նչ է լինելու»,- ասաց Ռոման Ոսկանյանը՝ հայտնելով, որ իրենք նախկինում էլ գրություն են ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ պահանջելով վերանայել դպրոցը տեղափոխելու որոշումը:
«Բայց մինչև հիմա որևէ հստակ քննարկում ու երկխոսություն չի կայացել այս հարցով: Որոշումն էլ շարունակում է ուժի մեջ մնալ: Օրինակ՝ կարող է երկու օր բուք լինել, ու երեխան այդ օրերին չկարողանա գնալ դպրոց, դա նշանակում է՝ երեխան որակյալ կրթություն ստացա՞վ: Կամ՝ հնարավոր է՝ իմ երեխան առավոտյան ժամը 11:00-ին ավարտում է դասը, պետք է մինչև երեկոյան ժամը 17:00-ն սպասի, որ կարողանա տո՞ւն գալ: Էլ դրանից հետո էդ երեխայի մեջ էներգիա էլ չի մնա: Այս ի՞նչ է կատարվում, ո՞վ է այսպիսի որոշումներ կայացնում՝ անգամ տեղյակ չլինելով հնարավոր հետևանքներին, հո ուղղակի որոշելով չէ՞»,- շարունակեց ծնողը:
Տեղի բնակիչների համոզմամբ՝ գյուղի դպրոցը փակելուց կարճ ժամանակ անց սահմանապահ բնակավայրը կարող է դատարկվել, քանի որ բնակավայրում բոլորին միավորողը միայն այդ կառույցն է մնացել:
«Եթե դպրոցը փակվեց, գյուղն արդեն իսկ վտանգվում է, գյուղում էլ ոչ մի ծնող չի մնա: Այստեղ զինվորականներ են ապրում, դպրոցականներ են: Մեզ ասում են՝ լողավազան է լինելու, էս է լինելու, էն է լինելու… Մենք էլ ամեն ինչ ունենք: Մեր ամեն ինչն էլ տեղն է, ամեն ինչով կահավորված է դպրոցը: Ինչո՞ւ են ուզում ամեն ինչ քանդել: Նույնիսկ մեր դպրոցն անուն ունի՝ «Կարմիր սահմանապահ»: Ախր այստեղ դպրոցն անհրաժեշտություն է, որ գյուղը կանգուն մնա: Մի՞թե այդ որոշում կայացնողները դա չեն գիտակցում»,- ցավով ասաց սահմանամերձ գյուղի բնակիչ Ռուզաննա տատը։
Նրա խոսքը շարունակեց Մեղրաշատի դպրոցի պատմության ուսուցչուհին՝ Լիլիթ Մխիթարյանը.
«Եթե այդպես է, ու եթե պետք է երեխան այդքան ճանապարհ անցնի այդ եղանակին, ապա ծնողը կգերադասի ոչ թե գյուղական դպրոց ուղարկել իր երեխային, այլ կուղարկի քաղաքի դպրոց: Մենք խոսել ենք ծնողների հետ: Նրանք ասում են, որ եթե 3 երեխային ուղարկեն քաղաք, բնական է, որ իրենք ևս մի օր կփակեն դուռն ու կտեղափոխվեն գյուղից: Դե պատկերացրեք, թե մի քանի տարուց ինչ վիճակ կարող է լինել մեր ու մյուս գյուղերում: Դա կբերի գյուղի ոչնչացման ու քայքայման, դատարկման: Բնակիչներին այստեղ պահող էլ ի՞նչ կա: Իսկ ռազմավարական տեսանկյունից գյուղը դատարկելն արդեն ինքնին հանցագործություն է: Յուրաքանչյուր պետության հիմքը համայնքն է, իսկ յուրաքանչյուր համայնքի թուլացումը, այնուհետև՝ քայքայումը կբերի շատ ու շատ խնդիրների: Մանավանդ հայ-թուրքական սահմանին գտնվող գյուղերում: Մեր գյուղը դեռ անհիշելի ժամանակներից միայն հայերով է բնակեցված եղել ու շարունակում է մնալ: Սահմանների բացվելու դեպքում պատկերացրեք՝ ինչ կլինի, ամբողջ գյուղում թուրքեր կլցվեն ուղղակի: Չեմ էլ ուզում պատկերացնել դա»,- ասաց ուսուցչուհին՝ հռետորական հարց հնչեցնելով՝ ինչո՞ւ հնարավոր չէր մյուս դպրոցները տեղափոխել, օրինակ, սահմանապահ Մեղրաշատ, ու դրանով ավելի ամրացնել սահմանային բնակավայրերը:
Մանկավարժն այս համատեքստում բարձրացրեց մեկ այլ շատ կարևոր հարց. նրա խոսքով՝ իրենց դպրոցում կան նաև ներառական երեխաներ, որոնց հարցով ևս կարող են մեծաթիվ խնդիրներ առաջանալ:
«Այդ երեխաների մասին ո՞վ է մտածում: Հազար ու մի հարց կա: Գյուղական համայնքներ են, մարդիկ ընտելացման հարցեր ունեն: Ճանապարհների հարց կա: Երեխան գյուղում սովորելու ժամանակ խնդիր ունենալու դեպքում, ենթադրենք՝ չի ցանկանում նստել, կամ լավ չի զգում, զանգում ենք ծնողին՝ անմիջապես մոտենում է, այդ դեպքում ի՞նչ են անելու: Ծնողը պետք է ամբողջ օրն իր գործերը թողնի, գնա այդ գյուղ, նստի, մինչև երեխան ավարտի՞ դասը»,- հարցադրում արեց Լիլիթ Մխիթարյանը՝ հավելելով, որ այս պահին դպրոցում այդպիսի 3-4 աշակերտ է սովորում: Այս որոշմամբ, ըստ նրա, կոտնահարվի նրանց կրթության իրավունքը ևս:
Ամենավերջում, մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Մեղրաշատի դպրոցում աշխատող մանկավարժների՝ հնարավոր գործազրկության խնդրին: Նրա խոսքով՝ մարզպետարանից իրենց հավաստիացրել են, որ նրանք շարունակելու են աշխատել իրենց ոլորտում, այնինչ, Լիլիթ Մխիթարյանը կասկածով արտահայտվեց գերատեսչության հավաստիացումներին՝ խոսելով հստակ փաստերով.
«Այդ դպրոց այնքան երեխա չի գնալու, որ նոր դասարաններ բացվեն, ու ուսուցիչներ ընդունվեն աշխատանքի: Մենք ինքներս աշխատում ենք, շատ լավ գիտենք, թե օրենքով երբ են բացվում նոր դասարաններ. 35 և ավելի աշակերտ պետք է լինի, որպեսզի այդ դասարանը բացվի: Այս պահին Բյուրակն գյուղի դպրոցը 68 աշակերտ ունի, 63 մեր Մեղրաշատի աշակերտներն են, իսկ Ողջիի դպրոցում 20-25 երեխա է սովորում: Բայց Ողջիի երեխաները, քանի որ բավականին մոտ են քաղաքին, կարող են նաև Բյուրակն չհաճախել: Ստացվում է, որ պատկերը շատ տարբեր չի լինում, բայց բնակիչները տուժում են»,- նկատեց ուսուցչուհին:
Նա նշեց, որ ընտանիքի միակ կերակրողն ինքն է, խնամքին ունի հաշմանդամություն ունեցող անձ: Իսկ բանակից վերջերս զորացրված որդին պատրաստվում է դառնալ դիմորդ՝ Ամերիկյան համալսարանում:
«Մեր մյուս կոլեգան ևս ընտանիքի միակ կերակրողն է: Ունի երկու ուսանող: Ունենք նման 4 մանկավարժներ, որոնք այս պահին ապագա ուսանողների վարձավճարը նույնպես պետք է վճարեն: Աշխատանքից զրկվելու դեպքում՝ պատկերացնո՞ւմ եք, թե այդ երեխաների ապագան ինչ կարող է լինել»,- ասաց Մեղրաշատի դպրոցի ուսուցչուհին:
Շիրակի մարզից մեծ է եղել նաև Արցախյան վերջին պատերազմի մասնակիցների թիվը: Մեղրաշատի դպրոցն էլ ունի պատերազմի մասնակից հերոս: Կրթական հաստատությունում նրա անվամբ դասարան կա: Առաջիկայում էլ պատրաստվում են դպրոցն անվանակոչել նրա անունով: Տեղի բնակիչները վրդովմունքով հայտնեցին, որ դպրոցի տեղափոխման պարագայում դա նույնպես հնարավոր չի լինի իրականացնել:
Այդուհանդերձ, տեղի բնակիչներն իշխանություններին կոչ են անում՝ առաջնային մտածել սահմանների ամրության մասին ու չկայացնել որոշումներ, որոնք կարող են խարխլել բնակիչների կողմից դեռևս ամուր պահվող սահմանային գյուղերը:
Նազելի Ստեփանյան