Անվտանգ երթևեկության հարցում ՀՀ-ն կարող է հիմնվել միջազգային հարուստ փորձի վրա․ Երևանում կայացած աշխատաժողովին մասնակցել են նաև միջազգային կառույցները

Հայաստանի կառավարությունը, եթե կենտրոնանա ճանապարհային երթևեկության անվտանգության վրա, կարող է այդ հարցում հիմնվել միջազգային հարուստ փորձի վրա, առավել ևս, որ Հայաստանում տարեկան միջինը 300 մարդ է մահանում ՃՏՊ-ների հետևանքով, և այդ միտումը ցավալիորեն աճում է։«Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն՝ անվտանգ համակարգի մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողովի շրջանակներում նման կարծիք հնչեցրեց Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Դոն Լամբերտը:
Լամբերտը նշեց, որ ճանապարհային երթևեկության ոլորտում քաղաքականություն մշակողները նախևառաջ պետք է առաջնորդվեն երեք հիմնական սկզբունքներով՝ երթևեկության մասնակիցների վարքագծի մանրակրկիտ ուսումնասիրություն, ՃՏՊ-ների առաջացման պատճառների վերհանում և երթևեկության համակարգի շարունակական մշտադիտարկում։

«Անվտանգ երթևեկությանն առնչվող մոտեցումների հիմքում ընկած է միջազգային լավագույն պրակտիկան։ Նախագծելով անվտանգ երթևեկության հայեցակարգն՝ անհրաժեշտ է սահմանել հստակ թիրախներ։ Սա միայն ՏԿԵ և ՆԳ նախարարությունների խնդիրը չէ, միայն առողջապահական համակարգին վերաբերող հարց չէ, այլ բազմաոլորտային խնդիր է՝ պահանջելով համադրված գործողությունների ծրագիր։ Քանի որ Հայաստանի նման երկրների ռեսուրսները սահմանափակ են, անհրաժեշտ է գործընկերների միջամտությունը, որն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա յուրաքանչյուր ծախսված դրամի պարագայում։ Ասիական զարգացման բանկն այս հարցում ցանկանում է լինել Հայաստանի առաջատար գործընկերը, առավել ևս, որ այս երկրում արդեն իսկ մասնակցել է մայրուղիների ճանապարհաշինարարական աշխատանքների ֆինանսավորմանը»,- ասաց Լամբերտը։

Հայաստանում ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթա Էվերարդն իր հերթին նշեց, որ ՀՀ-ում ճանապարհային երթևեկության անվտանգ համակարգի գործարկումը վկայում է նաև ԱՀԿ-ի հետ սերտ համագործակցության մասին՝ ուղենշելով արդյունավետ փոխգործակցությունը Հայաստանի կառավարության և միջազգային գործընկերների միջև։
«Թեև մեր կազմակերպությունն ավելի շատ հայտնի է հանրային առողջապահական խնդիրներին արձագանքելով, ինչպիսիք են տարաբնույթ համաճարակները, բայցևայնպես, ճանապարհային անվտանգ երթևեկությունը նույնպես մեր առաջնահերթությունների թվում է, առավել ևս, որ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 23 վայրկյանը մեկ մի մարդ է մահանում պատահարից։ ՃՏՊ-ներն այդ իմաստով յուրատեսակ համաճարակ են և ավելի շատ կորուստների պատճառ են դառնում հատկապես երիտասարդների շրջանում։ ՄԱԿ-ում մշակվել է ճանապարհային քարտեզ, որը ցույց է տալիս երկրներին, թե ինչպես կարելի է արդյունավետորեն հասնել ՃՏՊ-ների կանխարգելմանը և մինչև 2030 թվականը կրճատել մահերի ու լուրջ վնասվածքների քանակը։ Սա ենթադրում է նախևառաջ մարդկային գործոնը նվազեցնող անվտանգ համակարգերի ներդրում և ապահով ենթակառուցվածքների գործարկում։ Մարդկային կյանքերի փրկությունը մեր գերակայությունն է, հետևաբար այդ հարցում պատրաստ ենք օժանդակել Հայաստանին»,- ասաց Էվերարդը։

Կարևորելով նման աշխատաժողովի կազմակերպումը՝ «Ավտոմեքենաների» միջազգային ֆեդերացիայի հիմնադրամի գործընկերության տնօրեն Ռիտա Սայպերսը նշեց, որ իրենց կազմակերպությունն իրականացրել է լոբբիստական մեծ աշխատանք, որպեսզի ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներն ընդգրկվեն միջազգային օրակարգում։

«Անվտանգ երթևեկությունն այսօր ներգրավված է ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրերում՝ որպես կարևոր բաղադրիչ։ Մենք նաև դոնոր ենք հանդիսանում՝ օժանդակություն ցուցաբերելով մեր հիմնադրամի միջոցով, որպեսզի ֆինանսավորվեն տարբեր երկրների կողմից կյանքի կոչվող հավակնոտ ծրագրերը։ Չնայած ներդրումներ կատարվում են, սակայն ճանապարհային անվտանգ երթևեկությունը շարունակում է մնալ թերֆինանսավորված ուղղություններից մեկը։ Մենք նաև օժանդակում ենք տվյալ ոլորտում միջազգային իրավունքների պաշտպանությանը՝ համագործակցելով մասնագիտացված ազգային ՀԿ-ների հետ, ինչպես նաև մեծ տեղ ենք հատկացնում մատաղ սերնդի շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, որպեսզի դեռահասները դեռ փոքր հասակից շատ լավ տիրապետեն ճանապարհային երթևեկության կանոններին»,- ասաց Սայպերսը։

Անդրադառնալով թեմատիկ խնդիրներին՝ ԵՄ երևանյան գրասենյակի համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսն իր խոսքում անդրադարձավ վիճակագրությանը՝ նշելով, որ ամբողջ աշխարհում վարորդների 80 տոկոսը համոզված է, որ լավ է մեքենա վարում, մինչդեռ իրականում դա չարդարացված ու չհիմնավորված գերվստահության նշան է։

«ԵՄ-ն նույնպես ունի ճանապարհների անվտանգ երթևեկության ծրագիր, որն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի օժանդակությամբ, և շատ փորձագետների գնահատմամբ՝ հաջողված ծրագիր է։ Հայաստանյան փողոցներում մեքենաների թվաքանակը զգալիորեն մեծացել է, ինչն էլ ռիսկեր է պարունակում հետիոտների համար։ Կառավարությունը պետք է ավելի շատ հարկեր սահմանի մեծ մեքենաների համար։ Երևանյան որոշ վայրերում փողոցն անցնելու համար սահմանված լուսացույցի ժամանակը կրճատվել է։ Հատկապես մեծահասակների համար շատ դժվար է 12 վայրկյանում փողոց հատել։ Չափազանց կարևոր է նաև ճանապարհներին արագության սահմանափակումների հարցը, թեև շատերն այստեղ չեն հետևում այդ կանոնին։ ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է ոստիկանական հարմարավետ մեքենաներ, որոնց միջոցով հնարավոր է բարձրացնել վերահսկողական աշխատանքների մակարդակը»,- նշեց Հեսը։

Աշխատաժողովի մյուս մասնակիցը՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին էլ շեշտեց, որ ՃՏՊ-ների հետևանքով մահացության դեպքերը հնարավոր է կրճատել արդյունավետ համակարգերի ներդրման շնորհիվ։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց կոլեկտիվ ջանքերի կարևորությունը, համատեղ աշխատանքի էֆեկտիվությունը, քանի որ ոչ մի գերատեսչություն ի զորու չէ միայնակ լուծել նման խնդիրները։

«Այդ պատճառով էլ ՄԱԿ-ն իր զարգացման ծրագրերով որոշակի պարտավորություն է ստանձնել և հետայսու նույնպես պատրաստ է համագործակցել ՀՀ կառավարության հետ մասնավորապես ճանապարհային անվտանգ երթևեկության ոլորտում։ Մենք ՀՀ ՏԿԵ և ՆԳ նախարարությունների հետ խորհրդակցելով՝ մշակել ենք ծրագիր, որը ֆինանսավորվում է Ճանապարհային անվտանգության հիմնադրամի կողմից։ Մենք մշակել ենք առաջին անալիտիկ գործիքները, որպեսզի առանձնացնենք ՃՏՊ-ների առաջացման դրդապատճառներն ու ամենավտանգավոր ճանապարհային հատվածները, որտեղ, սովորաբար, տեղի են ունենում բազմաթիվ վթարներ։ Մշակել ենք նաև համատեղ պիլոտային ծրագրեր, որոնք վերաբերում են վերգետնյա և ստորգետնյա անցումների անվտանգությանը։ Ապագայում նույնպես կշարունակենք ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը՝ տեղի ճանապարհները դարձնելով ավելի անվտանգ»,- ասաց Նացվլիշվիլին։

Աշխատաժողովի վերջում ՀՀ ՏԿԵ և ՆԳ նախարարությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, Ճանապարհների միջազգային գնահատման ծրագրի և մյուս մասնակիցների միջև կնքվեց «Գործողությունների տասնամյակի մտադրությունների մասին» հուշագիր, որի համաձայն՝ նախատեսվում է նաև իրականացնել համակողմանի ուսումնասիրություն անվտանգ ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման համար երկարաժամկետ, կայուն ներդրումներ ապահովելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս