Բաժիններ՝

Խնդիրը միայն վիճակագրական աճեր ցույց տալու մեջ չէ. տնտեսագետն արձանագրում է ռիսկերը

Կենտրոնական բանկը 2023 թվականի համար կանխատեսում է 6․9 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը՝ թիրախից ցածր, և կկայունանա 4 տոկոսի սահմաններում։

Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԿԲ այս կանխատեսմանը, նկատեց՝ գործոնները, որոնք նպաստել են 2022 թվականի աճին, շարունակում են պահպանվել:

«Պահպանվող միտումները վկայում են, որ այդ աճը լինելու է խարսխված այն նույն հանգամանքների ու գործոնների վրա, որոնց ազդեցության ներքո ձևավորվեց նաև 2022 թվականի տնտեսական աճը: Այն է՝ ծառայությունների, առևտրի և շինարարության ոլորտ: Եթե ավելի բանաձևային տանք բնութագիրը՝ հիմնված արտաքին գործոնների և և դրանցից բխող ազդեցությունների վրա»,- շեշտեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ նույն եզրակացությանը հանգելու իրավունք են տալիս վիճակագրությունը և  ԿԲ նախագահի կողմից մեսիջները:

Կարդացեք նաև

«Այսինքն՝ 2023 թվականը լինելու է տնտեսական անկայուն աճի (պամանավորված այն հանգամանքով, որ այդ գործոնների և դրանց ազդեցության պահպանումը կանխատեսելը դեռ մնում է բավական բարդ, որովհետև ուղիղ առնչվում է  աշխարհաքաղաքական զարգացումներին և դրանից բխող՝ ՀՀ տեղափոխված օտարերկացիների վարքագծին) տարի: Անկայուն, ռիսկային տնտեսական աճ, և աճ, որը, ցավոք սրտի, չի ենթադրում որակական կառուցվածքային  փոփոխություններ տնտեսությունում»,- ասաց Լիլյա Ամիրխանյանը:

Վերջինի համատեքստում նա հիշեցրեց՝ երկնիշ տնտեսական աճի ցուցանիշների կողքին ունենք արդյունաբերության ոլորտի համեստ աճը, ինչը բավական մտահոգիչ է:

Գնաճի կանխատեսման մասին իր դիտարկումներում տնտեսագետը կարևորեց երկու հանգամանք. «Նախ՝ արտաքին գնաճային ճնշումների հանգամանքը, մասնավորապես, ՄԱԿ-ի պարենի ինդեքսում առկա է  բավականին մեծ գնանկում, ինչի ուղիղ ազդեցություն կրում է ներմուծվող ապրանքախումբը, և ինչի ականատեսն  ենք լինում: Ապա՝ ՀՀ-ում, կրկին արտաքին գործոններով պայմանավորված, պահպանվող, համախառն գեներացվող պահաջարկը, որի ռիսկերը (քանի որ նաև այդ պահանջարկի կտրուկ աճի արդյունքում ունեցանք գնաճի այն մակարդակը, որն ունեցանք նախորդ տարվա ընթացքում) գնահատելու հնարավորություն չկա: Չկան երաշխիքներ, որ այդ համախառն պահանջարկը չի կուտակվի այնքան, որ առաջացնի գնաճային ճնշումներ, և խնդիր ունենանք գնաճային թիրախային մակարդակի հետ»:

Անդրադառնալով ներկայիս գնաճի՝ թիրախայինից ցածր մակարդակին, Լիլյա Ամիրխանյանը սա համարեց խնդիր՝ պարզաբանմամբ, որ այն համահունչ չէ տնտեսական աճի հետ. այստեղ խզում կա, ինչը ցույց է տալիս, որ արտաքին ազդեցությունները բավական մեծ են:

«Այստեղ ներմուծվող ապրանքների գնանկումների հետ կապված նրբություն կա, որի հետևանքով տեղական արտադրանքը կրկին տուժում է:

Երբ նախորդ տարվա ընթացքում դրամի արժևորման արդյունքում կար օբյեկտիվ ակնկալիք, որ ներմուծվող ապրանքների գները պետք է անկում ապրեն, տևական ժամանակ այդ անկումը չէր գրանցվում: Ներմուծվող ապրանքների գները շատ ավելի ուշ և ոչ համարժեք արձագանքեցին դրամի արժևորման հանգամանքին, իսկ դրա հետևանքով խոշոր ներմուծողների մոտ գերշահույթներ ստանալու հնարավորություն ձևավորվեց, ինչը տեղական արտադրողի համար բավականին ոչ բարենպաստ միջավայր ստեղծեց մրցակցային դիրքերի տեսանկյունից:

Այսօր ներմուծվող ապրանքների գնանկումը կրկին մրցակցային առումով հարված է հասցնում: Ստեղծվում է իրավիճակ, որ ցանկացած պարագայում տեղական արտադրողն ունենում է խնդիր, ու եթե սրան հավելենք փոխարժեքի տատանումը, դրամի արժևորումը, ապա տեղական արտահանող-արտադրողը, արտահանելի հատվածը արտադրության կրկնակի վնասների ներքո է հայտնվում:

Երբ մենք խոսում ենք տնտեսական աճի ու դրա դինամիկայի պահպանման մասին, կարծում եմ, որ նախորդ մեկ տարին եկել է ապացուցելու՝ խնդիրը միայն վիճակագրական աճեր ցույց տալու մեջ չէ, այլև՝ որակական, նաև ուսումնասիրելու, թե այդ աճերը որքանով են ազդում տնտեսության վրա, ինչ որոշակի ռիսկեր են պարունակում արտահանելի հատվածի համար»:

Ամփոփելով՝ տնտեսագետն արձանագրեց, որ այս տարի ևս որակական փոփոխություններ չարձանագրելու պարագայում ունենալու ենք ոչ կայուն տնտեսական աճ, որը հիմնականում գեներացվում է արտաքին ազդակներից:

Իսկի գնաճի հետ կապված՝ ըստ նրա,  իրավիճակը թեև ավելի մեղմվել է, ինչով պայմանավորված՝ ԿԲ-ն մեղմել է դրամավարկային քաղաքականությունը, բայց ՎՖՏ՝  0.25 նվազեցումը  չի նշանակում հրաժարում թանկ  փողերի քաղաքականությունից՝ իր բոլոր հետևանքներով:

«ՎՖՏ-ն դեռ մնում է բավական բարձր մակարդակի  վրա, և  ներկայիս միտումները չեն երաշխավորում, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցմանը պարբերաբար ականատես ենք լինելու:

Սա վկայում է այն մասին, որ գնաճային ռիսկերը բոլոր գործոններով դեռ պահպանվում են»,- հավելեց նա:

Օրերս լրագրողների հետ հանդիպմանը  Կենտրոնական բանկի նախագահը նշել էր. «2023 թ. մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.3 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1 տոկոս: Երկրորդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերը պահպանվում են, և 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել: Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պայմաններում՝ կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռ պահպանվում են  բարձր մակարդակներում, ուստի գործընկեր երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն»:

Կենտրոնական բանկը, նախագահ Մարտին Գալստյանի փոխանցմամբ, 2023 թվականի համար կանխատեսում է 6․9 տոկոս տնտեսական աճ, գնաճը տարվա ընթացքում կլինի թիրախից ցածր, կկայունանա 4 տոկոսի սահմաններում։

«2023-ի երկրորդ եռամսյակում ՀՀ-ում  դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը: Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը Հայաստանում շարունակում է արագ տեմպով մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում»,- հավելել էր նա:

ԿԲ-ն հունիսի 13-ին 0.25 կետով արդեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը`սահմանելով 10.5 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս