Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում․ Ֆիդան
Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցում է համակարգման և համերաշխության հիման վրա. ըստ լրատվամիջոցների՝ այս մասին Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում.
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ցուցաբերված կամքը և Հայաստանի հետ մեր կողմից իրականացվող կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը ամրապնդել են տարածաշրջանում երկար սպասված մշտական խաղաղության հույսերը»:
Նա նաև անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններին։
«Մենք շարունակում ենք երկխոսությունը տարբեր մակարդակներում Հայաստանի հետ, որը բաց դիրքորոշում է ցուցաբերել մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, և մենք անկեղծորեն առաջ ենք մղում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի ուղղությամբ»,- ասել է Ֆիդանը:

