Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ազատ կարձակվի. դատավոր Ռշտունին բավարարել է պաշտպանի վերանայման բողոքը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Նարեկ Ղուկասյանը, ազատ կարձակվի կալանավայրից: Նրա խափանման միջոցը փոխելու բողոքը վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է, և որոշում է կայացվել կիրառված կալանք խափանման միջոցը վերացնել ու անհապաղ ազատ արձակել:

Նարեկ Ղուկասյանի փաստաբան Արտուշ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է որոշմանը.

«2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքի ղեկավար Վ.Ղուկասյանին ձերբակալելու ժամանակ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարկում զանգվածային անկարգություններ և արդարադատության իրականացմանը միջամտելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Նարեկ Կոլյայի Ղուկասյանի (բոլորովին վերջերս չափահաս դարձած, հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, բարձր առաջադիմությամբ սովորող) նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.10.2025 թվականի որոշմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ՝ Վ.Ռշտունու, բավարարել է պաշտպան Ա.Հակոբյանիս կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը, մերժել է քննիչի միջնորդությունը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Շուտով Նարեկ Ղուկասյանը կլինի ազատության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս