Ալիևը մեծ խաղերի մեջ է մտել. Ադրբեջանը TRIPP-ով Թուրքիային սահմանակից է դարձնում Կենտրոնական Ասիային՝ C5-ին. Արմեն Պետրոսյան
Ադրբեջանը շարունակելու է լրջագույն մարտահրավեր լինել Հայաստանի համար, նույնիսկ, եթե խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում արևելագետ Արմեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ առնվազն կարճաժամկետ հեռանկարում հավանական չի համարում Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ, բայց դա չի նշանակում, թե Ադրբեջանը թշնամական պետություն չէ Հայաստանի համար։

«Դուք շատ ճիշտ նշեցիք՝ թշնամական պետություն։ Անգամ, եթե Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, որն է՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, Ադրբեջանը շարունակելու է մշտապես մնալ լրջագույն մարտահրավեր մեզ համար տարածաշրջանում։ Սա միանշանակ է։
Ընդ որում՝ ոչ միայն մեզ, այլև հարևան այլ երկրների՝ Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի համար, քանի որ այնտեղ իշխող Ալիևի վարչակարգը բավական մեծ հավակնություններ ունի շատ ավելի մեծ տարածաշրջանային դերակատարման, չնայած, որ նրա պետության ռեսուրսները սահմանափակ են, բայց այդ հավակնությունները կան։ Մասնավորապես, Ադրբեջանն իր համար չափազանց կարևոր նշաձող է սահմանել՝ դառնալու Միացյալ Նահանգների բացառիկ գործընկերը տարածաշրջանում»,– կարծում է Արմեն Պետրոսյանը։
Մեկնաբանելով Ադրբեջանի՝ Կենտրոնական Ասիայի պետությունների խորհրդատվական հարթակին անդամակցելը՝ տարածաշրջանային քաղաքականության փորձագետն ասում է, որ Ադրբեջանի պաշտոնական մուտքը կենտրոնասիական «C5» ձևաչափ, հատկանշական իրողություն է, որն անհրաժեշտություն է առաջացնում Հայաստանից առնվազն ուշադրությամբ հետևելու զարգացումներին՝ տարածաշրջանային ինտեգրման գործընթացները հասկանալու և սպառնալիքները գնահատելու համար։
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ կանխատեսվում է, որ Ադրբեջանն ակտիվ գործընթացներ է սկսելու՝ այս տարածաշրջանում ղեկն իր ձեռքը վերցնելու նպատակով և իր թիկունքում ունենալով Թուրքիայի աջակցությունը։

«Եթե մենք փաստացի իրողություն ենք համարում այն, որ Ադրբեջանը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով իրեն դիրքավորում է Կենտրոնական Ասիայում, ապա փաստացի Թուրքիան դառնում է սահմանակից Կենտրոնական Ասիային, որովհետև Թուրքիան սահմանային կապ ունի Նախիջևանի հետ և Նախիջևանի տարածքով, հետագայում՝ նաև TRIPP-ի միջոցով արդեն այդ կապը Կենտրոնական Ասիայի հետ ավելի շոշափելի է դառնում, և այն կանխատեսումները, որ TRIPP-ը շատ մեծ հնարավորություններ է ընձեռելու Թուրքիային մեծացնելու իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, արդեն որոշակիորեն տեսանելի է դառնում», – հավելեց Արմեն Պետրոսյանը։
Մեր զրուցակիցը նաև հավելեց.
«Ադրբեջանին պետք չէ այս պահին ռազմական նոր արկածախնդրություն, որը կարող է հետևանքներ ունենալ։ Նա ձգտում է առավելագույն լեգիտիմության և այս կարևոր աշխարհաքաղաքական իրավիճակը օգտագործել՝ իր համար շատ ավելի հեռուն գնացող հավակնություններն իրացնելու նպատակով։ Ինչպես արդեն նշեցի՝ ձգտում է տարածաշրջանային դերակատարման, իսկ դա հիմնականում արվում է փափուկ ուժի միջոցով՝ քաղաքական, տնտեսական, մարդասիրական և այլ եղանակներով։ Հետևաբար, որևէ առիթ չկա այս պահին մտնել մի ռազմական արկածախնդրության մեջ, որը կարող է առնվազն խնդիրներ առաջացնել, առնվազն պատժամիջոցների պատճառ դառնալ՝ հատկապես արևմտյան երկրների կողմից։ Հաջորդ կարևոր հանգամանքը. կրկնում եմ՝ ադրբեջանցիների համար այս պահին չափազանց կարևոր նշաձող է դրված Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարձրացնել աննախադեպ մակարդակի և դառնալ այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների բացառիկ գործընկերը»։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցած Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպման ժամանակ Ադրբեջանը ստացել է Կենտրոնական Ասիայի խորհրդատվական հանդիպումների լիիրավ անդամի կարգավիճակ։ Իսկ նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի նստավայրում՝ Սպիտակ տանը, «C5+1» ձևաչափով տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և կենտրոնասիական պետությունների՝ Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում Դոնալդ Թրամփն «ամերիկյան այլընտրանք» է առաջարկել ավանդաբար դեպի Ռուսաստան, իսկ վերջին տասնամյակներին՝ նաև դեպի Չինաստան կողմնորոշվող կենտրոնասիական երկրների ղեկավարներին՝ հազվագյուտ մետաղների և հանքանյութերի հանքավայրերի շահագործման մասին խոշոր գործարքների և առևտրային համաձայնագրերի տեսքով։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

