Բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում. ԿԲ նախագահ

«2023 թ. մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.3 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1 տոկոս,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կենտրոնական բանկի նախագահը՝ մանրամասնելով,- Երկրորդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերը պահպանվում են, և 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել: Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պայմաններում՝ կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռ պահպանվում են  բարձր մակարդակներում, ուստի գործընկեր երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն»:

Կենտրոնական բանկը, նախագահ Մարտին Գալստյանի փոխանցմամբ, 2023 թվականի համար կանխատեսում է 6․9 տոկոս տնտեսական աճ, գնաճը տարվա ընթացքում կլինի թիրախից ցածր, կկայունանա 4 տոկոսի սահմաններում։

«2023-ի երկրորդ եռամսյակում ՀՀ-ում  դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը:

Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը Հայաստանում շարունակում է արագ տեմպով մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

ԿԲ-ն հունիսի 13-ին 0.25 կետով արդեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը`սահմանելով 10.5 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս