Լեհական երկաթուղում դիվերսիա են իրականացրել ռուսական հետախուզության հետ համագործակցող երկու ուկրաինացի. Դոնալդ Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Սեյմում հայտարարել է, որ երկաթուղում վերջերս տեղի ունեցած դիվերսիայի համար պատասխանատու են ռուսական հետախուզության հետ համագործակցող Ուկրաինայի երկու քաղաքացիներ. հաղորդում է RMF24-ը։
Նա հավելել է, որ տղամարդիկ Լեհաստանից փախել են Տերեսպոլի սահմանային անցակետով։
Լեհաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ծառայություններն այժմ վստահ են, որ Միկա քաղաքի մոտ գտնվող գծերի դիվերսիայի փորձը և Պուլավիի մոտ գտնվող երկաթուղային ենթակառուցվածքների խափանումը երկու դիվերսիաներ էին, որոնց նպատակը երկաթուղային տրանսպորտում աղետ առաջացնելն էր։
Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկու ուկրաինացիներն էլ, որոնք նույնականացվել են որպես դիվերսանտներ, Լեհաստան են ժամանել Բելառուսից։ Նրանցից մեկին մայիսին Լվովի դատարանը դատապարտել է Ուկրաինայում դիվերսիայի համար։ Մյուսը, որը ծնունդով Դոնբասից է, նախկինում աշխատել է դատախազությունում։
Վարչապետը պարզաբանել է, որ հատուկ ծառայությունների գործունեության այս փուլում նա դիվերսանտների մասին տեղեկությունները չի կարող հրապարակայնորեն բացահայտել։
«Մինչ ես ձեզ ասում եմ այս խոսքերը, հետագա գործողությունները շարունակվում են»,- ասել է նա։
Ավելի վաղ լեհական իշխանությունները հայտնել էին նոյեմբերի 16-ին Ուկրաինայի հետ սահման տանող երկաթուղու վրա տեղի ունեցած երկու միջադեպի մասին:
Ըստ վարչապետ Դոնալդ Տուսկի՝ Վարշավայի և Լյուբլինի միջև երկաթուղու մի հատվածը պայթեցվել է «աննախադեպ դիվերսիայի» արդյունքում: Ժիչին քաղաքի մոտակայքում գծերի վնասը հայտնաբերել է անցնող գնացքի մեքենավարը, որը ստիպված է եղել արտակարգ կանգառ կատարել:
Ավելի ուշ նույն գծով ուղևորներ տեղափոխող մեկ այլ գնացք արտակարգ կանգառ է կատարել կոնտակտային ցանցի վնասման պատճառով: Կրտված կոնտակտային գիծը փշրել է վագոններից մեկի պատուհանը: Միջադեպերի արդյունքում ոչ ոք չի տուժել:

