Սորոսականները գնում են Պուտինին կալանավորելու
Մարտի 24-ին Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։
Այն, որ միջազգային քրեական դատարանի կողմից կայացված վճիռը Արցախյան հակամարտության, ՀՀ տարածքների օկուպացիայի և Արցախի ժողովրդի շրջափակման խնդիրների լուծման հարցում Ադրբեջանի համար ունի նույն ազդեցությունը, ինչ Վիլսոնի իրավարար վճիռը, կամ միջանցքը բացելու վերաբերյալ մեկ տասնյակ պատկան մարմինների որոշումներն ու հայտարարությունները, հորդորները, կասկածից դուրս է։
Շատ ուշագրավ է այն փաստը, որ «ահուսարսափ», «բռնապետ», Ռոբերտ Քոչարյանի ժամանակ «քաղաքական իշխանություններից կախված», «կամակատար» Սահմանադրական դատարանը, նույն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա, այս նույն հարցը քննելիս՝ Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները 2004 թվականի ՍԴՈ 502 որոշմամբ ճանաչել է հակասահմանադրական։
Այն, որ այս դատարանից Հայաստանի ոչինչ չստանալու հաստատման համար լոկ ժամանակ է պետք՝ դա էլ է պարզ։
Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ո՞րն էր պատճառը, որ բռնազավթված ՍԴ-ն ակնհայտ հակասահմանադրական կոնվենցիան ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող։
Հետևելով տարբեր «գործիչների» ասելիքներին ու անելիքներին, պատասխանը, թերևս, հեռվում չի գտնվում։ Այս կոնվենցիան հերթական գործիքն է հայ-ռուսական հարաբերությունները տապալելու հարցում. այս պայմանագիրը վավերացնելուց հետո Հայաստանը պարտավորված է լինելու Ռուսաստանի նախագահ Պուտինին կալանավորել՝ Հայաստանում գտնվելու դեպքում, ու հանձնել Հաագայի դատարանին։
Այո, այո, դուք ճիշտ կարդացիք։ Իսկ հիմա կհիշեք, թե Հայաստանում ովքեր էին ոգևորված Պուտինին կալանավորելու գաղափարով՝ խզմալյանական, բաբաջանյանական ու շիրինյանական կուտոկը։ Իսկ միգուցե մի փոքր էլ լարենք հիշողություններս և հիշենք, թե ո՞վ է Սահմանադրական դատարանի անդամներից այս կուտոկի հետ ընտրություններին մասնակցում, ինչպես ասում են՝ տալիս-առնում։
Պատկերը ամբողջացավ ՍԴ դահլիճում, որում, մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման դատավորներն էին, այդ թվում՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի երրորդ համար Սեդա Սաֆարյանը, մյուս կողմից՝ արևմտյան գրանտներով սնվող Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը և այլն, որոնք ծափահարություններով ընդունեցին սահմանադրական դատարանի որոշումը, և որոնց հրճվանքը անմահացնում էին, ինչպես հանրության շրջանում ընդունված է ասել՝ «սորոսամերձ» մեդիաները, հասարակական կազմակերպությունները:
Նիկոլը, իհարկե, կասի՝ Լադիմիր Լադիմիրիչ ջան, այս ամբողջը այն Ալիևին դատի տալու համար է, տի տուտ նի պրիչոմ, բայց իրականում սա հերթական կրուտիտն է, քանի որ այս դեպքում ռազմավարական միակ դաշնակցին մեջքից հարվածում է սորոսականների ու զավթած ՍԴ-ի միջոցով։
Ինչպես ասում են՝ պատերազմից հինգ րոպե պակաս այս իրավիճակում, երբ տարածաշրջանը եռում է, և Հայաստանը Փաշինյանի թեթև ձեռքով վերածվել է աշխարհաքաղաքական բախումների պլացդարմի՝ ոտնատակ լինելու վտանգավոր հեռանկարով, հենց սա էր մեզ պակաս:
Հ.Գ. Միակ սփոփանքը, թերևս, Սահմանադրական դատարանում իրավագիտությանը չդավաճանած ու ողջախոհությունը չկորցրած մի քանի դատավորների առկայությունն է։ Այս որոշման վերաբերյալ, փաստորեն, երեք դատավոր ունեն հատուկ կարծիք՝ Ա. Թունյան, Հ. Թովմասյան, Ե. Խունդկարյան։
ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ