«Մինչև մեր ոտքի կանգնելը՝ Հայաստանի օրվա իշխանությունը պետք է հեռացվի». Մարտին Եսայան

45 օր է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ 120 հազար արցախահայեր, 30.000-ը՝ երեխաներ, պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար։

Այս ընթացքում միջազգային տարբեր կառույցներ կոչերով ու հայտարարություններով դատապարտել են Ադրբեջանի գործողությունները՝ հայտարարելով, որ վերջինս պետք է բացի Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը։

168.amի հետ զրույցում Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանն ասաց, որ արցախահայությունն ավելի վատ ու դաժան օրեր է տեսել 90-ականներին, երբ որևէ բան չուներ, բայց հաղթահարել է ու ունեցել ազատագրված հայրենիք։ Հետևաբար՝ արցախցին այս վիճակն էլ կհաղթահարի։

«90-ականներին 1,5 տարի Արցախը բլոկադայի մեջ էր, չուներ գազ, հոսանք, զենք ու զինամթերք, սննդի մասին էլ չեմ խոսում։ Այսինքն՝ այս ամենը դիմակայելու հարց է, և մենք այլընտրանք չունենք, քան դիմակայելը։ Ընտրել ենք մեկ ճանապարհ՝ Արցախը պետք է մնա հայկական, ու մենք պետք է շարունակենք ապրել մեր հողում։

Կարդացեք նաև

Մինչև 44-օրյա պատերազմը և դրանից հետո էլ, մասնավորապես հիմա, պարզ դարձավ, որ Թուրքիան ու Ադրբեջանը թքած ունեն միջազգային հանրության վրա։ Իրենք իրենց այս սրիկայություններն անելու են այնքան ժամանակ, մինչև մենք ինքներս ոտքի չկանգնենք։ Բայց մինչև մեր ոտքի կանգնելը Հայաստանի օրվա իշխանությունը պետք է հեռացվի, քանի որ այս ամենը նրա որդեգրած քաղաքականության արդյունքն է, և այդ քաղաքականությունը տանելու է հայոց պետականության կործանման»,- նշեց Մարտին Եսայանը։

Ըստ նրա, այսպես չի մնալու, քանի որ ժողովուրդը կարթնանա ու իր քայլը կանի։

Զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայում ու Արցախում ստեղծված իրավիճակների միջև, Մարտին Եսայանը նկատեց՝ ուկրաինացիներին այսօր բոլորն օգնում են, իսկ արցախցիներին՝ քչերը։

«Մարդ որ սեփական հողատարածք է ունենում, հարևանը գալիս-ասում է՝ մի քիչ այն կողմ գնա, ցանկապատս դնեմ, չի գնում, բա մենք այսքան հող ու հայրենիք ենք կորցնում, պետք է հանգիստ նստե՞նք։ Պատմության ընթացքում ազգերը հազարավոր զոհեր են տվել՝ հայրենիք ունենալու ու պահելու համար, մենք պետք է ամեն ինչ անենք մեր ունեցած հայրենիքը պահելու համար։ Թշնամին իր ծոծորակը կտեսնի, բայց Արցախի հայաթափումը չի տեսնի»,- շեշտեց Մարտին Եսայանը։

Նրա բնորոշմամբ, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Եվրոպան  ֆիզիկապես չեն կանգնելու հայ ժողովրդի կողքին, հետևաբար՝ չպետք է փնովել ռուս խաղաղապահներին ու Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, քանի որ հարկ եղած դեպքում նա է կանգնելու հայ ժողովրդի կողքին։

«Ռուս խաղաղապահն այսօր չի կարող ուժով ու զենքի կիրառմամբ ճանապարհ բացել, նա չի տրվում ադրբեջանական սադրանքներին, որ հետո Ադրբեջանը չհայտարարի, թե խաղաղությունն ապահովելու փոխարեն՝ զենք է գործի դնում։ Ոչինչ, սա մի շրջան է, որը կհաղթահարենք, հետո մենք այլ լեզվով ենք խոսելու Ադրբեջանի հետ։

Ի՞նչ խաղաղության պայմանագրից է խոսում Փաշինյանը, երբ թշնամին գնում է  ցեղասպանության, սա՞ է իր խաղաղությունը։

Հիմա գիտեք՝ ինչ են ուզում անել, ուզում են այնպես անեն, թե՝ տեսեք, դուք չեք դիմանալու, հետևաբար՝ պետք է համաձայնեք Ադրբեջանի պահանջների հետ, բայց չի լինելու նման բան։ Ադրբեջանի այս գործողությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- եզրափակեց Մարտին Եսայանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս