Բաժիններ՝

Կրթության ոլորտի անհավասարությունների մասին

Հայաստանի կրթության ոլորտում առկա անհավասարությունները շարունակում են աճել՝ հասնելով մտահոգիչ մակարդակի։ Այդ անհավասարություններն ունեն՝ ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ՝ բուն կրթական պատճառներ։ Քննարկենք դրանցից մի քանիսը։

Նախկինում Հայաստանի կրթական համակարգի կառուցվածքն ավելի միասեռ էր։ Կային միջնակարգ դպրոցներ և մի քանի հատուկ դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ։ Շուրջ 15 տարի առաջ որոշում կայացվեց ստեղծել հիմնական և ավագ դպրոցներ։ Հայաստանի 461 պետական դպրոցներ այսօր  ունեն 1-9-րդ դասարաններ, ևս 101-ը՝ 10-12-րդ դասարաններ։ Մնացած 770 դպրոցները, որոնք հիմնականում գյուղերում են, ունեն 1-12-րդ դասարաններ։ Դպրոցների նման բաժանումը բազմաթիվ խնդիրներ առաջ բերեց։

Օրինակ՝ տարբեր կազմակերպություններ անցկացնում են մրցույթներ դպրոցների համար։ Մասնակցում ես այդ մրցույթին և տեսնում անհավասարություն։ 1-9-րդ դասարաններ ունեցող դպրոցը մրցում է 10-12-րդ դասարաններ ունեցող դպրոցի հետ։ Ակնհայտ է, որ 8-9-րդ դասարանի աշակերտները շատ հարցերում չեն կարող մրցել 11-12-րդ դասարանի աշակերտների հետ։ Փոքր տարիքում 1-2 տարվա տարբերությունը կարող է ակնհայտ լինել։ Կամ միջնակարգ դպրոցում կա մեկ 10-րդ դասարան, իսկ ավագ դպրոցում՝ 3-5 10-րդ դասարան։ Այսինքն՝ վերջինիս դեպքում ընտրության հնարավորությունները շատ մեծ են։

Այս անհավասարությունը վերջերս դրսևորվեց նաև ուսուցիչների կամավոր ատեստացիայի ժամանակ։ 7-9-րդ դասարաններում դասավանդող ուսուցչի համար դժվար է մրցել 7-12-րդ կամ 10-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների հետ։ Իհարկե, տրամաբանական է, որ մեր մանկավարժական բուհերն ավարտողները պետք է յուրացրած լինեն տվյալ առարկայի բոլոր դասարանների ծրագիրը։ Մեր բուհերում չկա 7-9-րդ դասարանների կամ 10-12-րդ դասարանների ուսուցչի որակավորում։ Բայց իրատես լինելու դեպքում ակնհայտ է, որ եթե դու միշտ կամ տևական ժամանակ դասավանդել ես 7-9-րդ դասարաններում, կրկնուսույց չես, ապա շատ դեպքերում մոռանում ես կամ լավ չես տիրապետում ավագ դասարանի ծրագրին։

Կան նաև բնակավայրով, դպրոցով պայմանավորված անհավասարություններ։ Վերջերս դպրոցականների համար կազմակերպված մի միջոցառման ժյուրիի անդամ էի։ Միջոցառմանը կարող էին մասնակցել բոլոր դպրոցների երեխաները։ Հետաքրքիր էր տեսնել, թե որքան տարբեր էին գրեթե նույն կրթական ծրագրով սովորող աշակերտների մոտեցումները։ Հայտնի դպրոցների աշակերտները հարցումներ էին անցկացրել, տվյալներ ուսումնասիրել, գրականություն կարդացել, սահիկաշար պատրաստել։ Նշում էին իրենց աշխատանքի նպատակը, հետազոտական մեթոդները, եզրակացությունները, առաջարկությունները։ Ակնհայտ էր, որ այս աշակերտների հետ ուսուցիչը ահռելի ծավալի աշխատանք էր կատարել։ Նույնիսկ կարող ենք ենթադրել, որ աշխատանքի մի մասն էլ հենց ուսուցիչն էր կատարել։

Դպրոցականների երկրորդ խումբը ներկայացնում էր էսսեի ոճով։ Այս աշակերտները գրքեր էին կարդացել, ինչ-որ մտքեր հավանել, ծաղկաքաղ էին արել և որոշ բաներ էլ իրենց կողմից ավելացնելով՝ հետաքրքիր մտքեր էին արտահայտում։ Նկատելի էր, որ նրանք ահռելի մտավոր աշխատանք էին կատարել, քանի որ նման ելույթ պատրաստելու համար պետք է կարողանաս մտքերդ գեղեցիկ շարադրել, այնուհետև անգիր սովորել այդ տեքստը։ Ակնհայտ էր, որ այս աշակերտները դպրոցում լավ են սովորում, գրքեր են կարդում, լավ շարադրություններ են գրում։ Եվ հենց այդ պատճառով էլ դպրոցն ընտրել էր այս աշակերտին։ Բայց նաև զգացվում էր, որ այս երեխաները ուսուցչից մեծ օգնություն չէին ստացել։

Կար նաև աշակերտների երրորդ խումբը։ Աշակերտների այս խմբի ելույթները նման էին բաժակաճառի։ Նրանք պարզապես վերարտադրում էին ծնողներից, ուսուցիչներից, քաղաքական գործիչներից լսած մտքեր, որոնք հնչում են տարբեր միջոցառումների ժամանակ։ Աֆորիզմներ, էմոցիաներ, ապրումներ։ Այս դեպքում էլ զգացվում էր, որ նախապատրաստական աշխատանք գրեթե չէր կատարվել։

Ամենևին այն կարծիքին չեմ, որ առաջին խմբի երեխաները շատ խելացի են, իսկ մյուսները ոչ։ Պարզապես առաջին խմբի երեխաների բախտը բերել էր, որ նրանք սովորում են այնպիսի դպրոցում, որում ուսուցիչներն ավելի լավ են վճարվում, ավելի շատ ծրագրերի են մասնակցում, Երևանում են կամ մեծ քաղաքում։ Սա ամենամեծ անարդարություններից է, որ կա մեր երկրում։ Ցավոք, ոչ Հայաստանի փոքր լինելը, ոչ էլ տեղեկատվության մատչելիությունն այս անարդարությունները չեն հաղթահարում։

Թվում է, թե փոքր երկրում հեշտ է ուսուցիչներին սովորեցնել նոր մոտեցումներ։ Թվում է, թե այսօր համացանցով կարելի է հեշտությամբ տարածել մասնագիտական գիտելիքներ։ Բայց պարզվում է, որ կարևորը դա չէ։ Կարևորն այն է, թե ինչ միջավայրում ես ապրում, ինչ հոգսեր ունես։ Այս առումով, մեր շատ դպրոցների ուսուցիչները ծանրագույն վիճակում են։ Ներգրավված լինելով գյուղատնտեսական աշխատանքներում, ունենալով սոցիալական, առողջական, ընտանեկան խնդիրներ, մեր ուսուցիչները պարզապես ժամանակ չեն ունենում զբաղվելու մասնագիտական զարգացման ծրագրերով։ Ցավոք, պետությունն էլ առանձնահատուկ վերաբերմունք չի ցուցաբերում այդ դպրոցների հանդեպ։ Երբ մենք բոլորին ասում ենք՝ եկեք հավասարը հավասարի պես մասնակցեք մրցույթների, ապա հայտնի դպրոցների աշակերտները, լավ ուսուցիչներ ունեցող աշակերտները, ապահով ընտանիքների երեխաներն արտոնյալ վիճակում են հայտնվում։

Անհավասարությունների, անարդարությունների պատճառով մենք հսկայական մարդկային ռեսուրս ենք կորցնում, որը բացասաբար է ազդում մեր երկրի տնտեսության ու մնացած ճյուղերի վրա։ Կրթության ոլորտում առկա ամենափոքր անհավասարությունը, անարդարությունը պետք է ուշադրության արժանանա։    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս