Քրդական հարցը նոր փուլ է մտնում․ Անկարան ազատ կարձակի՞ քուրդ հայտնի գործչին
Թուրքիայում քրդական հարցը շարունակում է մնալ ներքին օրակարգի ամենաառանցքային և բարդ թեմաներից մեկը՝ ընդգրկելով քաղաքական, իրավական և անվտանգության բազմաթիվ խնդիրներ. գրում է ermenihaber.am-ը:
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) 2025 թվականի հուլիսի 11-ին հայտարարեց զենքերը վայր դնելու, իսկ հոկտեմբերի 26-ին արդեն՝ այդ երկրի տարածքից դուրս գալու որոշման մասին։ PKK-ի տարածած հաղորդագրության համաձայն` Թուրքիայի սահմանների ներսում գտնվող քուրդ զինյալները տեղափոխվում են Հյուսիսային Իրաք։
Այդ որոշումը ցույց է տալիս որոշակի լարվածության նվազեցում և կարևոր ազդակ է ներքին քաղաքական գործընթացների համար։ Հիշեցնենք, որ թուրք-քրդական կարգավորման գործընթացի մեկնարկի համար քայլեր էին կատարվել դեռևս 2024թ. հոկտեմբերից:
Հարկ է նշել, որ քրդական հարցի քաղաքական կարգավորման հարցում շարունակում է կարևոր և վճռորոշ դեր խաղալ PKK-ի հիմնադիր և գլխավոր գաղափարական առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։ Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։
Օջալանի ուղերձներում շեշտվում է, որ քրդական հարցի բոլոր կողմերը պետք է ընդգրկվեն «Հանրապետության իրավակարգում», և դրա համար անհրաժեշտ է ապահովել ուժեղ և վերահսկվող անցումային փուլ։ Նա նշել է նաև պատմական և սոցիոլոգիական ասպեկտների կարևորությունը, ճանաչել թուրք-քրդական հարաբերությունների «հազարամյա հիմնասյուները» և ամրապնդել միասնականությունը՝ միաժամանակ լուծելով արդի խնդիրները։
Թուրքիայի իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP- Գորշ գայլերի քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին, մեկնաբանելով Օջալանի ուղերձները, շեշտել է, որ PKK-ի հիմնադիր ղեկավարության կարծիքը և դիրքորոշումները պետք է հաշվի առնվեն, իսկ դատարկ բանավեճերը պետք է ավարտվեն։ Բահչելիի խոսքով՝ մեջլիսում ստեղծված հանձնաժողովից ընտրվող պատգամավորների այցը Իմրալի կղզի՝ Օջալանից ուղերձներ ստանալու համար, կարող է ամրապնդել գործընթացը, և MHP-ն պատրաստ է մասնակցել հանձնաժողովի աշխատանքին։
(Թուրք-քրդական երկխոսության վերականգնմանը նպաստող առաջին քայլերն արվել են Բահչելիի կողմից):

