Վստահել Ադրբեջանին արցախահայերի անվտանգությունը, նույնն է, թե Հիտլերին ժամանակին վստահեին հրեաների անվտանգությունը. Տաթև Հայրապետյան

Օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Արմենպրեսս» գործակալությանը տված հարցազրույցում նշել էր Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված, 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարությունները կտրուկ հակասում են Հայաստանի իշխանությունների հայտարարություններին ու դիրքորոշումներին: Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա որևէ առիթով այլևս չի խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում բազմաբնույթ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտում, Կոնգրեսում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում, սակայն այդ հանդիպումներին խոսք անգամ չի եղել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե այս իշխանությունը բացառո՞ւմ է Արցախը Ադրբեջանի կազմում և ի՞նչ դիրքորոշում ունի, ի վերջո, Արցախի կարգավիճակի վերաբերյալ, նշել է. «Մենք ասում ենք, որ առաջնայինն անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն է: Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն և իրավունքների պաշտպանություն: Հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը, և մենք հենց այս օրակարգով ենք գնում բանակցությունների»:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն Արցախի հարցի կարգավորման օրակարգից հանել է ազգերի ինքնորոշման կարևորագույն սկզբունքը և այն փոխարինել է «արցախահայության իրավունքներ» տերմինով:

«Ազգերի ինքնորոշման իրավունքից հրաժարումը՝ որպես արցախյան խնդրի կարգավորման կարևոր երեք սկզբունքներից մեկը, շատ ծանր հետևանքներ է ունենալու մեզ համար: Անկախ տվյալ պահին գործող իշխանությունից, պետության համար կան կենսական առաջնահերթություններ: Դրանցից մեկը Արցախի հարցում մեր դիրքորոշման ամրապնդումն է, մեր հետագա քայլերի կանոնակարգումը, այսինքն, որևէ իշխանություն երբևէ չի կարող իրեն իրավունք վերապահել Արցախի հարցում միանձնյա այնպիսի լուծում թելադրել, որը հակասում է հայ ժողովրդի կենսական և անվտանգային շահերին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը:

Նրա խոսքով, դա առաջին հերթին՝ հակասում է հենց իշխող ուժի ծրագրին, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պայքարելու են ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման և դրա հիման վրա արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, որովհետև Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ՝ հաշվի առնելով այն իրական գոյութենական վտանգները, որին դա կարող է հանգեցնել: Երկրորդ հերթին դա հակասում է մեր շահին՝ որպես պետություն, և երրորդը՝ ապրիլի 13-ի հայտնի ելույթում Փաշինյանը նշել էր, թե միջազգային հանրությունը մեզ կոչ է անում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը: Սակայն տարբեր դեսպանների, ներկայացուցիչների մեզ հղված տեքստերում նման կոչ չկա:

«Նիկոլ Փաշինյանը ստում է, որովհետև միջազգային հանրությունից նման պնդում չկա: Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում չկա անգամ հստակ ձևակերպված միջազգային հանրություն: ԱՄՆ-ից նման կոչ չկա, ՌԴ-ից՝ նույնպես: Բնական է, յուրաքանչյուր պետություն իր շահն ունի, բայց դրանով հանդերձ, եթե մենք կարողանանք փաստական հիմքի վրա ներկայացնել մեր շահերը մեր գործընկերներին, վստահ եմ, դա դրական արդյունք է տալու: Հետևաբար՝ միջազգային հանրության վրա այդ ամենը բարդել պետք չէ: Վաղը միգուցե ավելի նորմալ իշխանություն է գալիս և ստանձնում երկրի ղեկը, բայց նրա համար շատ դժվար է լինելու հետքայլերով փորձել հետ պտտել այս վտանգավոր խաղը: Սա մեծացնում է նաև Բաքվի ախորժակը, քանի որ այս իշխանությունից Բաքուն շատ մեծ ակնկալիքներ ունի, հետագայում իրավիճակն ավելի կբարդանա: Բաքուն վերցնելու է արցախցիների «իրավունքներ և անվտանգություն» թեզը, միջազգային ատյաններում խոստանա, որ ապահովի դրանք, ուստի, երբ մեր կողմից չկա շահերի ու առաջնահերթությունների հստակ ձևակերպում, երբ մենք հրաժարվում ենք հենց միջազգային հանրության ձևակերպած դրույթից, հետևանքները լինելու են աղետալի»,- նշեց Տաթև Հայրապետյանը:

Փորձագետը վստահ է, որ Քաղաքացիական պայմանագիրը պետք է պատասխան տա, թե ինչու է շեղվում իր ծրագրից, ինչու է խաբում իր ընտրողներին:

«Լիտվայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը շեշտում է, որ խաղաղությունը միակողմանի չի լինում, իսկ մենք քանի՞ ամիս է՝ նույն բանն ենք կրկնում, ես ինքս մի քանի անգամ ասել եմ Փաշինյանին, որ խաղաղությունն այդպես չեն կառուցում, կամ, որ Նիդեռլանդներում հայտարարում է, որ Արցախը պետք է Ադրբեջանին առանց հայերի, եթե կա այս գիտակցումը, ապա ինչո՞ւ պետք է հետքայլ կատարել մեր կենսական շահերից: Մենք իրավունք չունենք հանձնվելու, քանի դեռ վաղ փուլում է գտնվում հարցը, և քանի դեռ հնարավոր է կասեցնել այս ամենը»,- վստահեցնում է մեր զրուցակիցը:

Ադրբեջանագետը կարծում է, որ այս պահին պետք է հնարավորինս կասեցնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումները: Անգամ Միջազգային ճգնաժամային խումբն է հորդորել այս պահին սառեցնել հարցը, որովհետև երբ չկա լուծում, չի նշանակում, որ 5, 10 կամ 30 տարի հետո լուծումը չի գտնվելու: Հայաստանի օրվա իշխանությունը գործում է իշխանությունը պահելու տրամաբանությամբ: Բոլոր պետությունները կենսական հարցերում ունեն կարմիր գծեր, որոնք երբևէ չեն հատվում որևէ մեկի կողմից, հակառակ դեպքում անվտանգության ամբողջ համակարգը կարող է փլուզվել: Փաշինյանի կառավարությունը խախտում է մեր պետության հիմքում ընկած կենսական շահերը: Եթե նախընտրական շրջանում չհայտարարվեր զորքերի հայելային հետքաշման մասին, Ադրբեջանն էլ այդ տարածքները չէր հայտարարի վիճելի տարածքներ և չէր պահանջի սահմանագծում և սահմանազատում: Ամեն անգամ սխալ ու չհաշվարկված քայլը մեր պետության համար դառնում է նոր խնդիր:

«Պետք է կատարյալ անխելք կամ կույր լինել չհասկանալու համար, որ, եթե ցանկացած պահի Հայաստանի կառավարությունը ստորագրի որևէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս, մեր հայրենակիցներն այլևս այնտեղ չեն ապրի: Դա նույնն է, թե Հիտլերը ժամանակին հայտարարեր, որ կապահովի հրեաների անվտանգությունը»,- նշեց Տաթև Հայրապետյանը:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս