Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանը. հնարավոր ազդեցությունների գնահատման փորձ
Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը իր ուղղությամբ սևեռած ուկրաինական դրամատիկ զարգացումները ներառում են հակամարտության ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ճակատներ։ Բարեբախտաբար, ռուսական զորքերի ներխուժումը Ուկրաինայի տարածք գլոբալ «ապոկալիպտիկ» ռազմական բախման սցենարի չհանգեցրեց և դեռևս մնում է տարածաշրջանային թեժացման մակարդակում, փոխարենը այն հանգեցրեց ՌԴ-ի դեմ գլոբալ տնտեսական հակազդեցության՝ լրացուցիչ պատժամիջոցների տեսքով։ Ընդ որում, դրանք գումարվում են դեռևս 2014 թվականիցուկրաինական զարգացումների շրջանակում նախաձեռնված պատժամիջոցների փաթեթին, որը շարունակում է մնալ ուժի մեջ ևարդեն իսկ զգալի բացասական ազդեցություններ է ունեցել ՌԴ տնտեսության վրա։
ՌԴ-ն ՀՀ հիմնական առևտրային և տնտեսական գործընկերնէ, և նրա դեմ կիրառվող պատժամիջոցները անկասկած իրենց ազդեցությունները կունենան մեր երկրի վրա։ Գուցե դրանք կարող են նաև որոշ հնարավորություններ առաջացնել, սակայն բացասական ազդեցությունները հստակ են և փորձով ապացուցելի։ Ընդ որում, այդ փորձը հնարավորություն է տալիս նաև չափելի դարձնել ՌԴ-ում տնտեսական շոկի ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա, ինչը կփորձենք անել այս վերլուծական ակնարկում։
Ի՞նչ պատժամիջոցներ են սահմանվում ՌԴ նկատմամբ։
Առաջին պատժամիջոցների մասին հայտնեց Մեծ Բրիտանիայի վաչապետ Բորիս Ջոնսոնը՝մեկնաբանելով դրանք որպես«ամենամեծը պատմության մեջ»։ Համաձայն առկա տվյալների, ՄԹ կառավարությունը սառեցնում է ՎՏԲ-ի՝ ՌԴ մեծության երկրորդ բանկի բոլոր ակտիվները, ինչպես նաև տարբեր այլ անհատների և կազմակերպությունների միջոցներըիր երկրում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև «Աերոֆլոտ»-ի դեմ՝ զրկելով կազմակերպությանը թռիչքների լիցենզիայից, ինչպես նաևարգելվել է բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան։ ԱՄՆ-ի և Եվրոմիության հետ Մեծ Բրիտանիան շարունակում է աշխատել Ռուսաստանը համաշխարհային տնտեսությունից մեկուսացնելու և ռուսական էներգակիրներից կախումը թուլացնելու ուղղությամբ։
ԵՄ գագաթնաժողովում որոշվել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել, որոնք կազդեն ֆինանսական, էներգետիկ, տեխնոլոգիական և տրանսպորտային ոլորտների, վիզային քաղաքականության վրա։Փաթեթը կներառի ռուսական բանկային համակարգի 70%-ը և առանցքային պետական, այդ թվում՝ պաշտպանության ոլորտի ընկերություններին։ ԵՄ-ն արգելք կսահմանիռ ուսական ավիաընկերություններին բոլոր ինքնաթիռների և սարքավորումների վաճառքի վրա։
Ի լրումն դրանց, ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Հունաստանը, հայտարարել են, որ կաջակցեն Ռուսաստանի նկատմամբ SWIFT համաշխարհային վճարային համակարգի օգտագործման արգելք սահմանելու մասին, ինչը կարող է դառնալ կիրառված ամենակոշտ միջոցներից։
ԱՄՆ-ն պատժամիջոցների 4 ուղղություն է սահմանել, որոնք ուղղված են ֆինանսաբանկային համակարգին, ՌԴ պետական պարտքին, ռուսաստանյան էլիտային և նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև «Հյուսիսային հոսք-2» ծրագրին։ Բանկային համակարգի պատժամիջոցներ են սահմանվել Սբերբանկի, Գազպրոմբանկի, Սովկոմբանկի, Նովիկոմբանկի, «Открытия» բանկերի նկատմամբ, ԱՄՆ-ն արտահանման հսկողություն է սահմանում Ռուսաստանի պաշտպանական, օդատիեզերական և ծովային արդյունաբերության ոլորտներում։ Այն կազդի համակարգիչների, կիսահաղորդիչների, տեղեկատվական անվտանգության սարքավորումների վրա: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ պատժամիջոցների շրջանակներում սառեցվել են ռուսական շուրջ 1 տրիլիոն դոլար ակտիվներ ԱՄՆ-ում։
ՌԴ դեմ պատժամիջոցներին միանալու մասին հայտարարել են նաև Թայվանը, Ճապոնիան և Կանադան։ Վերջինիս պատժամիջոցների ցանկում ներառվել է 27 ֆինանսական հաստատությունների և հինգ ընկերությունների, այդ թվում՝ Սբերբանկը, ՎՏԲ-ն, Ռուսական երկաթուղիները, Գազպրոմը և Տրանսնեֆտը։Պատժամիջոցներ են սահմանվում Ռուսաստան այն ապրանքների արտահանման նկատմամբ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։
Պատժամիջոցների առաջնային և հնարավոր ազդեցությունները
Ուկրաինայում տեղի ունեցող դրամատիկ զարգացումները ցնցեցին համաշխարհային շուկաները՝ անկայունություն առաջացնելով ֆոնդային ինդեքսների մոտ և թանկացնելով նավթի գինը։ Պատմության մեջ ամենամեծ ցնցումը ունեցավ ռուսական ֆոնդային շուկան՝ շուրջ 10 օրվա ընթացքում կրելով մինչև 80% կորուստ։ Ռուսական ռուբլին մի պահ հասավ պատմական ամենացածր՝ 90 ռուբլի 1 դոլարի դիմաց մակարդակին, որից հետո ՌԴ կենտրոնական բանկի գործողությունների արդյունքում որոշ չափով կայունացավ։ Ամեն դեպքում, Ռուսաստանի նշանակալի տնտեսական բարձիկները կարճաժամկետում թույլ են տալիս կայունությունը երաշխավորել։
Մինչդեռ երկարաժամկետ ազդեցությունների դիմաց հակազդելու համար Ռուսաստանը առավել քիչ գործիքակազմ ունի։ Ըստ The Economist-ի վերլուծության, տեխնոլոգիական արտահանումների սահմանափակումները աստիճանաբար կհարվածեն երկրի տնտեսական աճին և մեծ անհարմարությունների կպատճառեն ռուս սպառողներին, իսկ ֆինանսական սահմանափակումները կհարվածեն անմիջապես՝ առաջացնելով կապիտալի արտահոսք և արտաքին ֆինանսավորման կանգ։ Ռուսաստանը կստանա, ճիշտ է՝ «ոչ մահացու», սակայն լուրջ հարված, իսկ առավել երկարաժամկետ հատվածում՝ կարագանա աշխարհի բաժանումը տնտեսական բլոկների՝ այս երկրին ավելի շատ ստիպելով հույսը դնել Չինաստանի հետ առևտրային և տնտեսական կապերի վրա։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյսոն Ֆյուրմանը ևս կարծում է, որ կարճաժամկետում ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները դրամատիկ ազդեցություններ չեն ունենա։Մինչդեռ, ըստ նրա, երկարաժամկետ հատվածում դրանց ազդեցությունները շատ ավելի ծանր կլինեն, քան 2014 թվականի պատժամիջոցներինը՝ քանի որ Ռուսաստանը կառանձնացվի միջազգային ֆինանսական համակարգից, որը չէր եղել նախկինում։
2014 թ.-ի պատժամիջոցների պատմությունից
Ռուսաստանը, իրականում, որոշ առումով արդեն հարմարվել է համաշխարհային տնտեսությունից աստիճանական մեկուսացմանը դեռ 2014թ․-ի պատժամիջոցներից սկսած, որոնք կրկին սահմանվել էին ԱՄՆ-ի առաջնադրությամբ՝ նաև ԵՄ երկրների և վերջիններիս գործընկեր մի շարք այլ երկրների կողմից։ Պատժամիջոցների նպատակը հենց մեկուսացման ճանապարհով Ռուսաստանին առավելագույն տնտեսական վնասներ հասցնելն էր։
Ռուսաստանը 2014-2016 թվականներին, իրոք, լուրջ տնտեսական ճգնաժամի բախվեց, քանի որ պատժամիջոցներին զուգորդվեց նաև էներգակիրների գների կտրուկ նվազումը։ Ահա թե ինչու, դժվար է տարանջատել այդ երկու գործոնների ազդեցությունները։ Այս հարցը բանավիճային է նաև փորձագիտական շրջանակներում․ երբ մի շարք փորձագետներ կարծում էին, որ ճգանաժամի հիմնական պատճառը պատժամիջոցներն են, մյուսները համարում էին, որ ճգնաժամը ավելի շատ պայմանավորված էր նավթի գների նվազմամբ։
Կարծում ենք, գնահատելու համար ՌԴ տնտեսության վրա պատժամիջոցների ունեցած ազդեցությունները, վերլուծության առավել երկար հորիզոն է պետք, որը թույլ կտա չեզոքացնել նավթի գնի գործոնը։ Ընդ որում, այդ ազդեցությունները հասկանալու համար պետք ընտրել է ուղենիշ, որի հետ կհամեմատենք ՌԴ տնտեսական աճը։ Այդպիսի արդյունավետ ուղենիշ է զարգացող եվրոպական երկրների տնտեսական աճի ցուցանիշը (ըստ ԱՄՀ դասակարգման, այդ խմբի մեջ է նաև ՌԴ-ն)։ Այսպես, գծապատկեր 1-ը ցույց է տալիս, որ 2000-2013 թվականներին տնտեսական աճի երկու ցուցանիշները գրեթե նույնական դինամիկա ունեն, մինչդեռ 2014 թվականից հետո սկսում են շեղվել։ 2014-2021 թվականներին ՌԴ տնտեսական աճը զարգացող եվրոպական երկրների տնտեսական աճից միջինում ավելի դանդաղ է եղել 1.4%-ային կետով, մինչդեռ 2000-2013 թվականներին գերազանցում էր 0.4%-ային կետով։ Կոպիտ հաշվարկով, 1.8%-ային կետի այս վատթարացումը ՌԴ համար հենց պատժամիջոցների կարճաժամկետ և միջնաժամկետ հետևանքն է։
Գծապատկեր 1. Տնտեսական աճը ՌԴ-ում և Զարգացող եվրոպական երկրների խմբում 2000-2021 թվականներին
Աղբյուրը՝ IMF, WEO October 2021
Ինչպիսի՞ ազդեցություն կունենան ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա
Հիմք ընդունելով ՌԴ տնտեսության վրա նախկին պատժամիջոցների ազդեցության գնահատականը, կարող ենք նաև հաշվարկել, թե ինչպիսի ազդեցություն կունենա նոր համանման շոկը ՀՀ տնտեսության վրա՝օգտվելով մեր կողմից նախկինում կատարված հետազոտությունից, որտեղ էկոնոմետրիկ գործիքակազմով գնահատվել են Հայաստանի համար կարևոր շոկերի, այդ թվում՝ ՌԴ-ի տնտեսական շոկի մակրոտնտեսական ազդեցությունները։ Ըստ մեր գնահատականների, ՌԴ տնտեսական աճի 1 միավոր ստանդարտ շեղմամբ (2.1%-ային կետ) նվազումը 3 տարվա հորիզոնում միջինում դանդաղեցնում է ՀՀ տնտեսական աճը 0.7, դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի արժևորումը՝ 2.6, անշարժ գույքի գների աճը՝ 3.4, արտահանման աճը՝ 4.6, բանկային վարկավորման աճը՝ 5, դրամական փոխանցումների աճը՝ 12, օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը՝ 40 տոկոսային կետով։ Դժվար չէ այս գնահատականների չափերը ճշգրտելշոկի չափի գնահատականներով։ Եթե ենթադրենք, որ նոր պատժամիջոցները նախորդ պատժամիջոցներին համադրելի ազդեցություն կունենան (1.8%–ային կետ տնտեսական աճ դանդաղում), կստանանք Հայաստանի վրա ազդեցությունների այնպիսի պատկեր, ինչպիսին տեսանելի է Գծապատկեր 2-ում։
Գծապատկեր 2. ՌԴ նկատմամբ 2014 թվականից կիրառված պատժամիջոցների միջին ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա պատժամիջոցներից հետո 3 տարվա հորիզոնում, %-ային կետով ավելի դանդաղ աճ
Աղբյուրը՝ հեղինակների գնահատականներ
Ինչպես կարելի է նկատել, շոկից ամենամեծ հարվածը կրում են օտարերկրյա ուղղակի ներդրումները և դեպի ՀՀ դրամական փոխանցումները, որոնց ամենամեծ աղբյուրը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնությունն է։ Զգալիորեն տուժում է նաև արտահանումը, ինչպես նաև վատթարանում է ընդհանուր տնտեսական միջավայրը, ինչը տեսանելի է վարկավորման և անշարժ գույքի գների զարգացումներում։ Շոկը հանգեցնում է նաև դրամի որոշակի արժեզրկման։ Այս զարգացումները բնականաբար դանդաղեցնում են նաև տնտեսական աճը՝ շոկի մեր ընտրած չափի դեպքում 0.6%-ային կետով։ Հիշեցնենք, որ այս գնահատականները 3 տարվա հորզիոնում միջին ազդեցություններին են վերաբերում, և կարող են ավելի մեծ լինել սկզբնապես՝ այնուհետև մեղմանալով։
Սակայն նկատենք, որ ազդեցությունների հաշվարկի համար ընտրված նախորդ պատժամիջոցների ազդեցության 1.8%-ային կետ չափը կարող է նույնիսկ թերագնահատված լինել։ Այսպես օրինակ, կան գնահատականներ, որ միայն SWIFT համակարգից ՌԴ անջատումը կարող է վերջինիս տնտեսության համար 5%-ի կորստի հանգեցնել՝ առաջացնելով կապիտալի արտահոսք և զգալիորեն դժվարացնելով արտաքին առևտուրը։ Ռուսաստանի արտաքին ակտիվների սառեցումը, արևմտյան տեխնոլոգիաներից մեկուսացումը,նաև ռուսական էներգակիրներից հնարավոր աստիճանական հրաժարումը ևս զգալի կորուստներ կպատճառեն ՌԴ տնտեսությանը։
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ կիրառվելիք պատժամիջոցների ցանկը դեռ հստակ չէ, և իրադարձությունները զարգանում են իրական ժամանակում։Այնուամենայնիվ այն, որ ՀՀ տնտեսությանը նոր արտաքին շոկ է մոտենում, արդեն տեսանելի է։ Եվ որքան ավելի լավ հասկանանք ու կանխատեսենք այդ շոկի բնույթը և չափերը, այնքան ավելի արդյունավետ կլինի գործողությունները պլանավորելը, արձագանքելը տեղի ունեցող զարգացումներին։ Միևնույն ժամանակ, այժմ առավել քան կարևոր է դառնում տնտեսական սպառնալիքների և խոցելիությունների մշտադիտարկումը, որի համար որոշակի գործիքակազմ էինք առաջարկել հապարարալված հետազոտության մեջ։
Հրապարակվել է՝ 27.02.2022թ.
«Ամբերդ» վերլուծական կենտրոն (https://asue.am/)
Նարեկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՊՏՀ ասպիրանտ
Հայկ ԲԵՋԱՆՅԱՆ,
Տ.Գ.Թ., ՀՊՏՀ դասախոս