«Հանրային ատելություն հրահրելը հակապետական դրսևորում է». Աննա Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ ԱԺ նիստերի դահլիճ վերադառնալու վերաբերյալ խմբակցությունը դեռևս վերջնական որոշում չունի. «Բայց մենք մեր աշխատանքները բնականոն հունով շարունակում ենք: Պատգամավորական գործունեության շրջանակներում որևէ գործառույթ չի տուժել՝ բացառությամբ նիստերին ներկայանալը: Մենք արդեն հնչեցրել ենք, թե որ պարագայում կվերադառնանք բնականոն աշխատանքի՝ նիստերի դահլիճ՝ երբ լինի քաղաքական օբյեկտիվ գնահատական և տրվեն երաշխիքներ, որ այլևս բռնության որևէ արարք չի դրսևորվի ԱԺ նիստերի դահլիճում: Ոչ մեկս մեզ չենք կարող ապահովագրված զգալ, որ, երբ ԱԺ ամբիոնից քննադատական տեքստ հնչեցվի, և բռնության արարք թույլ չի տրվի իշխանության կամ այլ խմբակցության պատգամավորի կողմից»:

Աննա Կոստանյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի դեմ իշխանության նախաձեռնած միջոցառումները բավականին ուշացած են. «Ի սկզբանե իշխանությունն այլ գնահատականներ էր տալիս կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, բոլորս էլ գիտենք, և առնվազն այս մասով մի փոքր ուշացած են միջոցառումները: Մենք բազմիցս մատնանշել ենք, թե որտեղ է կառավարությունը թերանում: Եթե կառավարության թերացումների մասին մատնանշումները չլինեն, ապա ինչպե՞ս կարող է իշխանությունը հասկանալ կամ ընկալել բոլոր այն խնդիրները, որոնք կան հասարակության մեջ»:

Հարցին՝ ի պաշտպանություն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի արված Ձեր գրառումից հետո ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է նաև Ձեզ՝ առաջարկելով «հարգարժան անծանոթուհուն», այսինքն՝ Ձեզ, նշանակել ՀԽ նախագահ։ Ավելի ուշ, այսպես ասած՝ պարզել էր, որ դուք պատգամավոր եք։ Հանրային խորհրդի նախագահի նման բառամթերքը ինչպե՞ս եք գնահատում, նա պատասխանեց.

«Բացասական՝ անկախ անձի ով լինելուց: Զուտ իր պաշտոնով պայմանավորված՝ պարոնը պետք է զերծ մնար նման բառամթերքի կիրառումից: Իր պաշտոնը ենթադրում է հանրային համերաշխության տարածում: ՀԽ նախագահը պետք է զերծ լինի նաև քաղաքական գնահատականներ տալուց: Ես չեմ կարող նեղանալ մի մարդուց, որը բովանդակային քննադատություն անելու փոխարեն՝ հղում է կատարում նախկին աշխատանքին՝ մատնանշելով, որ՝ օ՜, սույն անձը աշխատել է ռեստորանային մեծ ցանցի PR և մարքետինգի գծով պատասխանատու: Ցանկացած աշխատանք ինձ համար ընդունելի է, եթե մարդն իր քրտինքով է վաստակում, և առնվազն հղում անել, թե որ ոլորտից է եկել… ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, թե ԱԺ մյուս պատգամավորները որ ոլորտներից են եկել և ինչ աշխատանք են իրականացրել: Եվ առնվազն այս քննադատությունը համարում եմ նեղ դիտանկյունից քննադատություն:

Ցավում եմ, իհարկե, բնականաբար, չեմ սպասում նրա կողմից ներում հայցելու դրսևորման, որովհետև մոտավորապես 8-10 տարի առնվազն սոցիալական հարթակներում բազմիցս հանդիպել եմ տարբեր մարդկանց ուղղված նրա վիրավորանքներին: Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պետք է հիշի, որ ինքն առաջին հերթին՝ Հանրային խորհրդի նախագահ է և պաշտոնով կաշկանդված է՝ որքան էլ դա հասարակական հիմունքներով է»:

Պատգամավորը չգիտի՝ վարչապետն ինչու չի արձագանքում այս ամենին. «Իմ կարծիքով՝ հանրային ճնշման պարագայում պետք է արձագանքի, որովհետև նման երևույթներն ունեն մուլտիպլիկատիվ էֆեկտ: Այսինքն՝ հանրության մոտ նստվածք է մնում, որ, եթե բարձր մակարդակով նման խոսքեր են հնչում և մնում անպատժելի, ապա դա նորմալ երևույթ է, և ցանկացած մեկը ցանկացած պաշտոնյայի վերաբերյալ կարող է նման հայտարարություններ անել: Ի դեպ, սին հայտարարություններ, որովհետև մենք նաև տեսնում ենք, որ որոշակի ուժերի հետ համագործակցության մեղադրանքներ են հնչում թե՛ տիկին Էլիբեգովայի հասցեին, թե՛ մեր, բայց այդ հայտարարությունները մնում են չապացուցված: Խոսքի արժեքը նսեմացել է Հայաստանում. Ցանկացած ոք կարող է անել հայտարարություններ և դրանց համար պատասխանատվություն չկրել»:

Ատելության խոսքի տարածման հարցում, ըստ նրա՝ մեծ դեր ունեն նաև իշխանությունները. «Մենք հիմա տեսնում ենք տոտալ լռություն, քննադատության բացակայություն, որովհետև այդ խոսքերը հնչում են ընդդիմության ներկայացուցիչների հասցեին: Եթե մենք այսօր իշխանության մակարդակով որևէ միջոց չենք նախաձեռնում, սա մոտ ապագայում կարող է հանրային խժդժությունների առիթ հանդիսանալ: Հանրային ատելություն հրահրելը, առնվազն ինձ համար, հակապետական դրսևորում է»:

Տեսանյութեր

Լրահոս