Բաժիններ՝

Պետության կողմից միջամտություն, լրացուցիչ խոչընդոտների ստեղծում՝ արդեն մրցակցային, կայացած շուկայում․ Օնլայն տաքսիների ներկայացուցիչները՝ ոլորտին վերաբերող նոր նախագծի մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրենսդրական փաթեթով նախատեսում է կանոնակարգել մարդատար տաքսի ծառայությունների բնագավառի օրենսդրական բացերը, բարձրացնել ոլորտի վերահսկողության մակարդակը և սպասարկման որակը:

Տաքսի ծառայության ոլորտում լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար նախատեսվում է սահմանել տարեկան 100.000 դրամ:

Ոլորտի ներկայցուցիչներն ասում են՝ սա մի շարք բարդություններ է առաջացնելու։ Տաքսու վարորդները կամ պետք է գրանցվեն՝ որպես ԱՁ կամ ՍՊԸ, կատարեն համապատասխան վճարներ (միանվագ տարեկան 100․000 դրամ, ամսական՝ մինչև 11․000 դրամ՝ կախված հարկային ռեժիմից, ինչպես նաև՝ ամսական 9500 դրամ պետական տուրք Երևան քաղաքում տաքսի վարելու արտոնագրի համար) ու շարունակեն համագործակցել օնլայն տաքսի ծառայությունների հետ, կամ ստանալ անվճար լիցենզիա ու չաշխատել օնլայն հարթակների հետ։

Utaxi-ի ֆինանսական գծով տնօրեն Արևշատ Ղիասյանի փոխանցմամբ՝ մոտ երկու տարի առաջ Կառավարության կողմից աշխատանքային խումբ է ստեղծվել, որին միացել են նաև օնլայն տաքսիների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են հիմնավորումներ, կատարել  առաջարկներ։ Լսել են բոլորի՝ օնլայն և անհատ տաքսիների ներկայացուցիչների կարծիքները։

«Օնլայն տաքսիների նեկայացուցիչները՝ որպես շուկայի 80 տոկոսը սպասարկող, ավելի շատ տվյալների էին տիրապետում,  ուստի առաջարկվեց մաքսիմալ արդարացի ինչ-որ մի լուծում գտնել, որպեսզի կողմերից որևէ մեկը շատ չտուժի, ինչպես նաև ամեն ինչ հիմնված լինի հաշվարկի վրա։ Առաջարկվել է ընդհուպ մինչև որոշակի վերահսկողական մեխանիզմների հարցում ինֆորմացիա տրամադրել պետությանը՝ ոլորտը կարգավորելու, որակի բարձրացում ապահովելու և բոլորի համար հավասար հարկային դաշտ ստեղծելու համար։ Իսկ ներկայիս առաջարկը, կարելի է ասել, ընդհանրապես կապ չունի այն տարբերակների հետ, որ մենք քննարկել ենք։ Դա եղել է նախքան Տրանսպորտի նախարարության վերաձևավորումը։ Ներկա են եղել մի շարք բաժինների պետեր, ներկայացուցիչ ՊԵԿ-ից։ Այսինքն, օրինագծի հետ առնչվող բոլոր կառույցներից ներկայացուցիչներ եղել են»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Արևշատ Ղիասյանը։

Նա չկիսեց նաև անհատ տաքսիների շահերը պաշտպանողների այն դժգոհությունը, թե օնլայն տաքսիները «խփում են» իրենց գործին։

«Մեզ մոտ սովորաբար դժգոհ են այն պայմաններից, երբ մրցակցային իրավիճակում մրցակիցը հաղթող է դուրս գալիս, ու սա որակում են՝ որպես անարդարություն։ Անցած 10 տարիներին՝ մինչև օնլայն տաքսիների ի հայտ գալը, գոյություն ունեին փողոցում մեքենան կայանող անհատ վարորդներ, որոնց նկատմամբ ընդհանրապես ոչ մի վերահսկողություն չէր իրականացվում։ Գները բարձր էին, որակի մասին խոսելն էլ ավելորդ է։ 7-8 տարի առաջ առաջին օնլայն տաքսիները հայտնվեցին Հայաստանում, ու իրավիճակը սկսեց աստիճանաբար փոխվել։ Վերջին 5 տարում բավականին մեծ փոփոխություններ եղան, որի արդյունքում կարող ենք արձանագրել, որ կա որակի վերահսկողություն, որն իրականացնում են օնլայն տաքսի ծառայությունները, կա մրցակցային բավականին լայն դաշտ, որի արդյունքում գները նվազել են։ Դուք տեսե՞լ եք ոչ օնլայն տաքսի ծառայություն, որ որակի առումով վերահսկվի ինչ-որ մի համակարգի կողմից։  Բնականաբար, չկա։ Ու, եթե վերջին 8 տարիներին ինչ-որ փոփոխություններ եղել են, բնականաբար, այն իրականացվել է միայն օնլայն տաքսիների շնորհիվ։ Եվ, եթե մրցակցային պայմաններում ավելի ուժեղ, մրցունակ, ճկուն բիզնեսը հաղթում է, կարծում եմ, որ դա շատ նորմալ է»,- ընդգծեց Utaxi-ի ֆինանսական գծով տնօրենը։

Իսկ ներկայիս նախագիծը, նրա կարծիքով, այս ամենի հակառակն է։

«Մի կողմից՝ ողջունելի է, որ ուզում են որակը վերահսկել, բայց հստակ նշված չէ, թե ինչպիսի՞ մեխանիզմներով պետք է դա արվի։ Լիցենզիայի մասին օրենքը միշտ էլ եղել է, սակայն չի վերահսկվել և չի իրագործվել, որովհետև բոլորը միշտ պետք է լիցենզիա ունենային, այսինքն՝ դա նորություն չէ։ Վարորդի՝ բժշկական զննություն անցնելն էլ  կար, ուղղակի չի ապահովվել, ուստի միակ փոփոխությունը, որ տեսնում ենք նոր նախագծով՝ դա հարկային դաշտի փոփոխությունն է, այսինքն, պետության կողմից միջամտություն, լրացուցիչ խոչընդոտների ստեղծում՝ արդեն մրցակցային, կայացած շուկայում։

Ընդ որում՝ պայման է դրվում, որ, անհա՛տ վարորդ, եթե դու ուզում ես աշխատել օնլայն դիսպետչերական ծառայությունների հետ, պետք է լրացուցիչ և մի քանի անգամ ավելի հարկ վճարես։  Կարծում եմ, որ սա ոչ այլ ինչ է, քան տաքսի ծառայությունների, որոնք ըստ էության IT ընկերություններ են, գործունեությանը խոչընդոտելը, շուկայում ոչ մրցունակ դարձնելը՝ իր բոլոր հետևանքներով․ շուկայի փոքրացում, մինչև հիմա աշխատող վերահսկողական մեխանիզմների վերացում»,- մանրամասնեց Արևշատ Ղիասյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ եթե ֆիզիկական անձն օնլայնի հետ չի աշխատում, փողոցից պատվեր է վերցնում, դրա համար որակի վերահսկողության լուրջ փոփոխություններ նախատեսված չեն։

«Մեզ հետ աշխատող վարորդները, ովքեր իրականացնում են պատվերների 80 տոկոսը,  նրանց առջև կդրվի այլընտրանք՝ եթե ուզում է օնլայնի հետ աշխատել և նույն քանակությամբ եկամուտ ստանալ, պետք է վճարի լրացուցիչ հարկեր, գրանցվի՝ որպես ԱՁ կամ ՍՊԸ, փոխանցի հարկեր, ապահովի հաշվետվություններ, այսինքն՝ վճարի եկամտային հարկ, սոցվճար, պետական տուրք, լիցենզիայի գումար, կամ վերցնի այսինչ տիպի լիցենզիա՝ գրեթե մեծ մասի հարկերից ազատվի և աշխատի՝ որպես անհատ։ Այստեղ կլինի վարորդների երկու խումբ․ մի խումբը, որ բավականին մեծ քանակությամբ պատվեր է սպասարկում, ամբողջ օրը զբաղված է դրանով, և այն իր հիմնական գործն է, կնախընտրի հարկերը վճարել, մյուս խումբն էլ համատեղությամբ աշխատող վարորդներ են,  ովքեր անգամ պետական կառույցներում են աշխատում, սակայն իրենց եկամուտների պակաս լինելու պատճառով ստիպված են եկամտի երկրորդ աղբյուր ստեղծել իրենց համար։ Սա մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակն է։ Մարդիկ ստիպված են լրացուցիչ աշխատանք, եկամտի աղբյուր ստեղծել, որ կարողանան գոյատևել։ Այս մարդկանց արդեն ձեռնտու չեն լինելու լրացուցիչ պարտականությունները, հարկային մարմիններում գրանցվելը, և այլն։ Շատերի համար անգամ օրենքը կարգելի հարկայինում գրանցվելը, քանի որ քաղծառայողը չի կարող ձեռնարկատիրական  գործունեություն ծավալել։ Միգուցե կգտնվեն մարդիկ, ովքեր կհրաժարվեն պետական գործից ու կզբաղվեն մասնավոր բիզնեսով, տվյալ դեպքում՝ տաքսի ծառայությամբ»,- նշեց Utaxi-ի ֆինանսական գծով տնօրենը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում տաքսիների ոլորտում գների թանկացում լինի, Արևշատ Ղիասյանը պատասխանեց․

«Միանշանակ։ Գները մի քանի անգամ կթանկանան, իսկ որակը կընկնի։ Մենք տեսել ենք, թե մինչ օրս պետությունն ինչպես է այս երկար տարիների ընթացքում տաքսիների որակը վերահսկել, և տեսել ենք, թե դա ինչ է արվել օնլայն տաքսիների կողմից, ու ինչ արդյունք է եղել։ Եթե շուկան փոքրանա՝ միանշանակ վարորդների քանակը կպակասի, տաքսուց օգտվելու ցանկություն ունեցողներինը՝ ոչ, ու այս պարագայում առաջարկ-պահանջարկի օրենքի համաձայն՝ գները կբարձրանան՝ մինիմալը կկազմի 1000-1500 դրամ։

Մենք ժամանակին հիմնավորված առաջարկներ ենք արել, որոնց ընդունման դեպքում առաջին շահողը հենց հասարակությունը կլիներ, երկրորդը՝ պետությունը՝ բյուջեի մուտքերի ավելացման շնորհիվ։ Մենք առաջարկել ենք այնպիսի լուծում, որի դեպքում այն մարդիկ, որոնք որպես երկրորդ գործ են այս հնարավորությունն օգտագործում, իրենք չտուժեն, վճարեն համամասնորեն ստացած իրենց եկամտից։

Օնլայն տաքսիները պատրաստակամություն են հայտնել ամեն պատվերից որոշակի իքս գումար փոխանցել պետական բյուջե։ Այսինքն, սոցիալական արդարության սկզբունքը կպահպանվեր»։

Հարցին, թե անհատ տաքսիները խոսում են 1 կիլոմետրի համար միևնույն արժեքը սահմանելու մասին, նման բան հնարավո՞ր է, Utaxi-ի ֆինանսական գծով տնօրենն արձագանքեց հարցով՝ բոլորը կարո՞ղ են նույն որակի ծառայություն մատուցել։

«Օնլայն տաքսին ավելի որակով և էժան ծառայություն է մատուցում, իսկ իրենք մրցակցությանը չդիմանալով՝ առաջարկում են վերացնել մրցակցային կանոնները։ Առանց մրցակցության չի կարող ապահովվել ցածր գին և որակ։ Մենք կառավարությանն առաջարկել ենք ևս մեկ անգամ քննարկում կազմակերպել, բայց դեռևս պատասխան չենք ստացել։ Նոր նախագիծն ավելի մեծ սոցիալական հետևանքներ կարող է ունենալ,  քան օնլայն տաքսիների՝ բիզնեսի առումով տուժելն է։ Մեծ թվով մարդիկ կզրկվեն երկրորդային եկամտի աղբյուրներից»,- եզրափակեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ օնլայն տաքսիների դեպքում գոնե կա վարորդի, մեքենայի մասին տեղեկատվություն, անգամ կա բողոքելու հնարավորություն, քանի որ կարող են զանգահարել տվյալ ծառայություն՝ հայտնելով դժգոհությունը, ինչը չի կարելի ասել անհատ տաքսիների դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս