««Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն թանգարանի կառույցը, որքանն առայժմ առկա է, կառուցվել է հեղափոխությամբ հեռացված իշխանության ֆինանսավորմամբ». Դավիթ Մաթևոսյան
«2018-ի հեղափոխությունից անցել է ուղիղ ԵՐԿՈւ ՏԱՐԻ, 2019-ի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ մոտ խորհրդակցությունից` ԻՆԸ ԱՄԻՍ: «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն թանգարանի կառույցը` որքանը որ առայժմ առկա է` կառուցվել է հեղափոխությամբ հեռացված իշխանության ֆինանսավորմամբ»,- օրեր առաջ Ֆեյսբուքի իր էջում գրել էր «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն, կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը՝ անդրադառնալով «Հրանտ Մաթևոսյան» թանգարանի շինարարությունն ավարտին հասցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին:
Դավիթ Մաթևոսյանը գրառման մեջ ներկայացրել էր թանգարանի անավարտ շինարարության ոդիսականը՝ տեղի ունեցողը որակելով «սաբոտաժ».
«Անցած երկու տարվա ընթացքում անավարտ մնացած բազմամիլիոնանոց, կարևորագույն մշակութային կառույցի վրա ՀՀ նոր կառավարությունը ՉԻ ԾԱԽՍԵԼ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՓՈՂ (գոնե շենքը պահպանելու համար), չի շարունակել և ավարտին չի հասցրել շինարարությունը, չի ստեղծել ոչ պետական միջոցներից` հովանավորների, ֆոնդերի, բարերարների կողմից ներդրում անելու և այդ ծախսերը հոգալու պայմաններ: Նույնիսկ կառույցն առայսօր ՈՉ ՄԵԿԻ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՉԷ:
2019-ի սեպտեմբերի 18-ի խորհրդակցությանը Փաշինյանի տված մանրակրկիտ հանձնարարականն այս հարցում արագ և դրական փոփոխության պատրանք ստեղծեց. խորհրդակցությունն ու հանձնարարականը պարզապես անտեսված են առայսօր: Անցած ինն ամիսների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ քաղշինկոմիտեի և մնացած մարմինների իրարամերժ, հակասական, անարդյունավետ քայլերը Փաշինյանի հանձնարարականի մանրամասն ու հստակ շարադրանքի ՀԱԿԱՊԱՏԿԵՐՆ ԵՆ, իսկ մեզ ուղարկված պաշտոնական գրությունները՝ ապացույց, որ այդ հանձնարարականի տեքստը չեն հասկացել այդ մարդիկ, կամ չեն ուզել հասկանալ, կամ ասված է, որ չհասկանան:
ՍԱ ՍԱԲՈՏԱԺ Է, կամ եթե կուզեք` ԻՆՔՆԱՍԱԲՈՏԱԺ: Սրա հանգուցալուծումը Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի ձեռքում է: Սա իր պատվախնդրության հարցն է այլևս: Առավելագույնը ԵՐԿՈւ A4 ձևաչափի ԷՋ, վրան ՀՀ կառավարության հազիվ չորս րոպե տևող քննարկման շարադրանքը:
Հարգելի վարչապետ, պատրաստ եմ, առանց մեկնաբանության, պարզ համադրմամբ ՁԵԶ ներկայացնել ՁԵՐ իսկ մանրակրկիտ և էապես ճշգրիտ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ, ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆԸ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ինձ ուղարկած գրությունն, իբր` ի կատարումն Ձեր հանձնարարականի: Ստորև տեղադրում եմ: Տեսեք` վերջինը մյուս երկուսին որքանով է համապատասխանում…
Հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, խորհրդակցության վերջում ասել էիք` եթե արդյունքի չհանգեք` նորից պիտի ինձ մոտ գաք: ՉԵՆՔ ՀԱՆԳԵԼ: Քանի որ Ձեր հանձնարարականի տառին և ոգուն համապատասխան միայն համահեղինակներս ու ես ենք գործ արել և ստեղծել պրեզենտացիան, որը, պարզվեց, միայն հանրությանն էր պետք ու… թերևս Ձեզ, բայց ոչ խորհրդակցությանը ներկա Ձեր ենթականերին:
ԶԶՎԵԼ ԵՄ արդեն, բայց պատրաստ եմ ՍԻՐՈՎ, համահեղինակներիս հետ միասին ՁԵԶ ներկայացնել ՁԵՐ հանձնարարականի ոգուն ամենամանրամասն կերպով համահունչ այդ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆ, որ որևէ առաջին կամ երկրորդ դեմք զլացավ դիտել ու լսել:
Ամոթ է այսպես շարունակելը: Անպատիվ է»:
168.am-ի հետ զրույցում Դավիթ Մաթևոսյանը տեղեկացրեց՝ բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ որևէ պաշտոնական արձագանք չի եղել: Թեմայի առնչությամբ ինչ-որ լուրեր լսել է, բայց դրանք պաշտոնական համարել չի կարող:
Հարցին՝ արդյոք վարչապետը տեղյակ չէ՞՝ ինչ է կատարվում, Ձեր գրառման մեջ «սաբոտաժ» բառը ենթադրում է, որ պետական համակարգում վարչապետին ընդդիմացողնե՞ր կան, նա պատասխանեց.
«Ես չեմ կարող ասել. ինձ համար վիճակն այնքան անհեթեթ է:
Իրոք հասկանալի չէ՝ ինչպես կարելի է 9 ամիս շարունակ վարչապետի հանձնարարականը հավուր պատշաճի չկատարել, հանձնարարականի ոչ մի կետ: Լավ, եթե վերջին երկու-երեք ամիսը մենք կարող ենք խոսել Covid 19-ի մասին, բայց մինչ այդ՝ պետական գումարներով կառուցված շենքը որևէ մեկի բալանսի վրա չէ, որևէ մեկը շենքն ի պաշտոնե չի պաշտպանում, շենքը քայքայվում է:
Մենք հիմա մեր միջոցներով, մեզ չպատկանող և որևէ մեկին չպատկանող, այդպես էլ պետական գրանցում չստացած շենքի համար պահակ ենք կարգել և մի սենյակը ջեռուցում ենք, որ պահակը կարողանա այնտեղ բնակվել, ինչի համար ինչ-ինչ ծախսեր ենք կատարում (գազի սպասարկման համար, որը չենք օգտագործում, էլեկտրականության և շենքը պահպանելու համար մարդուն գումար ենք վճարում):
Այսինքն, եթե մենք հիմա նույնիսկ վիրուսի պատճառաբանությամբ ինչ-որ բաներ ասենք, որ արտակարգ իրավիճակ է, ժամանակը չէ, գոնե շենքի պահպանությունը (որպեսզի հետո վերանորոգման ծախսեր չավելանան այդ ամեն ինչին) կարո՞ղ էին հոգալ»:
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենը նկատեց, որ վարչապետն իսկապես շահագրգիռ և որակյալ հանձնարարական էր տվել, սակայն վերջինին արձագանքը եղել է ԿԳՄՍ նախարարությունից փետրվարի 1-ին ուղարկված «երկունախադասությունանոց թուղթը». «Այն ոչ ավել է, քան թուղթը»:
Հարցին, թե որոշ ժամանակ եղել եք այդ համակարգի ներկայացուցիչ, ներսից ծանոթ եք ապարատին, ըստ Ձեզ՝ ի՞նչ հնարավոր խնդիրներ կարող էին ձգձգել հարցի լուծումը, նա արձագանքեց.
«Համակարգի խաթարումներ եղել են, կան ու կլինեն: Նորմալ է՝ մարդկային գործոնը միշտ առկա է, բայց, համենայնդեպս, ոչ վարչապետի հանձնարարականը կատարողականի ժամկետներից ևս 5-6 ամիս ավելի ուշացնելը… ես իսկապես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում:
Եթե համակարգի՝ ինձ հայտնի պրոֆեսիոնալներին նկատի ունենք՝ միջին օղակը, նրանք բոլորը քաջատեղյակ են, բոլորը սրտացավ են և բոլորը ջատագովն են այս հարցի լուծման: Նույնը կարող եմ ասել ցանկացած ուրիշ գերատեսչության մասին՝ թե՛ քաղաքապետարանի, թե՛ԿԳՄՍ-ի, թե՛ Պետգույքի կառավարման վարչության:
Բոլորի մասին կարող եմ ասել, որ մեր այս տարիներ տևող խնդրին այդ մարդկանց մեծ մասը հիանալի իրազեկ է և շահագրգիռ, որ հարցը լուծվի:
Այստեղ խնդիրը, ինձ թվում է՝ շատ պարզ է, ընդամենը մեկ զանգով, մեկ բանավոր խոսակցությամբ հարցը կարող է 15 րոպեում լուծվել՝ առանց վերապահության. սա ասում եմ, այո՛, քաջ ծանոթ լինելով ապարատի աշխատանքին:
Ես սա չկամություն եմ համարում և համարում եմ ընդհանրապես աշխատաոճ չունենալու արդյունք, համենայնդեպս՝ վարչապետից և իր աշխատակազմից ներքև գտնվող շրջանակներում»:
Դ. Մաթևոսյանը նշեց՝ թանգարանի շենքը չսպասարկվելու պատճառով քայքայվում է, ինչը պետության համար հետագայում կրկնակի հոգս է լինելու. «Ֆինանս տնտեսելով, եթե սա ֆինանսների տնտեսում համարենք, իրենք ինչպիսի ծախսերի առաջ են վաղը կանգնելու, նույնպես հասկանալի չէ»: