Որոնք են իշխանության արտաքին քաղաքական ձեռքբերումները՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

168.am-ը վարչապետի այսօրվա հրավիրած առցանց ասուլիսին ուղղել էր հարց՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքականության և ունեցած ձեռքբերումների վերաբերյալ: Մեր հարցը և վարչապետի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:

– Դուք ԱԺ-ում կառավարության կատարողականը ներկայացնելիս հայտարարեցիք, որ Հայաստանում 0-ից արտաքին քաղաքականություն եք ստեղծում։ Արդյոք արտաքին քաղաքական ձեռքբերումներ չե՞ն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, տասնյակ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրումը։ Արդյոք չե՞ք կարծում, որ սխալ է նախկին բոլոր ձեռքբերումները զրոյացնելը, մանավանդ որ, Դուք դեռևս որևէ շոշափելի արտաքին քաղաքական ձեռքբերում չունեք։ Իսկ եթե ունեք, խնդրում ենք թվարկել դրանցից ամենակարևոր 3-ը։

– Ամենակարևորը ձեռքբերումները, օրինակ՝ Հայաստանը ճնշող մեծամասնությամբ ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ: Այս մարմնի կարևորությունն ընդգծելու համար ասեմ, որ այն համարվում է մարդու իրավունքների անվտանգության խորհուրդը: Այսինքն՝ մարդու իրավունքների ոլորտում ամենաբարձր միջազգային ատյանը:

Հաջորդը կարող եմ ասել, որ նույն Եվրամիությունը մեծացրել է Հայաստանին տրվող աջակցության ծավալները: Չինաստանի հետ մենք ստորագրել ենք վիզաների ազատականացման վերաբերյալ համաձայնագիր:

Հեղափոխությունից հետո չորս եվրոպական երկրներ Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում են կայացրել:

Եթե վերցնենք Հայոց ցեղասպանության ճանաչումը, ապա հեղափոխությունից հետո ԱՄՆ Սենատը և Կոնգրեսը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Իտալիայի խորհրդարանը: Պարզ է, որ այստեղ կան որոշակի աշխարհաքաղաքական կոնտեքստներ, բայց դրանք միշտ էլ եղել են, այսինքն՝ դա առաջին անգամ չէ:

Երբ ես խոսում եմ զրոյից արտաքին քաղաքականություն ստեղծելու մասին, ես չեմ ասում, որ նախկինում Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում ձեռքբերումներ չի ունեցել: Ես խոսում եմ այն մասին, որ մենք պետք է փոխենք մեր ընկալումը՝ որպես միջազգային սուբյեկտ, և պետք  փոխենք ուրիշների ընկալումը մեր նկատմամբ՝ որպես միջազգային սուբյեկտ:

Անկեղծ ուզում եմ ասել, որ այս երկու տարվա ընթացքում կարող եմ արձանագրել, որ այս առումով մեր կեցվածքի ավանդույթն ինձ դուրս չի գալիս: Այս մասով՝ այո՛, պետք է զրոյացնել ամեն ինչը և ամեն ինչ ստեղծել զրոյից, սրա հետ կապված՝ ես ԱԺ ամբիոնից տվել եմ պարզաբանումներ: Կարծում եմ՝ մեր երկրի նշաձողը պետք է փոխենք, պետք է փոխենք ուրիշների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և պետք է փոխենք մեր վերաբերմունքը Հայաստանի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի նկատմամբ:

Իհարկե, սա մեծ ու ծավալուն աշխատանք է, որը մենք պարտավոր ենք անելու, հակառակ դեպքում՝ մեր ռազմավարական նպատակներին չենք կարողանալու հասնել:

Տեսանյութեր

Լրահոս