Բաժիններ՝

Թեժ ընտրական տարի կրթության ոլորտում

Հետհեղափոխական շրջանում կրթության ոլորտի հիմնական զարգացումներից մեկը դպրոցների տնօրենների և բուհերի ռեկտորների ընտրության հետ էր կապված։ Տարիներ առաջ Հայաստանն անցավ դպրոցների և բուհերի ղեկավարներին ընտրելու մեխանիզմին։ Նախկինում այդ պաշտոնյաները նշանակվում էին։

Տպավորություն է, որ ժողովրդավարական այս մոտեցումը տարիներ շարունակ անխափան գործել է Հայաստանում։ Պատճառը ոչ թե այն էր, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր էր, այլ այն, որ ուսումնական հաստատությունների ղեկավարներն իրականում նշանակվել են, իսկ ընտրությունը ծառայել է՝ որպես նշանակումը վարագուրող գործընթաց։ Օրինակ՝ մարզպետարանում որոշվել է, թե ով պետք է դառնա դպրոցի տնօրեն, իսկ դպրոցի խորհրդի անդամներն իրենց քվեով վավերացրել են այդ նշանակումը։ Նույնը տեղի է ունեցել նաև բուհերի դեպքում։ Ճիշտ է, եղել են մրցակցային ընտրությունների մի քանի դեպքեր, բայց, ի վերջո, հաղթել է իշխանության թեկնածուն։ Այլ կերպ ասած, թղթի վրա ունեցել ենք ընտրությունների մեխանիզմ, բայց փաստացի այն չի գործել։

Նոր իշխանությունները հայտարարեցին, որ այսուհետ ուսումնական հաստատությունների ղեկավարների ընտրություններն անցնելու են առանց միջամտությունների և միջնորդությունների։ Հասկանալի է, որ միջնորդելը, կուրսեցի-գործընկեր-բարեկամ կապերը հաշվի առնելը հայկական մշակույթում չեն կարող միանգամից չեզոքանալ, քանի որ դրանք խորությամբ նստած են մեր հոգեբանության մեջ։

Այդուհանդերձ, փորձ արվեց ընտրության մեխանիզմը գործարկել։ Մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ առկա են բազմաթիվ խնդիրներ։ Մասնավորապես, եղան դեպքեր, երբ ընտրություններում առաջադրվեցին մեկական թեկնածուներ և միաձայն ընտրվեցին տնօրեն կամ ռեկտոր։ Եղան մրցակցային ընտրություններ, որոնցում հաղթեցին գործող ղեկավարները կամ նոր թեկնածուները։ Կան դեպքեր էլ, երբ այդպես էլ ղեկավար չընտրվեց՝ բավարար ձայներ չհավաքելու պատճառով։

Կարդացեք նաև

Սկսենք բուհերից։ Բուհերում առայժմ հաղթում են իշխանության թեկնածուները։ Իշխանության թեկնածու համարենք այն մարդուն, ում մինչև ընտրությունները նախարարը նշանակում է ռեկտորի պաշտոնակատար։ Ագրարային համալսարանում որպես ռեկտորի միակ թեկնածու առաջադրվեց Վարդան Ուռուտյանը, ով միաձայն ընտրվեց ռեկտոր։ Այստեղ որևէ խնդիր չառաջացավ, քանի որ Վարդան Ուռուտյանն ագրարային կրթության ոլորտում հաջողակ մենեջեր է։

Բացի այդ, բուհում հարուցվել է քրեական գործ, և գուցե այդ պատճառով հին կադրերից ոչ ոք չցանկացավ հավակնել ռեկտորի պաշտոնին։ Կոնսերվատորիայում նույնպես հաղթեց ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը։ Բայց այստեղ ռեկտորն ուներ մրցակից, ով բավարար ձայներ չհավաքեց։ Այլընտրանքային թեկնածուի առկայությունը կարելի է համարել առաջընթաց։ Հենց այլընտրանքային թեկնածու չլինելու պատճառով լարված անցան Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրությունները։ Այստեղ ևս հաղթեց իշխանության թեկնածու Լիլիթ Արզումանյանը, բայց եղան նաև դեմ քվեարկողներ, ինչը նույնպես պետք է գնահատել դրական քայլ։

Այդուհանդերձ, այս բուհում որոշ ուսանողներ մի քանի ժամ փակեցին բուհի դռները։ Այստեղ բացահայտ դրսևորվեց ընտրությունների հետ կապված մի կարծրատիպ։ Մարդկանց թվում է, որ, եթե իրենց թեկնածուն չի հաղթել, ուրեմն ամեն ինչ անարդար է, ուրեմն իզուր են հեղափոխություն արել։ Բայց Հայաստանում ապրող մարդիկ պետք է հասկանան, որ ժողովրդավարության դեպքում ամեն ինչ չէ, որ քո գծած սցենարով պիտի ընթանա։ Մենք պետք է սովորենք, որ կարող են ընտրվել ղեկավարներ, ովքեր իշխանության կամ մարդկանց որոշ խմբի սրտով չլինեն։

Ամենահետաքրքիրը Շիրակի պետական համալսարանի վիճակն է։ Այստեղ իշխանության թեկնածու չկա։ Պրոռեկտորը ժամանակավոր ստանձնել է ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները։ Գուցե այդ պատճառով մեծ թվով թեկնածուներ են առաջադրվում։ Օրինակ՝ վերջին անգամ 6 թեկնածու էր առաջադրվել, որոնցից 4-ն էին բավարարել ներկայացվող պահանջները։ Հայաստանի բարձրագույն կրթության պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ 6 մարդ ցանկանում է դառնալ բուհի ռեկտոր։ Իսկ 4 թեկնածուի մասնակցությամբ ընտրություն եղել է ընդամենը մեկ անգամ՝ ԵՊՀ-ում, 2006 թվականին։

ՇՊՀ-ում անցկացված երկու ընտրություններում էլ թեկնածուներից որևէ մեկը բավարար ձայներ չհավաքեց։ Այս դեպքում էլ առնչվում ենք ընտրության մեխանիզմի օբյեկտիվ թերություններից մեկի հետ. քանի որ չկա բավարար ձայներ հավաքող թեկնածու, բուհը մեկ տարուց ավելի գործում է առանց ռեկտորի։

Շատ ավելի խայտաբղետ պատկեր է դպրոցներում։ Բազմաթիվ դպրոցներում վերընտրվեցին գործող տնօրենները, մյուսներում գործող տնօրենները պարտվեցին։ Եղան դպրոցի տնօրենի հրաժարականի պահանջներ։ Եղան նախկին տնօրեններին պաշտպանելու ակցիաներ։ Այս շարքում ամենահետաքրքիրն Ավշար գյուղի դպրոցի դեպքն էր։ Այստեղ ընտրվել էր նոր տնօրեն, ով առանց հիմնավոր պատճառների՝ դպրոցի ուսմասվարին առաջարկել էր հրաժարականի դիմում գրել։ Կրքերը բորբոքվեցին, երբ պարզ դարձավ, որ ուսմասվարին պետք է փոխարիներ մարզպետի ազգականը։

Ավշարի դեպքը շատ կարևոր էր Հայաստանի դպրոցական կրթության պատմության մեջ։ Սա այն եզակի դեպքերից էր, երբ մանկավարժական կոլեկտիվը կարողացավ կադրային հարցում հասնել իր նպատակին։ Ուշագրավ էր նաև Չարենցավանի թիվ 3 դպրոցի պատմությունը։

Այստեղ գործող տնօրենը պարտություն էր կրել։ Դպրոցի կոլեկտիվն ու ծնողները համաձայն չէին այս որոշման հետ։ Բանը հասավ նրան, որ երկրի վարչապետն անձամբ այցելեց դպրոց և կարգավորեց հարցը։ Որոշ ժամանակ անց մամուլում լուր հրապարակվեց, որ նախկին տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել։

Այն կանխատեսումը, որ հեղափոխությունից հետո ծնողները և ուսուցիչները չեն պաշտպանի գործող տնօրեններին, չարդարացավ։ Դեպքերի մեծ մասում ծնողները և ուսուցիչները ցանկանում էին (հնարավոր է, որ լինում էին ուղղորդումներ), որ տնօրենը մնա, կամ էլ նոր տնօրենը չլինի այլ դպրոցից։ Նման դիրքորոշման պատճառը հասկանալի է։ Մարդիկ հարմարվել են ինչ-որ մեկին և վախենում են, որ նոր ղեկավարը կարող է ստեղծել անհարմարություններ։

Այսպիսով, արձանագրվեց աննախադեպ բուռն տարի։ Պարզ դարձավ, որ ընտրությունների մեխանիզմն ունի բազում բացեր, որոնք պետք է կարգավորվեն ոչ միայն իրավական մեխանիզմներով, այլև մարդկանց հոգեբանության և գործելակերպի փոփոխություններով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս