Ատոմակայանի անվտանգության հարցում մեր «վախը բռնվել է» դեռևս էներգետիկ ճգնաժամի տարիներից

Անցնող շաբաթն ատոմակայանային էր: Նախ՝ մարտի 12-ին Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծի համատեղ համակարգող կոմիտեի նիստն էր: Այս նիստում մեր կողմից համակարգողը նախկինում ՀՀ էներգետիկայի նախարարն էր, իսկ ռուսական կողմից՝ «Ռոսատոմ պետական կորպորացիայի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալը: Իսկ մարտի 20-ին «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում էին կազմակերպել «Ռոսատոմ-Արևելյան Եվրոպա» ընկերությունը և «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտը:

Այս քննարկումներից առաջ 2019թ. հունվարին վարչապետ Փաշինյանն էր միացել մեր հին ու նոր իշխանավորների խմբին՝ խոսելով Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի անհրաժեշտության մասին: Բայց նոր ատոմակայանի կառուցման ծրագիրը շարունակում է դոփել տեղում:

Հետաքրքիր տարբերություն կա: Արդեն մեկ-երկու տասնամյակ է՝ բոլորս գիտենք, որ պահի իշխանությունները նոր ատոմակայանի կառուցման ծրագիր ունեն, բայց այն չի «նյութականանում»: Իսկ 1966թ., երբ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը ՀԱԷԿ կառուցելու որոշում կայացրեց, այդ մասին Հայաստանում համարյա ոչ ոք տեղյակ չէր: 1969-ին էլ, երբ սկսվեց շինարարությունը, նույն վիճակն էր: Մեր ատոմակայանը բավական յուրօրինակ կենսագրություն ունի: 1-ին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976-ին, իսկ 2-րդը`

1980-ին: Մինչև հիմա էլ խորհրդային (ու նաև՝ հետխորհրդային) տեղեկատուներում կարելի է կարդալ, որ մեր ԱԷԿ-ն առանձնահատուկ է` աշխարհի սակավաթիվ ատոմակայաններից է, որի միջուկային ռեակտորը պողպատից կամ անագից պատրաստված պաշտպանիչ կառույց չունի: Հավանաբար, այս առանձնահատկությունը հիմք ընդունելով՝ 1989թ. փետրվարին դադարեցրեց 1-ին էներգաբլոկի, ապա՝ մարտ ամսին՝ նաև 2-րդ էներգաբլոկի շահագործումը՝ անվտանգության նկատառումներով: Հետո, էներգետիկ ճգնաժամի պարագային՝ 1993թ. որոշվեց այն վերագործարկել:

Երկու տարի հետո նոյեմբերին վերագործարկվեց, բնականաբար, 2-րդ էներգաբլոկը, որովհետև այն համեմատաբար ավելի թարմ էր ինժեներատեխնիկական տեսանկյունից: Այդ պահից սկսած՝ ԱԷԿ-ն արտադրում է մեր սպառած էլեկտրաէներգիայի մեկ երրորդից մինչև 40 տոկոսը: 1980թ. շահագործվող էներգաբլոկի տեխնիկական ռեսուրսը, ըստ նախագծի՝ 30 տարի էր: Ուստի 2015թ. հատուկ որոշումով շահագործման ժամկետները երկարացնելու ծրագիր ընդունվեց: Հենց այդ ծրագրի հերթական աշխատանքներն են քննարկվել մարտի 12-ի և 20-ի միջոցառումների ժամանակ:

Սովորաբար այս քննարկումների մասին քիչ բան է հայտնի դառնում: Հիմա, ըստ տարածած տեղեկատվության, շահագործման ժամկետների երկարացման ծրագրերի շրջանակում 1000 տոննան գերազանցող ընդհանուր քաշով սարքավորումներ են բերվել և տեղադրվել: Արդյունքում, ըստ ատոմակայանի տնօրինության՝ սպասված 2026թ. փոխարեն՝ ժամկետները կարելի է ավելի երկարաձգել:

Ավելին, հայտնի է, որ նախագծային 400 մեգավատտ հզորության էներգաբլոկը տարիներ շահագործվում էր 390 մեգավատտի չափով: Հիմա նշվում է, որ ԱԷԿ-ը հզորացվել է 10-15 տոկոսի չափով և 2020թ. հնարավոր կլինի շահագործել մինչև 420 մեգավատտ, իսկ 2012 թվականից՝ 450 մեգավատտ հզորությամբ: Այս ամենն այն դրական փոփոխություններն են, որոնց մասին պաշտոնապես հայտարարվել է:

Կարևոր ու դրական է նաև այն խոստումը, որ ատոմակայանը, չնայած իր ֆինանսական ծախսերին, չի «սանձազերծի» էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց և իր ծախսերը կհանի հենց շահագործման ժամկետների երկարաձգման հաշվին:

Բայց մեր ԱԷԿ-ի մասին հրապարակային քննարկումներում միշտ էլ «նրբանկատորեն» շրջանցվել է վերամշակված վառելիքի հետագա տնօրինման հարցը: Վերագործարկումից հետո հենց ատոմակայանի տարածքում կառուցվեց պահպանության հատուկ կառույց, ուր ժամանակավոր պահպանվում է արդեն օգտագործված միջուկային վառելիքը: Եթե չեմ սխալվում՝ այն շահագործման է հանձնվել 2000-2001թթ.:

Այսօր արդեն նուրբ ակնարկ կա այն մասին, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում միջուկային վառելիքի տեղափոխման մասին: Ակնարկն արվում է համարյա դիվանագիտական «դատարկաբանության» մակարդակում:

Խոսվում է, որ տեղափոխման մեկանգամյա ծրագիրը նոր հնարավորություն կբացի ատոմակայանի հետագա շահագործման հարցում: Հանուն անկեղծության՝ պիտի ասել, որ ատոմակայանի անվտանգության հարցում մեր «վախը բռնվել է» դեռևս էներգետիկ ճգնաժամի տարիներից: Պետք է նաև ավելացնել, որ այդ «վախը բռնելու» գործում իրենց լուրջ դերակատարությունն ունեն մեր էներգետիկները:

Ի վերջո, նրանց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել երկրի էներգետիկ համակարգը: Առանց չարախնդալու պիտի հիշեցնեմ անցած տարվա էներգետիկ կոլապսներն Ադրբեջանում:

Տեսանյութեր

Լրահոս