Պայքար` կալանավորների ձայների համար

ԱԺ-ում քիչ առաջ մի հետաքրքիր զրույց տեղի ունեցավ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջև:

Թովմասյանը մասնակցում էր ԱԺ եվրաինտեգրման և մարդու իրավունքների հանձնաժողովների կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին նվիրված քրակատարողական հիմնարկներում և ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարաններում տիրող իրավիճակին:

Արդարադատության նախարարը հանդես եկավ ելույթով և ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը և սյդ ոլորտում ապագա անելիքները:

Ելույթից հետո Նաիրա Զոհրաբյանը հարցրեց նախարար Թովմասյանին, թե արդյոք ինքը ճի՞շտ հասկացավ, որ քրեակատարողան հիմնարկներում կալանավորների ինքնախեղման դեպքերը նախարարը շարունակում է համարել շատ սովորական`«բանտային ռիտուալի մի մաս»:

Կարդացեք նաև

Հրայր Թովմասյանը սկսեց բացատրել, որ ինքնախեղման դեպքերը որևէ մեկի համար չեն կարող սովորական լինել, բայց նաև նշեց, որ ինքն ընդամենն ասել է, որ կան մարդիկ, ում համար բերան կարելն արդեն սովորական է դարձել, քանի որ նրանք արդեն 13-14 անգամ են կարում իրենց բերանները, և այդ անցքերի տեղերը արդեն կան:

Այդ ժամանակ Նաիրա Զոհրաբյանը փորձեց միջամտել՝ ասելով, որ դա չափազանց մտահոգիչ երևույթ է, որին հետևեց Հրայր Թովմասյանի՝ արդեն քաղաքական բնույթի մեկնաբանությունը, ըստ որի՝ երբ իր խոսքը կոնտեքստից կտրում և ներկայացնում է որևէ լրագրող՝ դա իր համար անընդունելի, բայց հասկանալի է, բայց երբ դա անում է քաղաքական ամբիցիաներ ունեցող խորհրդարանական ուժի ներկայացուցիչը՝ դա  ընդհարապես անհասկանալի է:

«Ձեզ համար հետաքրքիր չէ հարցի պատասխանը, հետաքրքիր է հարցը հնչեցնելը»,-հայտարարեց Հրայր Թովմասյանը:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կան բազմաթիվ խնդիրներ, և դրա մասին առավել մանրամասն հայտնի է հատկապես նրանց, ովքեր ազգականներ և մտերիմներ ունեն այդ հիմնարկներում:

Բանտային ծանր պայմանները և այդ համակարգում տիրող կոռուպցիան առավել ծանր են դարձնում կալանավորների վիճակը: Հայաստանում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ կալանավորի հետ հավասար և գուցե ավելի շատ պատիժ են կրում նրա ընտանիքի անդամները, քանի որ ստիպված են իրենց սուղ միջոցները ծախսել «նեղության մեջ» գտնվող իրենց ազգականի համար՝ հնարավորինս լավ պայմաններ ապահովելու համար:

Ինչո՞ւ ենք սրա մասին գրում: Այն քաղաքական գործիչները, ովքեր խոսում են կալանավորների իրավունքների մասին, հասկանում են, որ թեև կալանավորները զրկված են ձայնի իրավունքից, և չեն մասնակցում քվեարկություններին, նրանց տեսակետը կարող է բավական ազդեցիկ լինել ընտրությունների ժամանակ:

Չորս հազար կալանավորի հետևում կանգնած են 40 հազար և գուցե ավելի կալանավորի ընտանիքի անդամներ, հարազատներ և ընկերներ: Այն քաղաքական գործիչները, ովքեր այցելում են նրանց, փորձում են հասկանալ նրանց խնդիրները, և բարձրաձայնում են այդ խնդիրների լուծման անհրաժեշտության մասին, բնականաբար, կարող են ակնկալել կալանավորների շրջապատի քաղաքական աջակցությունը:

Այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ լուծվեցին մի քանի կոնկրետ խնդիրներ: Օրինակ՝ այն, որ կալանավորներն իրավունք ունենան իրենց ազգականների հետ շփվել Skipe-ի միջոցով:

Հայաստանում վաղաժամկետ-պայմանական ազատազրկվածների տոկոսը բավական ցածր է. 5 տոկոս, մինչդեռ, ինչպես ասում է արդարադատության նախարարը, Կանադայում այդ թիվը հասնում է 50-60 տոկոսի: Արդարադատության նախարարն ընդունեց, որ կալանավորները պետք է ունենան լավ վարք դրսևորելու ստիմուլ, այսինքն՝ կալանավորը պետք է իմանա, որ եթե ինքը կալանավայրում լավ վարք է դրսևորում, ապա դրա դիմաց ինքը կարող է ավելի շուտ դուրս գալ քրեակատարողական հաստատությունից:

Նախարարը հավաստիացրեց, որ ինքը փորձելու է լուծել վաղաժամկետ պայմանական ազատ արձակման դյուրացման հարցը:

Նաիրա Զոհրաբյանը հավաստիացնում է, որ ինքը գնալու է մինչև վերջ, շարունակելու է հանդիպումները մյուս քրեակատարողական հիմնարկների կալանավորների հետ, և հասնելու է նրանց հուզող խնդիրների լուծմանը: Հնարավոր է, որ սրա մեջ ոչ մի քաղաքական շարժառիթ էլ չկա: Բայց չմոռանանք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններում կշեռքի նժարը թեքվեց Իվանիշվիլիի կողմը, երբ նախընտրական շրջանում ի հայտ եկավ Գլդանի բանտում քրեկատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կալանավորների նվաստացման դեպքերը բացահայտող տեսաերիզը:

Իսկ ԲՀԿ-ական շրջանակները սիրում են կրկնել, որ Վրաստանի դեպքերը պետք է կրկնել Հայաստանում:

Իհարկե, իշխանությունն էլ այլ կերպ է փորձում օգտագործել կալանավորներին: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք ստույգ տեղեկություններ ունեն, որ ընտրություններից առաջ կալանավորներին ազատ են արձակելու, որ նրանք աշխատեն իշխանության օգտին, և խորհուրդ տվեց Նաիրա Զոհրաբյանին հետևողական լինել այս հարցում:

 

Տեսանյութեր

Լրահոս