Պոլիտեխնիկի ամբողջ գիտատեխնոլոգիական ներուժը կներկայացվի եռօրյա գիտաժողովում
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գիտական խորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի համալսարանի տարեկան գիտաժողովը, որն իր բնույթով համալսարանի գիտական համայնքի ձեռքբերումների և տեխնոլոգիական նվաճումների մասին յուրատեսակ հաշվետվություն է:
Եռօրյա գիտաժողովի 250 զեկուցումներում կենտրոնացած է համալսարանի ողջ գիտատեխնոլոգիական ներուժը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:
Գիտաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ասպիրանտներին, մագիստրանտներին և ուսանողներին գիտական զեկուցման ձևով ներկայացնելու իրենց կողմից կատարված գիտական մշակումները, նախագծերը, կազմակերպել համապատասխան քննարկումներ և լավագույն աշխատանքները ներկայացնել հրատարակման` նպաստելով հանրապետությունում և հատկապես մեր համալսարանում իրականացվող գիտական գործունեության առաջընթացին:
ՀՊՃՀ-ի տարեկան այս գիտաժողովը նորագույն տեխնոլոգիաների ներկայացման և գիտական արդյունքների ամփոփման տեսանկյունից կարևոր իրադարձություն է ոչ միայն ճարտարագիտական կրթության կյանքում, այլև հանրապետության գիտական ամբողջ համայնքում:
Առաջին լիագումար նիստում «Հայ գրքի տպագրության սկզբնավորումը և հնատիպ գրքի երկարաժամկետ պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքների վիճակը Հայաստանում» բովանդակալից զեկույցով հանդես կգա Հանրային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
Տեղեկացնենք, որ գիտաժողովն անցկացվում է դեռևս 1996-ից: Այս տարի հերթական 17-րդն է, ընդ որում, գիտաժողովի նյութերի հրատարակումն իրականացվում է 1998-ից: