«Ժառանգության» փոխնախագահ. Ազատագրված տարածքներն են մինչև հիմա պաշտպանել խաղաղությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մայիսի 7-ի ելույթը, ինչպես նաև այդ առնչությամբ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը քննարկումների դարձան մամուլում և հասարակական-քաղաքական շրջանակներում: Դեսպան Ուորլիքը, ով նախապես հայտարարել էր, որ Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ներկայացնելու է ԼՂ-ի հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը, իր հայտարարության մեջ առանձնացրեց «վեց տարրեր», որոնք, իր խոսքերով, «պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի»:

«Առաջին` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Կարդացեք նաև

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- մասնավորապես նշել է Ջեյմս Ուորլիքը:

Ջոն Հեֆերնը, իր հերթին մեկնաբանելով Ջեյմս Ուորլիքին, Թվիթերի իր միկլոբլոգում գրել էր, թե Ուորլիքի ելույթը վերաբերում է ադրբեջանցի փախստականների հարցին և Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներին, և ավելացրել. «Լեռնային Ղարաբաղի շրջակա օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ»:

«Ժառանգություն» Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով նշված հայտարարությունները, ասաց, որ Ուորլիքի հայտարարության մի շարք կետեր ընդունելի չեն իր համար: Մեր զրուցակիցն առանձնացրեց Հայաստանի և ԼՂ-ի միջև միջանցքի, ինչպես նաև ԼՂ-ում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին կետերը:
«Ներկայումս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը, ցավոք սրտի, միայն մեր զինված ուժերն են, երկրում մեր քաղաքացիների ներկայությունը և մեր դիրքերի առավելությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ջոն Հեֆերնի` «օկուպացված տարածքների» վերադարձի մասին դրույթին, Արմեն Մարտիրոսյանն նշեց, որ այդտեղ նույնիսկ քննարկելու խնդիր չկա, և ինքը, բնականաբար, դեմ է այդպիսի զարգացմանը. «Անվտանգության համար ազատագրված տարածքները, բնականաբար, շատ կարևոր դերակատարություն ունեն: Էլ չեմ խոսում Քելբաջարի մասին, որն, ըստ էության, ողջ թիկունքն է ապահովում: Այստեղ քննարկելու խնդիր էլ չկա, և հենց դա է, որ մինչև հիմա պաշտպանել է խաղաղությունը: Մեր հայրենակիցների զրկանքների, մեր ազատամարտիկների արյան գնով ազատագրված տարածքների ռազմավարական դիրքն է, որ մեզ հնարավորություն է տալիս նվազ ռեսուրսներով խաղաղություն ապահովել: Այդ առումով, իհարկե, մեր դիրքորոշումը չի փոխվել»:

Միաժամանակ Արմեն Մարտիրոսյանն ավելացրեց, որ դրական է համարում այն փաստը, որ դեսպան Ուորլիքն ընդգծում է բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը, իր խոսքերով` «Լեռնային Ղարաբաղը դիտում է որպես առանձին միավոր»:

«Այս հայտարարությունը նաև որոշակի ուղերձ էր առ այն, որ տարածաշրջանում որևէ մեկի կողմից ստատուս-քվոն փոփոխելու ցանկությունը չի իրականանա, որովհետև վերջին շրջանում Ռուսաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ, վերջինիս անընդհատ զենք, նույնիսկ տեխնոլոգիաներ վաճառելը բարդ իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար: Բայց, իմ կարծիքով, այս հայտարարությամբ հենց Հայաստանի համար է շահեկան իրավիճակ ստեղծվում, որ համանախագահների ինստիտուտն, ըստ էության, մեկը մյուսին է հակակշռում և թույլ չի տալիս, որ որևէ մեկը անջատ ինչ-որ գործողություն իրականացնի տարածաշրջանում»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս