Ալկոհոլային խմիչքների շշերի վրա QR կոդի զետեղումը պարտադիր կդառնա Վրաստանում
Ալկոհոլային խմիչքների շշերի վրա QR կոդի տպումը դառնում է պարտադիր` ըստ «Որթատունկի և գինու մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների, որոնք Վրաստանի խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Զուրաբ Էզուգբաիայի պարզաբանմամբ՝ օրենսդրական նախաձեռնությամբ փոխվում է «փոքր չափի մառան» տերմինի սահմանումը, և գինու ձեռնարկության տարեկան արտադրողականությունը 40 հազար լիտրից նվազում է մինչև 25 հազար լիտր:
Օրենքում ավելացել է նոր տերմին՝ «ալկոհոլային խմիչքի մակնշում»: Զուրաբ Էզուգբաիայի խոսքով՝ այս տերմինը սահմանվում է որպես ալկոհոլային խմիչքի պիտակի, տարայի կամ փաթեթավորման վրա Գինու ազգային գործակալության տրված նշանի՝ QR կոդի զետեղում:
Փոփոխությունների համաձայն՝ պարտադիր է դառնում Վրաստանում արտադրված տեղանունների պահպանվող անվանումով ալկոհոլային խմիչքների, նաև արտահանման և տեղական շուկայի համար նախատեսված բոլոր կատեգորիաների գինիների օրգանոլեպտիկ (զգայորոշման) ստուգումը:
Հատկանշական է, որ այս պահանջը չի տարածվի այն բնական գինիների վրա, որոնք կարտադրվեն փոքր չափի մառաններում: Վաճառքի համար նախատեսված սերտիֆիկացված ալկոհոլային խմիչքների մակնշումը կլինի պարտադիր:
Մակնշումն իրականացնելու է Գինու ազգային գործակալությունը՝ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի սահմանած կարգով:
Ըստ Զուրաբ Էզուգբաիայի` նախարարը պետք է մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը հրաման արձակի «Ալկոհոլային խմիչքների մակնշման կարգի և ձևի հաստատման մասին» և ապահովի համապատասխան նորմատիվ ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին:
Վրաստանի կառավարությունը նաև պետք է մինչև 2027 թվականի փետրվարի 1-ն ապահովի վաճառքի համար նախատեսված սերտիֆիկացված ալկոհոլային խմիչքների մակնշման վճարի սահմանումը:



