Զենքի վաճառք՝ բանտարկյալների դիմաց. «Atlantic Council»-ի փորձագետներն առաջարկում են ԱՄՆ-Ադրբեջան «մեծ գործարք» կնքել
ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը պետք է «մեծ գործարք» առաջարկի Ադրբեջանին, որը նախատեսում է Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումների վերացում՝ Բաքվի կողմից տասնյակ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց։
Նման կարծիք են հայտնել «Atlantic Council» ամերիկյան ուղեղային կենտրոնի վերլուծաբանները՝ հրապարակելով «Ժամանակն է ԱՄՆ-Ադրբեջան «մեծ գործարքի»» վերտառությամբ հոդվածը։
«Atlantic Council»-ի փորձագետները կարծում են, որ փոփոխությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններում, Հայաստանի առաջիկա ընտրությունները և վերջնական խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունն ավելի հավանական կդարձնեն նման գործարքի հաջողությունը։
Նշվում է, թե այդ գործարքին հասնելու ջանքերը պետք է հիմնվեն այն մոդելի վրա, որը Սպիտակ տունը կիրառել է Բելառուսի հետ բանակցություններում, որն ազատ է արձակել ավելի քան հինգ հարյուր քաղբանտարկյալների։ Ավելի պարզ ասած՝ «Atlantic Council»-ի վերլուծաբանների առաջարկը քաղաքական առևտուրն է Բաքվի հետ։
«Սակարկելով թիրախային պատժամիջոցների մեղմացումը Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց՝ Սպիտակ տունն օգնել է ազատել ավելի քան 500 մարդու անարդար գերությունից։ Նմանատիպ գործարքն Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում մեծ օգուտներ կբերի՝ շատ ավելի քիչ ռիսկերով»,- գրում են հեղինակները։
Նշվում է, որ այս «մեծ գործարքն» Ադրբեջանում կյանքի կոչելու համար Թրամփի վարչակազմը պետք է աշխատի Կոնգրեսի հետ, քանի որ զենքի վաճառքի սահմանափակումը հանելու համար անհրաժեշտ է չեղարկել 1992-ին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ ենթաբաժինը, որն առավել հայտնի է՝ որպես 907-րդ բանաձև։
«Այս «մեծ գործարքն» Ադրբեջանում կյանքի կոչելու համար Թրամփի վարչակազմը պետք է աշխատի Կոնգրեսի հետ՝ առաջարկելով չեղարկել զենքի վաճառքի սահմանափակումը Բաքվին՝ անարդարացիորեն բանտարկված անհատներին ազատ արձակելու դիմաց։ Սա հազվագյուտ պահ է երկկուսակցական փոխշահավետ որոշման համար և համեմատաբար քիչ ծախսատար մի ճանապարհ՝ ամրապնդելու Միացյալ Նահանգների հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ սահմանակցող կարևոր ռազմավարական էներգետիկ և տրանսպորտային գործընկերոջ հետ: Ճիշտ պահն ընտրելու դեպքում Հայաստանը ևս կարող է աջակցել այս նախաձեռնությանը, եթե քաղբանտարկյալների ազատ արձակումը ներառի ներկայումս Ադրբեջանում պահվող հայերին»,- նշվում է հոդվածում։
«Atlantic Council»-ի փորձագետները հաջորդիվ ներկայացրել են իրենց առաջարկներն այն մասին, թե «ինչ անել 907-րդ բանաձևի հետ» և «ինչպիսի հաջորդականությամբ կառուցել» Ադրբեջանի հետ առաջարկված համաձայնագիրը։ Այս համատեքստում նրանք հավելել են, որ փոխվում են հարաբերությունները Վաշինգտոնի, Բաքվի և Երևանի միջև, իսկ փետրվար ամսին Հայաստանը և Ադրբեջանն «արժանացան ԱՄՆ աննախադեպ ուշադրության», երբ այս երկրներ այցելեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



