44-օրյա պատերազմին առնչվող կարևոր հարցեր, որոնք ռազմական գնահատական են պահանջում. Ի՞նչ պետք է արվեր ընտրապայքարից առաջ և ինչ չպետք է արվի հիմա
Նախընտրական այս շրջանում, ինչպես և սպասելի էր, քաղաքական ուժերի համար օրակարգային է բանակի թեման, որի շուրջ բանավեճերն աչքի չեն ընկնում պրոֆեսիոնալիզմով, մեղմ ասած, եթե չասենք՝ ՀՀ զինված ուժերին առնչվող հեռակա բանավեճերն իջեցվում են կենցաղային մակարդակի: Առաջիկայում կանդրադառնանք ԱԺ ընտրություններին մասնակից առաջատար ուժերի անվտանգային ծրագրերին:
Իսկ մինչ այդ նշենք, որ 44-օրյա պատերազմում մեր պարտության պատճառները ևս ներքաղաքական պայքարում չեն շրջանցվում և՛ իշխանությունների, և՛ ընդդիմադիր ուժերի կողմից: Հարցն այն է, որ այստեղ ևս որոշ դրվագների հետ կապված դիտարկումները երբեմն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, այսինքն՝ գնահատականները բացառապես քաղաքական են: Եվ հենց սրա համար ենք պնդում, որ թույլատրելի սահմանում պետք է 44-օրյայի ռազմական նախկին ղեկավարությունը ժամանակին հրապարակային պատասխաներ մի քանի առանցքային հարցի: Ժամանակին, քանի որ նախընտրական շրջանում դրանք կարող էին քաղաքական շահարկումների առիթ դառնալ կամ օգտագործվել միմյանց դեմ քաղաքական հակառակորդների կողմից:
Կամ՝ առնվազն նախքան այս՝ թույլատրելի հատվածում հանրայնացվեին 44-օրյայի զեկույցի առանցքային հարցերին վերաբերող դրվագները, եթե, իհարկե, դրանք տեղ են գտել այդտեղ:
Մասնավորապես, կարևոր հարց է՝ արդյո՞ք համապատասխան մարմինների, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կամ ՀՀ պաշտպանության նախարարության ձեռքի տակ հաշվարկ կամ վիճակագրություն կա, թե 44-օրյա պատերազմում հայկական կողմի վիրավորումներն ու զոհերն ինչ զինատեսակի կիրառման արդյունքում են եղել, այսինքն՝ դրանց քանի տոկոսն է բաժին ընկնում ԱԹՍ-ի հարվածներին, քանիսը՝ հրետանահրթիռային համակարգերի և այսպես շարունակ: Սա առաջին:
Երկրորդ, պատերազմում պարտության պատճառների համատեքստում ևս տարբեր տեսակետներ ենք լսում, այդ թվում՝ այս կամ սպառազինության լինել-չլինելու կամ դրանց անպիտան լինելու հետ կապված:
Ընդ որում, այսօրինակ պնդումներ եղել են և՛ իշխանությունից՝ ի դեմս ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հարցերի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, և՛ ընդդիմադիր տարբեր շրջանակներից:
Ուստի հարկ է ռազմական գնահատական լսել՝ 44-օրյա պատերազմում պարտության մեջ որքան է սպառազինության, զենք-զինամթերքի հետ կապված խնդրի մասնաբաժինը, և սպառազինական առումով ո՞րն էր Ադրբեջանի առավելությունը, արդյո՞ք իրականում դրանք «Բայրաքթարներն» էին, թե՞ հեռահար և բարձր ճշգրտությամբ հրթիռներն ու համակարգերը:
Ինչու չէ՝ ինչ խնդիր էր լուծելու «Իսկանդերը», եթե ճիշտ տեղում և ժամանակին կիրառվեր, ինչ խնդիր էին լուծելու ընդամենը 4 միավոր Սու-30-երը, եթե բոլոր «ստրիբուտները» գնվեին, և՛ ինչ մարտական խնդիր են լուծել պատերազմի ժամանակ, իսկ դա եղել է:
Նշենք, որ երեկ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է. «Մենք ինքներս էլ ենք ասել, որ հասցրել ենք ինքնաթիռները ձեռք բերել, բայց հրթիռները, մարտագլխիկները՝ ոչ, և պետք է ձեռք բերենք էդ կտորը»:
Հավելենք, որ 2018 թվականին Փաշինյանի ընտանեկան թերթը «Սու-30. քայլ դեպի «սանձահարման» դոկտրին» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, մասնավորապես, նշվում է.
«Առավել ակնառու օրինակն «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի ձեռքբերումն էր: Հասկանալի է, սակայն, որ այն չի օգտագործվելու հնարավոր պատերազմի առաջին իսկ օրվանից: Այն մի կողմից՝ զսպող դեր է կատարում, իսկ ակտիվ գործողությունների պարագայում իր վրա է վերցնելու անբարենպաստ իրավիճակի բալանսավորման կամ որոշիչ հարվածի դերակատարումը:
Մարտավարական առումով ավելի ճկուն են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): ArmHiTec-2018 ցուցահանդեսի ընթացքում ցուցադրված հայկական արտադրության ԱԹՍ-ները, այդ թվում՝ մարտական ԱԹՍ-ները հնարավոր լայնածավալ գործողությունների ընթացքում ակտիվորեն օգտագործվելու են: Սակայն դրանց առկայությունը բավարար չէ կանխարգելիչ հարվածների տրամաբանությունից բխող օդային գերակայություն ապահովելու համար:
Այդ բացը լրացնելու համար անհրաժեշտ պայման է՝ կործանիչ, իսկ կատարելության ձգտող պարագայում՝ բազմաֆունկցիոնալ հզոր օդուժի առկայությունը… Հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց մի լուսանկար, որում նա գտնվում էր ռուսական Су-30СМ կործանիչի օդաչուի խցիկում: Ռուսական Су-30-ն ամերիկյան F-35-ից մի քանի անգամ ավելի էժան է, համապատասխանում է մեր օդաչուների մինչ օրս ստացած մասնագիտական պատրաստության տրամաբանությանը, և, ինչը ոչ պակաս կարևոր է, քաղաքական խնդիրներ չի առաջացնի: Տեխնիկական տվյալներով այն ևս բավարարում է հնարավոր մարտական գործողություններում անհրաժեշտ պահանջներին:
Այս կործանիչի ամենակարևոր տարբերությունն իր նախորդներից նրանում է, որ այն կարող է օպերատիվ-մարտավարական խորությունում գտնվող վերգետնյա կարևոր թիրախներ խոցել: Տեխնիկական տվյալները թույլ են տալիս զինվել 100 կմ և ավելի հեռահարություն ունեցող հրթիռներով: Այսինքն, պայմանականորեն, գտնվելով ՀՀ օդային տարածքում՝ կործանիչն ի զորու է կարևոր թիրախներ խոցել Ադրբեջանի տարածքում:
Այս ինքնաթիռների մեկ էսկադրիլիան, իսկ հենց այդ քանակությունն է, ըստ «Կոմերսանտի», նշված պայմանագրի մեջ, կարող է լուրջ փոփոխության ենթարկել ուժերի հարաբերակցությունը: Ռազմավարական առումով այս կործանիչները կշարունակեն զսպող դեր խաղալ, սակայն, ի տարբերություն «Իսկանդերի», գործածելի կլինեն հնարավոր ռազմական գործողությունների բոլոր փուլերում: Իսկ հակառակորդի համանման ինքնաթիռների գերազանցող քանակի պարագայում կիրառության արդյունավետությունը կախված է լինելու օդաչուների հմտությունից և պատրաստվածությունից: Ընդհանուր առմամբ, Су-30-երի առկայությունն ամբողջովին չի լուծի զսպման և կանխարգելման խնդիրը: Խնդիրը կարող է լուծվել միայն համալիր գործողությունների արդյունքում, որոնց ընդամենը մի մասն է գտնվում ռազմական պատրաստության տիրույթում»:
168.am-ը գրել է, որ 44-օրյայի զեկույցին կցվել է նաև Սու-30-ների հետ կապված Անդրանիկ Քոչարյանի մի քանի էջանոց նամակ-վերլուծությունը, որը նա ներկայացրել էր Փաշինյանին, և ինչի մասին հիշատակվել էր նաև քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցաքննության ժամանակ:
Ի դեպ, մի առիթով մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Սու-երի դերը: Բայց կործանիչի շուրջ շատ են նաև շահարկումները, ինչպես ժամանակին դա եղել է «Իսկանդերի» դեպքում: Իհարկե, այս կամ այն զինատեսակի հետ կապված մասնագիտական կարծիքները կարող են բախվել, բայց եթե դրանք մասնագիտական են, իսկ տվյալ դեպքում, ինչպես նշեցինք, մեզ այլ հարց է հետաքրքրում՝ ինչպես էր դա ազդելու 44-օրյայի ելքի վրա, եթե գնված լինեն անհրաժեշտ կարևոր «ատրիբուտները», և ինչ հարց է լուծել այն՝ առանց դրանց կիրառվելով:
Երրորդ, պակաս կարևոր հարց է նաև 44-օրյա պատերազմի ելքի վրա ազդեցության ապահովման առումով Նիկոլ Փաշինյանի օրոք կատարված կադրային նշանակումները կամ դրանց թեկնածուների ընտրությունը ՀՀ զինված ուժերում և ՊԲ-ում, որի մասին բազմիցս գրել ենք: Բնականաբար, առանցքային հարցերն այսքանով չեն ավարտվում, որոնց մասին ևս գրել ենք՝ դա վերաբերում է և՛ «համար մեկ պատրաստության» հրաման տալուն, և՛ առաջին բանակային կորպուսի զորամասերի կրճատմանը, և՛ օրենսդրության պահանջների կատարմանը և լիազորությունների ճշգրիտ և օրինական բաշխմանն ու կատարմանը և այլն:
Այսինքն, տոկոսային հարաբերությամբ պետք է հստակ ասվի՝ 44-օրյայում պարտության մեջ որքա՞ն է քաղաքական ղեկավարության մասնաբաժինը, որքան՝ ռազմական ղեկավարության ու բանակինը, և եթե՝ բանակն ինչ-որ խնդիր չի կատարել, դրանում որքա՞ն է քաղաքական ղեկավարության մեղավորությունը, որքան՝ ռազմական ղեկավարությանն ու հրամանատարությանը:
Սրանք ռազմական գնահատական պահանջող հարցեր են, որոնց չի կարելի մոտենալ զուտ քաղաքական պրիզմայով, մինչդեռ տեսնում ենք ճիշտ հակառակը, և այս դեպքում բացառվում է դասեր քաղելը:
Այս դեպքում հնարավոր չէ նաև բացառել քաղաքական շահարկումները, եթե հրապարակային չեն տրվում վերը նշված հարցերի հստակ պատասխանները: Մյուս կողմից, իշխանությունները կամ պատկան մարմինները խուսափում են հստակ ասել՝ պատերազմում դասալքության դեպքերի քանի՞ տոկոսն է բաժին ընկնում կանոնավոր բանակին, և քանի՞սը՝ պահեստազորին, կամավորական ջոկատներն, և քանի՞սն՝ այլ կառույցներին: Ավելին, պատերազմից 6 տարի անց հրապարակված չէ զոհերի անվանացանկը, ասել, որ այս պահին հայտնի պաշտոնական թիվը (3833 անձ) կարող է փոխվել, այնքան էլ լուրջ հիմնավորում չէ, հատկապես, երբ հրապարակված չէ նաև 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի զոհերի անվանացանկը և ոչ միայն՝ այս մարտերի:
Ի դեպ, 2025 թվականի նոյեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի արդյունքում «անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»:
Բայց այս տարվա մարտին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին պատասխանելով՝ հայտնել էր.
«Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ»:
Նշենք, որ 2020 թվականի պատերազմում ադրբեջանական կողմից անհայտ է համարվում 6 անձ: Ինչ վերաբերում է զոհերին, ապա 2021 թվականի հունվարի դրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես իրենց զոհերի պաշտոնական թիվ, նշել է 2855, 2021 թվականի մայիսին Բաքվի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ զոհերի թիվը դարձել է 2895, 2025 թվականին ադրբեջանական զոհերի թիվը հայտարարվել է՝ ավելի քան 2900:
Ավելի ուշ Ալիևն ասել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմիև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի «հակաահաբեկչական» գործողությունների ժամանակ միասին վերցրած՝ ավելի քան 3000 զոհ է տվել Ադրբեջանը: Չի բացառվում, որ Ադրբեջանի իշխանությունները 44-օրյա պատերազմում իրենց զոհերի իրական թիվը թաքցնում են: Դեռ չենք խոսում պատերազմում սիրիացի վարձկանների և թուրք զինվորների շրջանում զոհերի մասին:
Վերադառնանք հայաստանյան նախընտրական ընտրապայքար, և հավելենք, որ բանակի մարտունակության հարցում սպառազինությունը գործոններից մեկն է, այսինքն՝ կան նաև անհրաժեշտ այլ գործոններ: Հետո՝ բանակի մասին դատում են լոկալ կամ պատերազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած արդյունքներով (նաև՝ պետության մասին), մնացածը քաղաքական մեկնաբանության հարց է:



