ՄՈՒՖԹԱ ԲՐԵԼՈԿ. Տիգրան Պասկևիչյան
Հայ բանաստեղծ, լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՄՈՒՖԹԱ ԲՐԵԼՈԿ
Սփյուռքահայ մի բարեկամ ունեի, ծանոթացել էինք գործի բերումով։ Հաճախ էր գալիս Հայաստան։ Ամեն անգամ զանգում էր. «Պարոն Դիքրան, քեզի ե՞րբ կըրնամ տեսնել, նվեր մը ունիմ հանձնելիք»։
Պայմանավորվում, հանդիպում էինք։ Գրպանից մի բրելոկ էր հանում. «Ասի քեզի, շատ գեղեցիկ փան է, վրան, կտեսնե՞ս, գրված է՝ Santa Barbara»։ Առաջին անգամ, անկեղծ ասեմ, շատ զգացված էի։ Մարդը ոչ միայն հիշում է քեզ, այլեւ մտածում հաճելի մի բան անելու մասին՝ ժամանակ ծախսելով դրա վրա։
Հաջորդ անգամները նույն ձեւով նա նորից զանգահարում էր ու հանդիպման ժամանակ նվիրում հերթական բրելոկը։ Մինչեւ մի օր ինքս մեկնեցի Ամերիկա ու ցանցային մոլերից մեկից գնումներ կատարելիս նկատեցի դրամարկղի մոտ դրված բրելոկներով լեցուն արկղիկներ։
-Ի՞նչ արժի,-հարցրի։
Վաճառողուհին իրանահայ կին էր, զարմացավ ու մի բուռ լցրեց տոպրակիս մեջ։
Վերադարձա Երեւան, բրելոկները նվիրեցի ընկերներիս։
Նրանցից մեկն անկեղծորեն զայրացավ. «Արա, էս ի՜նչ ա, որ սրան փող ես տվել»։
Վերադարձա Երեւան, բրելոկները նվիրեցի ընկերներիս։
Նրանցից մեկն անկեղծորեն զայրացավ. «Արա, էս ի՜նչ ա, որ սրան փող ես տվել»։
-Փող չեմ տվել,-ասացի,- խանութներում ձրի տալիս են։
-Մուֆթա՞… Ուրեմն ճիշտ ա, էլի, որ կարգին երկիր ա էդ Ամերիկան, բա խի՞ չմնացիր։
-Մնայի, ի՞նչ անեի։
-Էդ մուֆթա բրելոկները կհավաքեիր, կուղարկեիր Հայաստան, ծախելու գործն իմ վրա, երկուսիս էլ մի բան կհասներ։
-Լավ միտք ա,-ասացի,-մի հատ էլ որ գնամ, կմտածեմ։
Անցան տասնամյակներ։ Հայաստանը կորցրեց Արցախը։ Կորցրեց հինգ հազար ջահել կյանքեր։ Կորցրեց պատիվն ու դիմադրողականությունը։ Հիմա մեկը մեզ մուֆթա բրելոկներ է ծախում՝ նշված կորուստների գնով։ Իսկ նախկին ընկերս վաղուց ապրում է Ամերիկայում ու, ոնց վերջերս աչքովս ընկավ ՖԲ-ում, ԷԴՄԵԿ-ական է։
Մուֆթա բրելոկի գործը, փաստորեն, կպել ա» ։



